IMG_2552[1]Ձեր թույլտվությամբ ավարտեմ 2014-ի հոկտեմբերյան արցախապատումը։ Չնայած, ի՞նչ կիմացվի, ինչի՞ն ավարտ, երբ իմ բլոգապատումը նոր թափ է հավաքում…

- Հայրիկ, արդեն Շուշի գնացել ե՞նք, հիմա Երևան ենք գնում. ես Երևանը սիրում եմ…

Դավիթ Բլեյանը Դպրոց-պարտեզի իր խմբին է կարոտել, իր Սոնային, Շուշանին, Արմենին…

Չնայած, երկու իրիկուն որ անցկացրեց Շուշիի Խաչատրյան-Նալբանդյան ամուսինների հյուրընկալ տանը, մի բոլ խաղաց Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի սովորող դարձած Արթուրի («Մեծ Արթուր»,- ասում էր Դավիթը, պարզվեց, որ փոքր Արթուրն իրենց խմբինն է), քթի փոքրիկ միջամտություն-վիրահատությունը հենց նոր տարած կրտսեր դպրոցական Աննայի, ռազմական ուսումնարանի ուսանող մեծ Դավթի (Դավիթը հանկարծ հասկացավ, որ «Դավիթը» անուն է), Արցախի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանող Քրիստինեի և Շուշիի հիմնական դպրոցի սովորող Արամ Խաչատրյանի հետ, ով մետաղե պատյանով ատամներն է ուղղում։ Շուշիի մանկաբույժ Նունե Խաչատրյանը, Միշա պապիկ Խաչատրյանն ու Նազիկ տատիկ Նալբանդյանն էլ՝ Դավթին փեշքեշ, լավ երես տվին, թողեցին, որ կարմիր ձեռնոցներով Դավիթը մի բոլ իրենց բոքսի… Երես տալը հենց այսպես է լինում, որ Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալ, Շուշիում ծնված, մեծացած, միշտ ու այսօր էլ իր քաղաքին ծառայող Միշա Խաչատրյանն առավոտ 7-ին արթնանա, որ Դավթի սիրած մոշ-մորին եսիմ որտեղից հավաքի, որ Դավիթը մեր վայելի…

IMG_2397[1]

Երբ Երևանում էինք, հիշեց պապիկին, ստիպեց, որ զանգեմ.
- Պապիկ, ես մոշ-մորի եմ ուզում, քաղի ուղարկի…
Խաչատրյան-Նալբանդյանի տղան, իմ Շուշեցի եղբայր Մխիթարը, լուրջ առողջական խնդիր ունի, և երկար ժամանակ ընտանիքը համախմբած, իր համեստ ողջ նյութական միջոցներով պայքարում է… Անցյալ տարի՝ ամիսներ երկու երեխայի մայր Նունեն էր Մոսկվայի հիվանդանոցում, այս տարի էլ՝ Մխիթարի սքանչելի կին, երեք երեխայի մայր Գայանեն… Սրան գումարեք իրենց հայաստանցի, Քասախ գյուղի մեկսենյականոց բնակարանում ծվարած, զինվորական ծառայության մեջ գտնվող Կարինե քրոջ նվիրումը, ու տեսեք՝ որքան առօրյա-սովորական կյանքով են ապրում մեր հայրենակիցները Շուշիում… Վաստակավոր ուսուցիչ, Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Նազիկ Նալբանդյանը և վարչակազմի ղեկավարի տեղակալը, որ հալալ աշխատավարձով են ծայրը ծայրին հասցնում այսպիսի մեծ ընտանիքի հոգսերը, ի՞նչ են անելու, երբ էգուց մյուս օրը կենսաթոշակի անցնեն… Ծանո՞թ հոգսեր են, ամբողջությամբ հայաստանյան…

- Հայրիկ, հիշո՞ւմ ես, մշուշ էր քիչ առաջ՝ քաշվեց, գնաց, անտառը երևաց:
Շուշին, երբ մենք երկար ու ջերմ հրաժեշտ տվեցինք, մշուշի մեջ էր, որ Քաշաթաղ չհասած, շուտով ցրվեց… Ամբողջ ճանապարհին, մինչև Երևան հասնելը՝ պարգևելով պայծառ աշուն…

- Հայրիկ, ես կարմիր ծառ տեսա, մշտադալար եղևնի ու դեղին անտառ…
Եվ երեք իշուկ, որ երկար ճանապարհին մեզ ուղեկցում էին և Աղավնո եկեղեցի ու գետ. գետի ափին ես տեսա ջրկոտեմի մի «անտառ». առաջ չգիտեի, թե սա ի՜նչ համով կանաչի է, հիմա, Խաչենից հետո… Բաց չթողնեք:

Վահրամ Թոքմաջյանը, ում ղեկավարած «Դավիթ Բեկ-Մխիթար Սպարապետ» ուսումնական նախագծի արշավախումբն առաջին գիշերն էր անցկացնում Դավիթ Բեկ գյուղում, պատմեց, որ ճանապարհին Զորաց քարերում հանդիպել են Ստեփանակերտից վերադարձող Մարթա Ասատրյանի էկոհայրենագիտական խմբին… Օրեր առաջ Տավուշի Բլդան գետի մոտ, Ջուխտակ վանքի ճանապարհին գրկախառնվել էին Գեղարվեստի ավագ դպրոցի՝ մեկնող ու Նոր դպրոցի՝ վերադարձող բազմօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդության խմբերը… Ափսոս, որ մենք մեզ ենք հանդիպում, ուրիշները պարզապես ուսումնական այս արձակուրդին չեն ճամփորդում…

Հիմա, երբ մեր ճամփորդող խմբերը Երևանում են, երբ արցախյան հաջող մեկնարկից ոգևորված՝ Հանրակրթական էկոտուր 2015-ի կազմակերպիչ էկո-հայրենագիտական ակումբը Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Արցախի, Վրաստանի իր գործընկերների հետ պատրաստվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Կողբի Զիկատարում իրենց աշխատանքային հավաքին,  հիմա, երբ հայրենիքի ու աշնան տպավորություններով, ուսումնական նախագծերի հաշվետվություններով լցված են մեր mskh.am-ը, սովորողների և դասավանդողների ուսումնական բլոգները, ասենք, որ մեր շատ նախագծեր չէին լինի կամ կլինեին ոչ մատչելի շատ սովորողների, եթե չլիներ ՀՀ պաշտանության նախարարության աջակցությունը։ Այ, որ Հայաստանում քիչ են անցկացվում կամ չեն անցկացվում այսպիսի հավաքներ-ճամփորդություններ, դրա պատճառը նաև այն է, որ տրանսպորտային փոխադրության հարցը լուծված չէ։ Հանրակրթական ծրագրերում հայրենագիտությունը, կրթական փոխանակումները աջակցության կարիք ունեն, և պաշտպանության նախարարը այդպիսի աջակցության կոնկրետ ու տպավորիչ օրինակ է ցույց տալիս։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել