Ամանորի գիշերը ցուրտ է այստեղ՝ Եռաբլուրում... Ցուրտ է ու մառախուղ, գերեզմանաքարեր, գերեզմանաթմբեր, վառվող մոմեր: Թախծոտ է այս երեկոն, Ամանորն ազդարարող երեկոն թախծոտ է և դու հպարտ ես: Ու մի օր այստեղ կառուցվող եկեղեցու զանգերը կղողանջեն, մարդիկ կգան, լուռ կկանգնեն գերեզմանաքարերի մոտ և կհպարտանան նրանցով... Այդպես պիտի լինի... Եվ հայոց պատմության մեջ գրվեց այ
սպես.

1992 թվականի օգոստոսի 4-ին Արծվաշենի վիճակն օրհասական էր. Վանաձորի 016 մոտոհրաձգային գնդի զինվորները ետ էին շպրտում անընդհատ գրոհող թշմամուն, հայ մարտիկները կատարեցին հրամանը՝ 3 օրվա ընթացքում ապահովեցին 4500 բնակիչների դուրս բերումը արդեն իսկ օղակի մեջ հայտնվող Արծվաշենից: 016-ի 12 զինվոր մնացին փակված օղակում: Օգոստեսի 8-ն էր, կատաղի մարտը տևեց մոտ 4 ժամ, 12-ը տարբեր տեսակի զենքերով զինված թշնամու դեմ, ընդամենը 12-ը չորս կողմից տեղացող կրակի մեջ. Այսքանը... Գուցե հետո, տարիներ անց ավելի շատ բաներ հայտնի կդառնան:

Իսկ հետո նրանց դիերը հանձնելիս ադրբեջանցի գնդապետը՝ Ռուստամով ազգանունով, ասաց. «Մինչև վերջին փամփուշտը արիաբար կռվեցին, նրանք ձեր ազգի պարծանքներն են»։ Սա թշնամու խոսքերն էին: Ահա նրանք, բառեր պետք չեն, եկեք պարզապես մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը...

Գնդի հրամանատարի տեղակալ մայոր Էդվարդ Ավետիսյան - 31 տարեկան էր, 12-ից միակ ամուսնացածն էր. մեջբերում ենք նրա մոր խոսքերը.
«Ինքը որ թիկունքի գծով էր ծառայում Կիրովականում, որ պատերազմի դաշտ մտնելու իրավունքը չուներ, դարձյալ մտավ կռվի մեջ... Չգիտեմ, նա ոչ մեկի չի մերժել. լռությամբ իր հարցերը լուծել է, ինչը որ պատկանելություն է եղել հայրենիքի համար»:

Լեյտենանտ Վոլոդյա Դարբինյան -ծնվել է 1969 թվականին Տավուշի շրջանի Վերին Կարմրաղբյուր գյուղում, 1987 թվականին ընդունվել է Պսկովի սպայական ուսումնարանը, ուսումը շարունակել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: Կամավոր մեկնել է ծառայության, դասակի հրամանատարն էր:

Անանիա Սմբատյան - ծնվել է 1972 թվականին Երևանում, երազում էր դառնալ մարզիկ, ռազմական տեխնիկայի հմուտ մասնագետ էր, նրա մասին ընկերներն ասում էին. «Եթե Անանիան մեր կողքին է՝ անհնար է, որ չհաղթենք»։ Մայրն ասում է. «Ծառայելու ժամանակ, երբ գնացինք իրեն տեսնելու, հարցրեցի - տղա ջան, ո՞նց ես, ասեց - մամա ջան, մեր չաստը հայկական առաջին գունդն ա, ոչ ոք չի կարող մեր դեմը կանգնի, մենք պետք է գնանք կռվի, Հայկական առաջին գնդի ծիծեռնակներն ենք, մամ ջան»:

Դավիթ Միքայելյան - ծնվել է 1972 թվականին Երևանում, գնդի բուժակն էր, մինչև զորակոչվելը երաժիշտ էր, ավարտել է Մոսկվայի ժողովրդական Արվեստի համալսարանը. 
«Ես հպարտանում եմ իմ տղայով և հպարտանում եմ նրանով, որ տաղանդավոր զորավար Մոնթե Մելքոնյանի մոտ է պառկած իմ տղան՝ Եռաբլուրում»,- ասում է հայրը:

Մխիթար Չիլինգարյան - ծնվել է 1972 թվականին Երևանում, մինչև զորակոչվելը աշխատել է Սպիտակ Փրկարար ջոկատում, նշանաբանն էր - «Մենք պիտի ապացուցենք մեր ով լինելը»: Մայրն ասում է.
«Ավարտեց դպրոցը, հետո ընդունվեց Սպիտակ Փրկարար ջոկատ, սպորտով էր զբաղվում, տարան բանակ ու էս փորձանքը եկավ, ինչ անեմ...»:

Սուրեն Եղիազարյան - ծվնել է 1971 թվականին Էջմիածնում, մարզիկ էր, չէր սիրում պարտվել, եղբայրն ասում Է. «Շարժումը որ սկսվեց, ասում էր - ինչի՞ համար եք գնում, որ կարիքը լինի, առաջինը ես կգնամ, ու եկավ ժամանակը, և բոլոր ընկերներից առաջինն ինքը գնաց, գնաց, բայց նա մտածված գնաց՝ իր ցանկությամբ: Դրանից հետո զանգահարեց Վահան գյուղից, ասեցի՝ գամ քո մոտ, ասեց չէ, 2 օրից կզանգեմ կամ ես կգամ, կամ դուք կգաք... Այնուհետև ոչ զանգ եկավ, ոչ ինքը եկավ, մենք գնացինք, բայց ավաղ ուշ էր:»

Կարեն Մնացականյան - ծնվել է 1972 թվականին՝ էջմիածնի շրջանի Արտամեդ գյուղում: Էջմիածնի ՊՐՕՖ տեխնիկական ուսումնարանի շրջանավարտ, սիրում էր կրկնել «Հաղթանակը մերն է լինելու»: Մայրն ասում է.
«Վերջին անգամ ես Կարենիս տեսել եմ օգոստոսի 6-ին՝ դեպքից մեկ օր առաջ, մենք մեր ձեռքով մեր երեխուն ուղարկեցինք իր պարտքը կատարելու: Վերջին գնալու ժամանակ ամուսինս ասեց - Կարեն ջան, Ժորիկ ջան, կուզեք տուն տանեմ ձեզ, երկուսն էլ միաբերան պատասխանեցին-պապ ջան, ամոթ ա, մեր ընկերներին ո՞նց կարող ենք լքել կռվի դաշտում ու տուն գանք, մենք այդ բանը չենք անի... Եվ դրանից հետո երեխաների հետ կատարվեց այդ դեպքը»:

Ժորա Հակոբյան - ծնվել է 1972 թվականին Էջմիածնի Արտամեդ գյուղում, Աբովյանի ավտոճանապարհային տեխնիկումի շրջանավարտ - «Նրանք փրկեցին Արծվաշենի 4500 բնակիչներին, բայց իրենք մնացին»,- ասում է հերոսի մայրը:

Կամո Սարիբեկյան - ծնվել է 1972 թվականին Չարենցավանում, Չարենցավանի հաստոցաշինական գործարանի բանվոր էր, ծնողներին գրած վերջին նամակում հավաստացրել է. «Մամ ջան, հայ մոր որդիները չեն դավաճանի հայրենիքը»:

Արմեն Մակարյան - ծնվել է 1972 թվականին Չարենցավանում, Չարենցավանի կարի ֆաբրիկայի բանվոր էր, կամավոր էր մեկնել բանակ, մայրն ասում է, որ որդին միշտ երազել է դեսանտային զորամասում ծառայել և երազանքը կատարվեց, իր երազած համազգեստը նա հագավ ընդամենը մեկ տարի:

Տիգրան Թովմասյան - ծնվել է 1972 թվականին Երևանում, հայրենիքը վտանգի մեջ էր ու նա որոշեց, որ պետք է լինի առաջին գծում:

Հարություն Աբրահամյան - ծնվել է 1972 թվականին Էջմիածնի շրջանի Փարաքար գյուղում, դպրոցական տարիքից երազում էր դառնալ զինվոր:

Նրանք 12-ն էին, հայոց կամավոր բանակի առաջին նահատակները, գրեթե բոլորը հասակակիցներ էին, 20 տարեկանում հայրենիքի համար իրենց բաժին ընկած գործը անձնվիրաբար կատարեցին... Խոնարհվեք, խոնարհվե՜ք, նրանց շիրիմներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել