Ընկերություն առանց սահմաններիCosmo.am-ը գրում է․

Ընկերություն առանց սահմանների

Տեղափոխվել ես այլ քաղաք, չափից շատ ծանրաբեռնված ես գործնական կյանքում կամ պարզապես փոխվել է քո ընտանեկան կարգավիճակը: Կյանքումդ տեղի ունեցած փոփոխություններն անուղղակիորեն ազդում են քո և մտերիմ ընկերներիդ շփման վրա. կարծես թե նախկին ընկերությունը պահպանելու ոչ մի հույս չկա:


Ժամանակին դուք հաճախ հանդիպում էիք, կազմակերպում աղմկոտ ու խենթ հավաքույթներ, տխուր պահերին մինչև ուշ գիշեր զրուցում: Հիմա ամեն ինչ այլ է. հանգամանքներից ելնելով՝ շփումը սահմանափակվում է միայն Facebook-ով մի քանի բառ փոխանակելով: Հավատացնում ենք, որ նույնիսկ նման պայմաններում ընկերությունը հնարավոր է պահպանել, և նշանակություն չունի, թե դուք քանի կիլոմետր հեռավորության վրա եք ապրում կամ ինչ հաճախականությամբ եք հանդիպում:


Մնալ միմյանց համար հետաքրքիր: Երբ դու մի քաղաքում ես, իսկ մտերիմ ընկերներդ՝ այլ, հետզհետե ավելի է դժվարանում պահպանել նախկին ջերմ հարաբերությունները: Յուրաքանչյուրիդ կյանքը զարգանում է իր հունով, յուրաքանչյուրդ ձևավորում է ծանոթությունների նոր շրջանակ: Ընկերությունը չկորցնելու համար նույնիսկ հեռավորության վրա պետք է ստեղծել միասնության, ընդհանուր հետաքրքրությունների և ընդհանուր զբաղմունքների միջավայր: Անկախ ժամային գոտիների տարբերությունից կամ ծանրաբեռնվածությունից, միշտ կա միասին հետաքրքիր ժամանակ անցկացնելու տարբերակ: Այժմ տեխնոլոգիաները թույլ են տալիս օնլայն միաժամանակ և՛ խոսել, և՛ որևէ հետաքրքիր ֆիլմ դիտել: Այս դեպքում ժամանակն ու հեռավորությունը հաստատ խնդիր չեն առաջացնի:


Միշտ նրանց կողքին: Ասում են՝ իսկական ընկերությունը բացահայտվում է դժվար պահերին: Օգնության ձեռք մեկնելով՝ դու ևս մեկ անգամ կապացուցես, որ ձեր ընկերությունն իրական է և թանկ քեզ համար, անգամ եթե միմյանց հետ շփվում եք շատ հազվադեպ: Եթե, հանգամանքներից ելնելով, ֆիզիկապես չես կարող լինել ընկերներիդ կողքին, չի նշանակում, թե չես կարող օգնել նրանց: Փորձիր զանգերիդ ու խոսքերիդ միջոցով նրանց մեջ ինքնավստահություն սերմանել, դրական լիցքեր ու օգտակար խորհուրդներ տալ: Կարևորն այն է, որ ընկերներդ դժվար պահերին միշտ զգան քո ներկայությունը: 
Թող հիշողություններ: Երևի նկատել ես՝ ինչ սիրով ու հաճույքով են մեր ծնողները ժամանակ առ ժամանակ կարդում հին բացիկները, դրանցում գրված բարեմաղթանքները կամ պատմում այս կամ այն հուշանվերի մասին: Վիրտուալ շփումը, իրոք, հրաշալի է, բայց կարելի է լինել յուրահատուկ:

Օրինակ, եթե մտերիմ ընկերուհիդ հաճախում է անգլերենի դասընթացների, նրան ուղարկիր Շեքսպիրի սոնատների հավաքածուն՝ հետաքրքիր մակագրությամբ: Իսկ կրկնակի հաճույք նրան կպատճառի անակնկալ բացիկ ստանալ այն նույն օրը, երբ անցյալում ձեր երկուսի հետ մի զվարճալի դեպք էր պատահել: Բացիկի մեջ հիշեցրու դրա մասին ու գրիր, թե ինչ զգացողություններ ունեիր այդ ժամանակ:


Ընկերության մեջ պետք է լինել անկեղծ, հետևաբար քո յուրաքանչյուր քայլը պետք է լցված լինի հենց այդ զգացումով: Ընկերությունը երբեք չպետք է վերածվի մոնոտոն ու միանման նամակների, ստանդարտ արտահայտությունների ու շնորհավորանքների փոխանակման: 
Առջևում ամանորյա տոներն են՝ լավագույն առիթը ընկերներին հաճելի անակնկալներ մատուցելու, քո սերն ու հոգատարությունը ցույց տալու համար: Փորձիր հնարավորությանդ սահմաններում իրականացնել նրանց երազանքները՝ նվիրելով այն, ինչի մասին այդքան երկար երազում էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել