IMG_2594[1]

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր- 
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ 
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր - 
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին… 

Լրագրող Սիրանույշ Պապյանի հեռախոսազանգն ինձ բռնեց հոկտեմբերի 24-ին Խաչենի հովտում՝ Վանք գյուղից վեր, երբ Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ, Շուշիի իմ բարեկամ Նազիկ Նալբանդյանի ուղեկցությամբ իջել էինք Գանձասարից ու Խաչենա գետի հովտով Ծովին Քարից վերև էինք քայլել ու քայլել, նստած էինք գետի ափին ու Արցախի հացով-պանրով վայելում էինք հենց նոր ու հենց մեր քաղած ջրկոտեմը… Տեսարան է: Իդիլա: Ի՞նչ մեղավոր է Սիրանույշը, գործուն-ամենահաս լրագրող՝ իր աշխատանքն է կատարում, բայց ինձ իր հարցերով անակնկալի բերեց. մոտեցող հոկտեմբերի 27-ի 15-ամյա տարելիցի առիթով հարցեր ունի:

IMG_2501[1]Քանի՜ տարի, 2005-ից սկսած, երբ դադարեցրի իմ կուսակցական գործունեությունը՝ նախաձեռնելով «Նոր ուղու» գործունեության լուծումն օրենքի պահանջով, սկզբունք ունեմ՝ անպատասխան չթողնել լրագրողի հարցերը, չտեսակավորել ո´չ թեմաները, ո՛չ հարցերը, ո՛չ լրագրողներին… Չեմ նախաձեռնում քաղաքական, հասարակական, կրթական թեմայով հեռուստա-լրագրական ելույթներ և դրանց իմ մասնակցությունը. բայց երբ լրագրողը, ԶԼՄ-ն կարևորում են քո խոսքը, քո կարծիքը, հարգիր հասարակության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը և լրագրողի, ԶԼՄ-ի՝ հասարակությանը (քո մասնակցությամբ) տեղեկացնելու պարտականությունը:

IMG_2463[1]Հեռախոսային թեմա չէ Սիրանույշի առաջարկը, տեղին չէ, բջջային կապն ընդհատումներով է, ու ես առաջարկում եմ հարցերն ուղարկել գրավոր… Ցավոք, իմ բազմազբաղությունը, Շուշիի Նալբանդյան-Խաչատրյան սիրելի ընտանիքի բազմամարդ աշխուժությունն ու համացանցի որակը հնարավոր չեն դարձնում իմ խոստումը (միևնույն է, մեղավոր եմ, խոստմնազանց եղա)։ Ես պիտի ընտրեի օրվա իմ գրի՝ բլոգապատման ու Սիրանույշի երեք, անմեղ թվացող, հարցերին պատասխանելու միջև (իրականում քաղաքական հարցադրում), և, ինչպես տեսաք, շարունակեցի իմ հոկտեմբերի 24-ի25-ի գիրը՝ անխախտ դարձնելով պայմանագիրը բլոգապատման հավատարիմ ընթերցողի հետ, որ արդեն 130 օր անընդհատ է: Բայց կա՛ն լրագրողի հարցերը, հնչել են իմ էլեկտրոնային փոստից, կա՛ հոկտեմբերի 27-ի 15-ամյա տարելիցը, որպես հասարակական-քաղաքական իրդարձություն, որն այսօր է, և կա իմ օրվա գիրը, որով իրականացնում եմ իմ պարտավորվածությունը՝ անարձագանք չթողնել լրագրողի, ԶԼՄ-ի որևէ հարց, առաջարկություն:
Լրագրող Սիրանույշ Պապյանը հարցնում է. «Հոկտեմբերի 27-ից անցել է 15 տարի: Այն, ինչ ունեցանք հոկտեմբերի 27-ից հետո հնարավոր է չունենայինք, եթե տեղի ունեցած չլիներ հոկտեմբերի 27: 27-ից 15 տարի անց ինչ հեռանկար ունի՞ Հայաստանը: Ինչո՞ւ մենք առ այսօր չունենք հոկտեմբերի 27-ի բացահայտում: Կարո՞ղ էինք արդյոք որակապես այլ Հայաստան ունենալ հոկտեմբերի 27-ից հետո»:

IMG_2222[1]Հարգելի Սիրանույշ, ներիր, ուշացումով, այս ձևով քո հարցադրմանն անդրադառնալու համար. ես դրանք իրարից չեմ բաժանի…

1999 թ. հոկտեմբերի 27-ը ես դիմավորել եմ Նուբարաշենի կլոր բերդում. 99-ի մայիսի 14-ին ես կալանավորվեցի, ի դեպ, կրթահամալիրի Մայր դպրոցի բակում, ցուցադրաբար, սովորողների և ուսուցիչների աչքի առաջ, երբ շենքից դուրս էի եկել ու շարժվում էի հայտարարված ասուլիսի… Հասցրել էի նամակ գրել վարչապետ Վազգեն Սարգսյանին, որ իմ կնոջ՝ Արմինե Օհանյանի միջոցով փոխանցել էի… Վարչապետ Վազգենը կարդացել է մինչև վերջ, հուզվել, հետո էլ՝ «թող սպասի Բլեյանը»… Ասել է թե՝ ավելի կարևոր, առաջնահերթ հարցեր կան լուծելու. Վազգենը՝ սպարապետ, ում երևի 1994 թ.-ի մայիսի 12-ից հետո ինչ-որ մի  պահ թվաց, թե մեր նորագույն պատմությունը կերտում է եթե ոչ ինքը միայնակ, ապա կերտվում է իր սցենարով:

Բերդի խցում փոքր հեռուստացույց ունեինք, ամենավստահելի լուրերն այն ժամանակ Ա1+-ի «ԱյբՖե»-ին էին. և ահա, գուժկանի ձևով էկրանին հայտնվում է Լիլիթ Բլեյանը՝ իմ ավագ դուստրը, ով Ա-1+-ի առաջատար լրագրողն էր այդ ժամանակ (նրա հեղինակային երգերի կատարումը վայելեցի 2 օր առաջ «Գաֆեսճյան» թանգարանի պատվավոր դահլիճում)՝ իր հայտնի, աշխարհ նայած հեռուստառեպորտաժով 1999-ի հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովի դահլիճից, նրա շուրջ ծավալվող բուռն զարգացումներից… Կարելի է պատկերացնել իմ արձագանքը և՛ իմ աղջկան, և՛ 27-ի դեպքերին… Փակված քաղաքական գործչին, ծնողին բերդում թվում էր՝ հայոց աշխարհը փուլ է գալիս… Խոստացել եմ իմ բլոգապատումում ռետուշ չանել, պուպուշ չերևալ՝ երեկն այսօր խմբագրելու միջամտություններով: Ահա ինչու՝ ընդհատում եմ գիրս ու պահանջում ընթերցողից շարունակել այն իմ օրագրի ընթերցարանում տեղադրված «Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը»՝ թվագրված 11 նոյեմբերի 1999 թ., «Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր» (սիրելի Վազգենին)՝ թվագրված 10 նոյեմբերի 1999 թ. հրապարակումները: Երկուսն էլ նույնությամբ կգտնեք «Նամակներ կալանատնից» կարմիր գրքույկում, որ հրատարակեցին իմ ընկերները, երբ ես կալանքի մեջ շարունակում էի իմ քաղաքական գործունեությունը՝ հանուն իմ ու ձեր ազատության նոր ուղու: Չեք փոշմանի, կվարձատրվեք ձեր ջանքերի համար. ես չեմ շտապում, դուք կարդացեք իմ՝ թարմ դեպքերի անմիջական անդրադարձը…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել