Սմարթֆոնն ավելի բարակ է և թեթև իր նախորդ սերունդներից՝ 7.6մմ հաստություն և 112 գրամ քաշ: Apple-ի փոխնախագահ Ֆիլ Շիլլերի խոսքով սմարթֆոնի կորպուսը «պատրաստված է ապակուց և ալյումինից»: iPhone 5-ն ունի 4 դյույմ անկյունագծով Retina էկրան՝ 1136×640 կետայնությամբ:
Մի շարք ծրագրեր, որոնց թվում են օրացույցը, iWork փաթեթը և GarageBand-ը վերանախագծվելու են նոր էկրանի չափսերի համապատասխան: Մնացյալ ծրագրերում անկյունային մասերը սև են լինելու: Ի տարբերություն iPhone 4S-ի, նոր սերունդը համատեղելի է LTE ցանցի հետ, ընդ որում ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա:
iPhone 5-ն աշխատում է A6 պրոցեսորով: Շիլլերի խոսքով, այն ի տարբերություն նախորդ A5-ի, երկու անգամ ավելի արագագործ է: Սմարթֆոնը սպասման ռեժիմում կարող է առանց լիցքավորման աշխատել 225 ժամ, տեսանյութի դիտման ռեժիմում՝ 10 ժամ, իսկ զրույցի կամ 3G-ին միացված լինելու ռեժիմում՝ 8 ժամ:
iPhone 5-ի Ֆոտոխցիկը 8մպ է: Նոր ֆունկցիան ֆոտոխցիկի պանորամիկ լուսանկարներ ստանալու հնարավորությունն է: Սմարթֆոնի նորույթն է նոր միակցիչը՝ Lightning անվանմամբ: iPhone 5-ն աշխատում է iOS 6 օպերացիոն համակարգով:
Այն կթողարկվի երկու գույնով՝ սև և սպիտակ և երեք տարբերակով՝ 16Գբ, 32Գբ և 64Գբ:
ԱՄՆ-ում iPhone 5-ը կվաճառվի 199-ից 399 դոլար՝ կապի օպերատորին բաժանորդագրության դեպքում: Ընկերությունը հայտնեց, որ դադարեցնում է iPhone 3GS-ի վաճառքը և իջեցնում է iPhone 4-ի և iPhone 4S-ի արժեքը: iPhone 5-ի նախնական պատվերները կմեկնարկեն վաղը՝ սեպտեմբերի 14-ին, իսկ վաճառքը ԱՄՆ-ում և ևս 8 երկրներում կմեկնարկի սեպտեմբերի 21-ին: iPhone 5-ը վաճառվելու է 100 երկրներում՝ 240 օպերատորների միջոցով: