ArmnewsTV.am-ը գրում է.
Հորդանանը վերջին երկիրն է, որտեղ Հաշիմյան դինաստիան դեռեւս թագավորում է: Այս դինաստիան ժամանակին թագավորում էր արաբական երկրներում եւ համարվում է Մուհամմեդ մարգարեի ժառանգներից: Հայաստանն ու Հորդանանը իրենց հարաբերությունները սկսում են գրեթե նոր՝ սպիտակ էջից: Հայաստանի եւ Հորդանանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996 թվականից, բայց փոխայցեր գրեթե տեղի չեն ունեցել: 4 անգամ Հայաստանի տարբեր արտգործնախարարներ են այցելել Հորդանան տարբեր ժամանակաշրջանում եւ 2012-13 թվականներին` Մշակույթի ու ԿԳ նախարարները:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սերժ Սարգսյանն ու Աբդալլահ 2-րդ Իբն ալ Հոսեյնին առանձնազրույց ունեցան ու անմիջապես անցան փաստաթղթերի ստորագրման արարողությանը: Առաջին փաստաթուղթը վերաբերում է հենց դիվանագետներին՝ այսպիսով Հայաստանի եւ Հորդանանի դիվանագետները փոխայցերի ժամանակ կազատվեն մուտքի վիզայի պահանջից: Մյուս փաստաթղթով երկու երկրները կգործակցեն ատոմային էներգիայի ոլորտում: Հայաստանն ու Հորդանանը տնտեսական ոլորտում նտպավորիչ հարաբերություններ մինչեւ հիմա չեն ունեցել եւ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այս ոլորտում գործակցելու անկյունաքարը դրեց: Նախ տնտեսական գործակցության մասին համաձայնագիր կնքվեց, հետո ներդրումների խրախուսման, զբոսաշրջության ու գյուղատնտեսության, նաեւ առողջապահության ոլորտներում գործակցելու վերաբերյալ: Բացի այդ, Երեւանն ու Հորդանանի մայրաքաղաք Ամմանը դարձան քույր քաղաքներ:
Տեսանյութ՝ այստեղ