ArmnewsTV.am-ը գրում է.
Խոր Վիրապը տեսնելու և արևմտահայ գրողներին մոտիկից ուսումնասիրելու համար Վատիկանի կարդինալը նորից Երևանում է: Առաջին այցը 2011-ին էր, երբ համալսարանի նույն կանաչ դահլիճում գերապատիվ Ջանֆրանկո Ռավազիին շնորհվեց բուհի պատվավոր դոկտորի կոչում:
Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահը հայկական պատմությունը ուսումնասիրում է երիտասարդ տարիներից: Ցեղասպանության մասին առաջին անգամ իմացել է Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպն ընթերցելով: Գրառումներ է արել, հետո սկսել ավելի խորքային ուսումնասիրություններ: Կարդացել է Անտոնիա Արսլանի «Մեծ Եղեռն» աշխատությունը, համեմատել Վերֆելի վեպի հետ ու եզրակացրել` Հայոց ցեղասպանության հարցում պատմությունը խեղաթյուրված չէ: Նրա համար առանձնահատուկ տեղ ունեն Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմն ու Տավիանո եղբայրների «Արտույտների Ագարակը»:
Վատիկանի կարդինալը հետը բերել էր Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական ժառանգությանը նվիրված գիրքը, որն ինքն է հեղինակել: Հայերեն և ռուսերեն հրատարակված այս աշխատությունն, ըստ հեղինակի, նոր խոսք է Հայոց պատմության ու քրիստոնեական արժեհամակարգի մասին: Ջանֆրանկո Ռավազին իր աշխատությամբ Եվրոպային կոչ է անում չհեռանալ քրիստոնեական արժեքներից, և Հայաստանն էլ ճանաչելի է դարձնում աշխարհին:
Վատիկանի կարդինալը նաև ցանկանում է Հայաստանում լինել 2015-ի ապրիլի 24-ին, և այցելել Ծիծեռնակաբերդ: Սրբազան հայրը վստահ է, որ կաթոլիկ եկեղեցին այդ օրը հաստատ համերաշխության ուղերձ կհղի: Իսկ ինքը, այդ օրը, որտեղ էլ որ լինի, կկիսի հայերի մեկդարյա վիշտը:
Տեսանյութը՝ այստեղ