Հովիկ Աբրահամյանն այսօր գանգատվել է, որ հղիների նպաստները կրճատելու (եկեք իրերը կոչենք իրենց անունով) մասին օրենքի շուրջ ինքը լավ առաջարկություններ չի լսել, այլ միայն դժգոհություն։ Սոցիալական (ան)ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն էլ հայտարարել է. «Անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ մի հղի կին չտուժի»։ Այսինքն, եթե շարունակենք իրերը կոչել իրենց անունով, ապա Ասատրյանի նախարարությունն ու կառավարությունն, առհասարակ, անելու են ամենը, որպեսզի տուժեն բոլոր աշխատող հղի կանայք։
Ընդառաջելով վարչապետին՝ ունեմ մի քանի լավ առաջարկություն.
1. Քանի օր հղիների նպաստը կրճատելու գինը կազմում է մի քանի միլիոն դոլար, առաջարկում եմ այդ միջոցները տնտեսել՝ կառավարության անիմաստ ծախսերը կրճատելու հաշվին։ Օրինակ, եթե հիշողությունս չի դավաճանում, մենակ ավտոպարկի թարմացման համար, մենակ անցած տարի, կառավարությունը ծախսել է երկու միլիոն դոլար։
Կբացատրե՞ք ինձ՝ հարկատուիս, թե ո՞ր արժանիքի համար են կառավարության մեջ ներգրավված հաստափորները՝ մեր հարկերի հաշվին երթևեկում պետական թանկարժեք մեքենաներով, բայց լավ, չբողոքեմ, հնչեցնեմ կոնկրետ առաջարկս.
Առաջիկա 10 տարվա ընթացքում ընդհանրապես հրաժարվել ավտոպարկի թարմացումից։ Ծառայողական մեքենաների ընթացիկ ծախսերը դնել այն պաշտոնյայի վրա, ով ստացել է այդ մեքենան, նամանավանդ, որ բարեհաջող կերպով էականորեն բարձրացրել եք ձեր աշխատավարձները, չեք քանդվի։
2. Դոլարային միլիոնատեր հանդիսացող նախարարներին, փոխնախարարներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես օրինակ գյուղատնտեսության նախարարության նորաթուխ չինովնիկն է, պարտավորեցնել իրենց տարօրինակ պատմություն ունեցող հարստությունով կիսվել ու ֆինանսավորել, օրինակ, ծառայողական մեքենաների վառելիքի հարցը (կտեսնեք, թե ինչ արդյունավետ կերպով կնվազի վառելիքի գերծախսը)։
3. Զրկել Արտեմ Ասատրյանին աշխատավարձից... լավ, մի քիիչ մարդկային գտնվենք... Նշանակել անձամբ Արտեմ Ասատրյանի համար աշխատավարձ՝ նվազագույն աշխատավարձի չափով, որ այդ տղան դադարի փքված հնդկահավի պես իրեն պահել տեսախցիկների դիմաց ու իր մաշկի վրա զգա իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի արդյունավետությունը։ Վստահեցնում եմ, սոցապի ՕԳԳ-ն շեշտակի կբարձրանա։
4. Մի քիչ ամաչելով եմ ասում, բայց դե գուցե վարչապետը հետամուտ լինի, որ մարդիկ ստվերից դուրս բերեն իրենց բիզնեսները։ Մանր ու միջին բիզնեսը չէ մենակ, այլ, օրինակ, կառավարության լիագումար նիստերին մասնակցող բոլոր գործիչներն ու պաշտոնյաները։ Մենակ դա եթե արվի, էնքան հավելյալ միջոցներ կմտնեն բյուջե, որ ոչ միայն մեր հղիների նպաստները կկարանանք տանք, այլև Վրաստանի հղիներինը։
Հուսով եմ, Հովիկ Արգամիչը կանսա առաջարկիս, որովհետև ակնհայտ է, որ այն վատը չէ, համաձայն չե՞ք։