Ապրել, այնուհետև անել այն, ինչ երազում ես, այքան էլ հեշտ գործ չէ, և չկա ոչ մի երաշխիք, որ կստացվի: Սակայն այն, ինչ կասեմ, միգուցե և կիրառելով՝ հնարավոր է հասնել արդյունքի, քանի որ այսքան տարիների ընթացքում համոզվել եմ գրածներիս ճշմարտացիության մեջ: Ներկայացնեմ մի փոքրիկ հատված: Ուրեմն՝
1. Արդյո՞ք այն, ինչ անում եք, ճիշտ է:
Ահավոր ծանր է, երբ մարդը գիտակցում է, որ իր երազանքին չի հասնելու, բայց ոչինչ չի ձեռնարկում որևէ բան փոխելու համար: Ես, օրինակ, ինձ զրկել եմ ապահովությունից, բայց ընտրել եմ երազանք տանող անորոշ ու ռիսկային ճանապարհը, քանի որ հաճույքը հենց դրա մեջ է: Այո, բոլորը դեմ են եղել, բայց ինձ համար նշանակություն չունի, կյանքն իմն է: Եվ հիշեք, որքան շուտ անեք, այնքան ավելի շատ ժամանակ կունենաք երազանքին հասնելու համար, եթե երազանք ունեք իհարկե:
2. Շրջապատող մարդիկ Ձեր ոգին կարող են հեշտությամբ կոտրել:
Այո, անգամ ամենաուժեղ ու ամենադրական մարդուն շրջապատը կարող է կոտրել, եթե նրանք կազմված են բացասական մտածող մարդկանցից: Որքան հնարավոր է՝ խուսափեք նման մարդկանցից, օրինակ՝ ես շատ ընկերներ ունեմ, որոնք իմ քայլերի հանդեպ եթե սկսում են բացասական արտահայտվել, շփումս նվազեցնում եմ, քանի որ գիտեմ՝ արդյունքի հասնում եմ դրական միջավայրում: Որքան էլ որ թանկ լինի ընկերությունը, բայց մարդու մտածելակերպն ինձ համար ամենակարևոր պայմաններից մեկն է:
3. Հարմարավետությունը ամենամեծ խոչընդոտն է երազանքին հասնելու համար:
Եթե ետ նայեք Ձեր կյանքին, ապա Ձեր մտածածը չի իրականացել, որովհետև ձգտել եք հարմարավետության: Մի խաբեք Ձեզ, իրականությունը դաժան է, բանակում ծառայելիս ես մտածում էի, որ վերջացնելուց հետո միանգամից աշխատանքի կընդունվեմ, քանի որ ծառայել եմ հայրենիքիս և այլ իդեալական մտքեր, բայց երբ եկա, բոլորն ասում էին՝ փորձ չունես, չենք կարող ընդունել: Ի դեպ, ես շնորհակալ եմ ինձ մերժող բոլոր ընկերություններին, որ մերժել են և իրենց միջավայրում չեն սպանել երազանքներս: Դուրս եկեք այդ հարմարավետությունից ու մի վախեցեք փորձությունից, հաճույքը հենց անորոշության ու խնդիրներ լուծելու մեջ է, այլ ոչ թե տանը նստած Ֆեյսբուքում ստատուս կարդալու կամ էլ մեկնաբանություն գրելու կամ էլ ուշադիր հետևելու, թե քանի ընկեր է հավանելու Ձեր քիչ առաջ գցած սելֆին, որն, ըստ Ձեզ, հավաքելու է 321 հավանում նվազագույնը:
Մի միլիարդատերի հարցնում են, թե ինչու է նա օրվա մեջ աշխատում 12-14 ժամ: Նա պատասխանում է, որ իր համար պահանջվել է 15 տարվա աշխատանք, որ հասկանա մի պարզ երևույթ. մեր հասարակությունում աշխատում են 8 ժամ 1 օրում, որ կարողանան ապրել, սակայն 8 ժամից ավելի աշխատանքն ուղիղ ներդրում է դեպի ապագա: Ոչ ոք չի կարող նվազագույն գործով հասնել առավելագույն արդյունքի, մինչև անտրտունջ չչարչարվեք: Իսկ ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ հաշվում են ուրբաթ օրն ու ժամը 18.00-ը՝ աշխատանքը վերջացնելու համար: Ահա հարմարավետության արդյունքը:
4. Դուք չեք կարող փոխել այն, ինչի համար չկա պայքար:
Եթե ինչ-որ փոփոխություն եք ուզում, ապա նստած չեք հասնի, եթե ջանք չկա: Եթե ինչ-որ նոր քայլ եք ցանկանում անել, ապա մի վախեցեք, ապրելու իմաստն էլ ինչու՞մն է, եթե վախենալու եք: Ոչինչ, թող չստացվի, բայց փորձեք, ինքնավստահությունը փորձելուց է ավելանում: Ընկերություն է եղել, որ աշխատելիս իմ ոչ մի գաղափարն արդյունք չի տվել, բայց դրանով իմ ինքնավստահությունն էլ ավելի է մեծացել, քանի որ փորձել եմ: Նրանք, ովքեր համարձակություն ունեն անհաջողության մատնվելու, կարող են մեծ նվաճումների հասնել:
Միգուցե 11-րդ փորձը հաջողություն բերի, քանի որ բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքում անհաջողության են մատնվել, այն մարդիկ են, ովքեր չեն հասկացել, թե ինչքան մոտիկ են եղել հաջողությանն այն ժամանակ, երբ հանձնվել են:
5. Մենք անընդհատ ընտրում ենք:
Շուրջս շատ կոտրված մարդիկ եմ տեսել, միայն այն բանի համար, որ սխալ ընտրություն են կատարել: Այսինքն եթե սխալ եք ընտրել, ուրեմն դադարու՞մ է կյանքը: Ոչ ոք արժանի չէ ու ոչ մի խնդիր չարժե այդքան մտորումներ պատճառելու համար: Ես ասում եմ այս խոսքերը, քանի որ անցել եմ այդ փուլերից յուրաքանչյուրով ու գիտեմ, որ սխալ ընտրությունն անխուսափելի է, վաղ թե ուշ բոլորն անցնում են դրա միջով: Եթե հաշվեմ իմ ընտրած քայլերը կամ մարդիկ, ապա 10-ից 9-ը եղել է սխալ ընտրություն, այնպես որ, կարծում եմ, դեռ Դուք ավելի լավ վիճակում եք: Մի վախեցեք սխալվելուց, քանի որ հաջորդ անգամ այդ սխալն էլ չեք կրկնի:
6. Հասնելու միակ ուղին գործելու մեջ է:
Եթե անկեղծ լինեմ, ապա ես երեք բիզնես եմ սկսել ու մատնվել անհաջողության տարբեր պատճառներով: 2010 թվականից իմ սենյակում փակցված էր 1.000.000 թիվը, որը վերջերս հանեցի, քանի որ 4-րդ սկսածս գործն արդեն իր արդյունքները տվեց: Այնպես որ, մի վախեցեք գործելուց, եթե 30 անգամ էլ չստացվի, միևնույնն է, ես 31-րդը փորձելու եմ, քանի որ ձեռնոց նետել ու անելը ինձ համար հաճելի է: Այդ զգացումները, մրցակիցներին հետևելը, նրանցից առաջ անցնելը, որոշումներ կայացնելը, չքնելը, հոգնածությունից մեքենայում կամ ճանապարհի նստարանին քնելը, կորստի վախը, եկամտի հաշվելու կիրքը ոչնչի հետ փոխել հնարավոր չէ: Բարոյական նորմերն ու անձնական կյանքը թողնենք մի կողմ, քանի որ այստեղ ես ներկայացնում եմ բիզնեսի տեսանկյունից: Չեմ թաքցնում, բիզնեսում ինձ համար ամենահաճելի պահն այն է, երբ հաճախորդը բացում է իր դրամապանակը, իսկ այդ պահին հասնելու համար պետք է գործել ու բոլորից շատ:
7. Մի լսեք շրջապատին.
Եթե անկեղծ լինեմ, ապա սկսած իմ ամենամտերիմներից, վերջացրած անգամ անծանոթ մարդկանցով պատեհ ու անպատեհ առիթի դեպքում ասել են, որ քո մոտ ոչինչ չի ստացվի, կամ այդպես դու հաջողության չես հասնի: Ես լսել եմ բոլորին ու սահմանափակվել միայն ականջներով, քանի որ ուղեղիս իրենց ասածները չեն էլ հասել: Այսպիսի բառեր Դուք միշտ եք լսելու, անընդհատ, բայց Դուք եք Ձեր կյանքի տերը, այնպես որ, լսեք այս ամենը, լսեք նաև խելացի խորհուրդներն ու քայլեք առաջ: Ախր ինչի՞ց եք վախենում, պարտվելու՞ց, թե որ միջավայրում կասեն՝ Դուք անհաջողակ եք: Կյանքը Ձերն է, ապրեք Ձեզ համար, այլ ոչ թե միջավայրի, նրանք ի սկզբանե անհաջողակ են, որ այդպես են մտածում՝ քննադատում են այլոց քայլերը: Մարդկանց մի դատեք նրանց արտաքին տեսքով, տեսքն ուղղակի լավ փաթեթավորում է. վերջ տվեք iPhone-ով գնահատել մարդկանց, եթե դատարկ են, ապա անգամ Apple-ը չի կարող նրանց փրկել:
8. Եթե ինչ-որ բան չեք զոհել, ապա ունեցածն այդքան էլ արժեքավոր չէ:
Այո, ինչքան թանկ եք վճարում, այնքան ավելի եք գնահատում ձեռք բերածը, ընդունելի տարբերակ է, ուստի մի վախեցեք զոհելուց: Օրինակ՝ 2010 թվականին Բեռլինի Հումբոլտդի համալսարանն ընդունվելու համար ես զոհել էի մագիստրատուրայի դասերս, ինքնակամ հեռացել էի նաև աշխատանքից, որպեսզի 3 ամսում կարողանամ զրոյից Toefl և GRE պարապեմ: Սակայն այդքանից հետո 10 օր ուշացրեցի և ճշտապահ գերմանացիներն ինձ ասացին՝ դիմումները շատ են եղել, դուք էլ ուշ եք ուղարկել, փորձեք մյուս տարի, այն դեպքում, երբ արդեն ամեն ինչ զոհել էի: Եվ ի՞նչ, անհաջողա՞կ եմ, դադարեմ երազե՞լ: Համենայն դեպս, այդ օրը մտածում էի, որ անհաջողակ եմ, սակայն մի քանի օրից արդեն որոշել էի, թե ինչ եմ զոհելու հաջորդ նպատակին հասնելու համար:
9. Խնդիրները յուրաքանչյուր հաջողության մասն են կազմում:
Եթե Դուք խնդիրներ ունեք, նշանակում է՝ ընթացքը լավ է, շարժվում եք առաջ ու դրանք լուծելու համար որոշում եք կայացնում, սովորում եք: Եթե ցանկանում եք խնդիր չունենալ, ապա նստեք բազմոցին: Քաջ լինել նշանակում է անել այն, ինչից մենք վախենում ենք: Եթե վախ չկա, ապա քաջություն չի կարող լինել: Իսկ վախն էլ առաջանում է խնդիրներից:
10. Ինչ անում եք, արեք կրքով:
Ես չեմ տեսել, որ մարդ քնի ու հասնի հաջողության, եթե կտակ չի ստացել իր հարուստ բարեկամից: Ինչ անում եք, արեք մեծ կրքով, նվիրումով, այլ ոչ թե ուղղակի դրդված: Շատ ընկերությունների կադրերի բաժնի աշխատակիցներ հայերի նման չեն, որ 19-ամյա նոր ավարտած երիտասարդից պարտադիր միայն փորձ պահանջեն, նրանք նայում են մարդու կրքին, թե ինչքանով նա կնվիրվի բիզնեսին, քանի որ եթե կիրք չկա, ապա համարձակ քայլեր չի կարող լինել, եթե քայլ չկա, ապա փորձ չի կուտակվի: Ձեր ցանկության ուժն է, որ որոշում է Ձեր ապագան: Հիշեք, որ երկրի վրա գտնվող ամենաուժեղ զենքը այրվող կրակով մարդու հոգին է:
Հ.Գ. Ահա այն ամենը, ինչ կարելի էր կրճատումներով շարադրել մեկ թեմայի մեջ: Հուսով եմ, որ չեք խաբի Ձեզ ու միշտ կնայեք ճշմարտությանը, եթե չեք հարմարվում, ապա փոխեք, մի վախեցեք: