Զինված ուժերը պետության վահանն են: Եթե պետության ինքնիշխանությանը լուրջ վտանգ սպառնա, ապա զինվորները պաշտպան կկանգնեն և կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի հաղթեն թշնամուն: Զինվորականները պարտավոր են պաշտպանել երկիրը և դրա համար պետք է անեն հնարավոր ամեն բան: Սակայն երբեմն մեթոդները կարող են ադեկվատ չլինել: Ձեզ ենք ներկայացնում տարբեր ժամանակներում մշակված՝ երկրի պաշտպանության միջոցներ, որոնք եղել են տարօրինակ կամ տարբեր պատճառներով անիրագործելի:
10. Հսկա անիվներ
Սա սարքավորում է, որը մշակել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատնեշները քանդելու նպատակով: Այն իրենից ներկայացնում էր երկու մեծ անիվ (3 մ), որոնց միացվում էր տարատեսակ պայթուցիկ նյութերով բեռ: Փորձարկումներն անհաջող անցան, քանի որ սարքն անընդհատ ուղղությունից շեղվում էր: Նույնիսկ վերանորոգումից հետո փորձարկումը ձախողման ենթարկվեց: Անվտանգության նկատառումներից ելնելով և փորձարկումների ժամանակ անկանխատեսելի միջադեպերից խուսափելու համար նախագծից հրաժարվեցին, և այն ձեռք բերեց ամենատարօրինակ ռազմական փորձարկման կարգավիճակ:
9. Նացիստների արևային զենք
Եթե խոշորացույցի օգնությամբ արևի ճառագայթն ուղղեք մրջյունների վրա, ապա կտեսնեք, թե ինչպես է այն նրանց այրում: Նացիստական Գերմանիայի գիտնականները ցանկացան կրկնել այդ փորձը, սակայն ավելի խոշորամասշտաբ: Հասկանալի է, որ փորձարկման ենթարկվողները մրջյունները չէին լինելու: Ծրագիրը պարզ էր: Նացիստները ցանկանում էին Երկրի ուղեծրի վրա տեղադրել հսկայական հայելի: Այդ սարքավորման օգնությամբ նրանք արեգակի ճառագայթներով կայրեին ամբողջ քաղաքներ, կեռացնեին օվկիանոսները և կայրեին մարդկանց ըստ անհրաժեշտության: Ամեն ինչ շատ պարզ է:
8. «Ռենտգենյան ճառագայթներ» նախագիծ
«Ռենտգենյան ճառագայթներ» նախագիծը բավականին հետաքրքիր գաղափար էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ԱՄՆ-ի գիտնականները փորձարկումներ էին կատարում զենքի որոշակի տեսակների հետ` օգտագործելով թռչող մկներին, որոնց վրա ամրացնում էին ռումբերը: Ըստ ծրագրի՝ չղջիկները լուսադեմին պետք է թռչեին ճապոնացիների տների ամենամեկուսի անկյունները, իսկ երբ ժամանակը գար, ռումբերը պիտի պայթեցնեին, և տները հօդս ցնդեին: Ժամանակի ընթացքում նախագծից հրաժարվեցին` ատոմային ռումբի օգտին:
7. «Հակատանկային» շուն
Դատելով անվանումից՝ հեշտությամբ կարելի է գուշակել փորձարկման հիմնական էությունը, որի նպատակն էր շների օգնությամբ ոչնչացնել հակառակորդի տանկերը: Շան վրա ամրացնում էին 12 կգ-անոց պայթուցիկ և սովորեցնում էին տանել այն թշնամու տանկի մոտ: Տանկի հետ միասին զոհվում էր և շունը: Հիմնական խնդիրներից մեկը, որ խոչընդոտ հանդիսացավ նախագծի հաջողության հասնելուն, կայանում էր նրանում, որ ամենապատասխանատու պահին ռումբը թշնամու տանկի մոտ տանելու փոխարեն շները վերադառնում էին իրենց տերերի խրամատներ, պայթուցիկը գործի էր դրվում, և ամեն ինչ ավարտվում էր պայթյունով:
6. «Օրկոն» նախագիծ
Այս նախագիծը ոչ միայն տարօրինակ է, այլև զավեշտալի: «Օրկոն»-ը երկու հիմնական բառերի համադրում է, որոնք բնութագրում են նախագիծը` «օրգանական» և «կոնտրոլ» («վերահսկողություն»): Սրա էությունը կայանում էր նրանում, որ աղավնիների օգնությամբ նռնակն ուղղորդվեր դեպի նպատակակետ: Աղավնին և էկրանը ամրացվում էին նռնակին: Աղավնին էկրանի վրա պիտի կտցահարեր նռնակի նետման կետը, և այն կուղղվեր դեպի նպատակակետ: Այս գաղափարից հրաժարվեցին մի քանի պատճառներով, որոնցից մեկն այն էր, որ նռնակներն ուղղորդվում էին անխելք թռչունների կողմից:
5. «Ավիակիր» նախագիծ
Հիշո՞ւմ եք, որ «Տիտանիկը» խորտակվեց` բախվելով հսկայական այսբերգին: Բրիտանացիներն այնքան էին վշտացել այդ պատահարից, որ որոշեցին ևս մեկ խոշոր նավ կառուցել, որը չէր խորտակվի սառցի մեծ կտորի պատճառով, քանի որ այն ինքնին կպատրաստվեր սառցից` փայտի տաշեղների հետ համադրությամբ: Ենթադրվում էր կառուցել սառցե չխորտակվող ավիակիր: Նախագծից հրաժարվեցին, քանի որ այն իրականացնելն անհնար էր:
4. «Ո՞վ: Ե՞ս:» սարքավորում
Այս նախագիծն իսկապես տարօրինակ է, քանի որ կարելի է մտածել, որ նման միտք կարող էր ծագել միայն վեցերորդ դասարանցու գլխում: «Ո՞վ: Ե՞ս:» սարքավորումն իրականում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ է, սակայն նրա նպատակը ոչ թե ոչնչացումն էր, այլ ազդեցությունը մարդկային հոտառության վրա ամենատհաճ հոտերի միջոցով, ներառյալ մարդկային արտաթորանքների հոտը, որոնցով լցված էր ռումբը: Պայթյունի դեպքում շրջակայքում սարսափելի գարշահոտություն կտարածվեր: Ահա այսպիսի զենք:
3. «Գեյ» ռումբ
Այս նախագծի անունը խոսում է իր փոխարեն: Սկզբում գարշահոտ ռումբը, հիմա էլ սա: Եվ ո՞ւմ մտքով է նման բան անցել: Տեսականորեն, ռումբը պայթյունի ժամանակ տարածում էր աֆրոդիզիակներ, որոնք զինվորների վրա այնպիսի ազդեցություն էին գործում, որ վերջիններս միմյանց շատ հմայիչ էին թվում: Նախագծի նպատակը թշնամու զորքերի բարոյալքումն էր։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես ռազմական բժիշկները սխալ են հասկացել «Սիրեցե´ք միմյանց, բավական է պատերազմել» կոչը: Բարեբախտաբար, նախագիծն անհեռանկարային էր, և նրանից հրաժարվեցին:
2. «Ակուստիկ Քիթի» գործողություն
Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ դեսպանությունից գաղտնի տվյալներ ստանալու նպատակով ԿՀՎ-ի գիտնականները սկսեցին զբաղվել «Ակուստիկ Քիթի» նախագծի իրականացմամբ, որի վրա բավականին ժամանակ և գումար ծախսվեց: Տեղեկատվություն լսելու և ձայնագրելու համար նախատեսված լրտեսական տարբեր իրերով կատվին համալրելու նպատակով նրան մի շարք գործողությունների ենթարկեցին: Սակայն հենց առաջին փորձարկման ժամանակ կատուն հանկարծակի փախավ: Նախագծից հրաժարվեցին և հետագայում երբեք էլ չհիշեցին նրա մասին:
1. «Աստղային դարպասներ» նախագիծ
Երբ խոսքը գնում է ամենատարօրինակ երևույթների մասին, ոչինչ չի կարող համեմատվել պայծառատեսության հետ: Այլ կերպ ասած, պայծառատեսության աշխարհը, թերևս, ամենատարօրինակ բանն է: Եվ եթե ռազմական ամենատարօրինակ նախագիծն առնչվում է աշխարհի ամենատարօրինակ երևույթի հետ, ապա այն, ապրիորի, իրականացնելն արդեն անհնար է: «Աստղային դարպասները» ԿՀՎ-ի և Պենտագոնի նախագիծն է: Փորձարկման նպատակն էր պայծառատեսության միջոցով ստանալ տեղեկատվություն: Փորձարկման համար ընդունում էին մարդկանց, ովքեր համարում էին, որ իրենք պայծառատեսությամբ են օժտված և կարող են կանխատեսել հակառակորդի գտնվելու վայրը և ծրագրերը: Այն բանից հետո, երբ նախագծի վրա ծախսվեց 20 մլն դոլար, իսկ արդյունքներ չկային, նրանից հրաժարվեցին: Եթե գերբնական ուժերը չեն աշխատում, պետք է բավարարվել սովորական զրահատեխնիկայով: