ArmnewsTV.am-ը գրում է․
Կառավարման ակադեմիայի ուսանողները Բժեզինսկու «Շախմատային մեծ տախտակով» Լևոն Արոնյանին չեն զարմացնի: Միջազգայնագետ ուսանողներից ավելի լավ է դրան տիրապետում, Մաքիավելին էլ Լևոնի ամենասիրելի գրողներից է:
Ուսանողների հետ հանդիպումը հարցուպատասխան ֆորմատով է: Բայց առաջինը ոտքի է կանգնում ակադեմիայի ուսանողների կարգապահությունը վերահսկող տեսուչը: Ընկեր Յուրան Տիգրան Պետրոսյանի հաղթանակի օրն է հիշում ու արցունքները չի կարողանում զսպել:
Լևոնի արձագանքը իրեն հատուկ զուսպ ժպիտն է: Ուսանողների հարցերին Արոնյանը ժամերով կարող է պատասխանել: Ամենաթանկ հիշողությունը` առաջին պարտիան է մարզչի հետ, որը ոչ-ոքի էր ավարտվել: Շախմատի դպրոցական գրքերը վատը չեն, բայց, ըստ օլիմպիական չեմպիոնի, կարող էին ավելի լավը լինել: Շախմատը սպորտ է, թե արվեստ` հավերժ անպատասխան թվացող հարցին Լևոնն իր պատասխանն ունի` միանշանակ ավելի շատ արվեստ է: Շախմատային արվեստում էլ կարծում է օր օրի ավելի լավ է հանդես գալիս, չնայած տարիքն իրենն ասում է:
Բլիցը Արոնյանի շախմատում ամենասիրելի խաղաձևն է: Արագ ճատրակում իր փոքրիկ խորամանկությունն ունի: Սիրում է պարտիան դանդաղ սկսել, թվում է` ծերունու ձեռք է խաղաքարերը շարժում: Վերջին մի քանի վայրկյաններին արագացնում է ու հակառակորդին շփոթեցնում: Հաղթանակի կեսը ինքնավստահությունն է: Ֆրանսիացի գրոսմայստեր Էտիեն Բակրոն էլ Լևոնի հոգեբանական ճնշման հնարքի ամենահայտնի տուժածն է:
Լևոնի ընկալմամբ` շախմատը սովորեցնում է պայքարել ու միշտ հիշել` կյանքն անարդար է: 6 ժամյա ծանր պարտիան, որը պետք է հաղթեիր, Արոնյան ասում է, կարող է տանուլ տալ 5 վայրկյան թուլության պատճառով: Այնպես որ 64 սև ու սպիտակ վանդակները իրոք կյանքի մանրապատկերն են: Խաղատախտակի առաջ նստած շախմատիստն էլ մի պետություն է:
Արոնյանը շուտով կսկսի սովորեցնել իր շախմատային փիլիսոփայությունը: Ըստ նախնական ծրագրերի` հունվարին կբացվի նրա ամենօրյա շախմատային դպրոցը: Սկզբում այն կգործի մոտ 20-30 սաների համար: Բայց այդ մասին իմաստուն խաղի համեստ վարպետը չի ցանկանում նախապես շատ բան ասել: Փոխարենը մաստեր կլասս-սեանս է խաղում կառավարման ակադեմիայի ուսանողների հետ:
Տեսանյութը՝ այստեղ