
Հեպատիտ C-ից ամեն տարի մահանում է 350-500 հազար մարդ: Հիվանդությունը բուժելն անհնար չէ, բայց դա բավականին երկարատև պրոցես է. կախված հիվանդության տեսակից, որակից ու փուլից՝ բուժումը կարող է շարունակվել է 16-72 շաբաթ: Այն պահանջում է մի շարք երկարատև հետազոտություններ ու անալիզների հանձնում: Բացահայտման դեպքում էլ հիվանդությունը բուժելը բավական թանկ է:
Ինչ արժե հեպատիտի բուժումը: Օրինակ հեպատիտի համար նախատեսված դեղամիջոցներից մեկի գինը 140 հազար դրամ է, իսկ հիվանդը այն պետք է ընդունի ամեն շաբաթ: Մոտավոր հաշվարկներով հեպատիտը բուժելու համար հիվանդից կպահանջվի 5000-20.000 դոլար: Սա այն դեպքում, երբ հեպատիտի դեմ մի շարք դեղամիջոցներ պետական դոտացիայի միջոցով հատկացվում են հիվանդներին:
Ըստ լյարդաբանների՝ հեպատիտը ամբողջությամբ չի բուժվում: Հիվանդությունը հնարավոր է բուժել լավագույն դեպքում 60 տոկոսով, հնարավոր է հիվանդության կրկնություն, ինչը կպահանջի կրկնակի բուժում:
Ի՞նչ է հեպատիտը, և ինչպե՞ս է այն փոխանցվում: Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Հայտնի են հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված են 6-ը` A, B, C, D, E, J:
Ըստ վարակի փոխանցման ուղիների՝ հեպատիտները լինում են՝
Պարէնտերալ, որոնք առողջ օրգանիզմ են թափանցում, փոխանցվում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով և էնտերալ՝ բերանի միջոցով:
Վիրուսային հեպատիտ A-ի և E-ի վիրուսները առողջ մարդու օրգանիզմ են թափանցում բերանի խոռոչով՝ սննդի, ջրի, սպասքի, կենցաղային այլ իրերի, կեղտոտ ձեռքերի միջոցով:
Հեպատիտ B-ի և C-ի հեպատիտների փոխանցման հիմնական գործոնը արյունն է և դրան փոխարինող նյութերը:
Հեպատիտի վիճակագրությունը Հայաստանում և աշխարհում
Այնուամենայնիվ, հեպատիտով հիվանդների թիվը Հայաստանում նվազում է: Սա հատկապես տեսանելի է վիրուսային հեպատիտների վարակման ցուցանիշներից: Հեպատիտ A-ով հիվանդների ցուցիչը 2008-ի 25.7 տոկոսից հասել է 2.5 տոկոսի (100 հազար մարդու հաշվարկով): Հեպատիտ B-ի դեպքում 3.4-ից հասել է 1.8 տոկոսի, իսկ մինչև 14 տարեկանների շրջանում 98 տոկոսից հասել է 0.8-ի: Երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ B-ի վիրուսին, իսկ մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակակիր է: Քրոնիկ հեպատիտ-ի և, վարակման դեպքում, վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում:
Հեպատիտ C-ով ամեն տարի վարակվում է մոտ 3-4 մլն մարդ: Հեպատիտ C-ին հատկապես բնորոշ է քրոնիկ վարակի զարգացումը: B և C հեպատիտների քրոնիկ ընթացքի դեպքում հաճախ հիվանդության ախտանշանները բացակայում են և մարդիկ, չիմանալով իրենց հիվանդության մասին, կարող են առողջների համար վարակի աղբյուր դառնալ: Հաճախ հիվանդության նշանները հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն զարգացել են կյանքին սպառնացող բարդություններ՝ լյարդի ցեռոզ և առաջնային քաղցկեղ:
Չնայած Հայաստանում նվազման միտումներին՝ ամբողջ աշխարհում հեպատիտը շարունակում է մնալ ամենամահաբեր հիվանդությունների շարքում: Ըստ վիճակագրության՝ լյարդի ցեռոզի 50, իսկ լյարդի քաղցկեղի 70 տոկոսի առաջացման պատճառը հենց հեպատիտն է: