Երկու խոսք Կորյուն 23 և 21 շենքերի բնակիչներին և ոչ միայն նրանց։
Կորյունի 23 և 21 շենքերի բնակիչները որոշել են բողոքի ակցիա կազմակերպել Տ. Մարգարյանի տան դիմաց:
Կորյուն 23 և 21 շենքերի բնակիչների ճակատագիրն այսօր շատերն են կիսում՝ հատկապես քաղաքի կենտրոնում բնակվող գրեթե բոլոր շենքերի բնակիչները: Սակայն ի՞նչ կարող ես անել: Ոչինչ:
Պորտաբույծների, ժամանցային պոռնիկների և «կյանքը վայելող» զանազան թափթփուկների «գիշերային ակումբ» կոչված հավաքատեղիները, երիտասարդներին ու դեռահասներին ալկոհոլային ու թմրադեղային կախվածությանը վարժեցնող զանազան ակումբները, բնակիչների խաղաղ կյանքն ու հանգիստը դժոխքի վերածելու նպատակով կարծես ստեղծված և դրա համար անպայմանորեն բնակելի շենքերի նկուղային հարկերում գիշեր-ցերեկ աղաղակող կարաոկեներն ու շատ ու շատ նման «օբյեկտները» մի կողմից, և թաղապետարանները, քաղաքապետարանները, քաղաքում կարգ ու կանոնին հետևելու, մարդկանց հանգիստն ապահովելու համար ստեղծված ու մարդկանց փողերով վարձատրվող տարաբնույթ պետական կազմակերպությունները, նրանց կառավարիչներն ու նրանց կառավարիչների կառավարիչները մյուս կողմից, մի ամբողջական՝ «ախպերական» շղթայի առանձին օղակներն են հանդիսանում: «Օբյեկտների» աշխատանքի բնույթի ու ժամերի թույլտվությունները, ոգելից խմիչքներ վաճառելու և նման մի շարան արտոնությունները հաստատվում և վերահսկվում են թաղապետարանների, քաղաքապետարանների և նման պետական կառույցների կողմից: Այս բոլոր արտոնություններն ու թույլատվությունները «արժեք ունեն» և այսպես է, որ ստեղծվում է այս յուրօրինակ շղթայի օղակների սերտ փոխկապվածությունը:
«Օբյեկտներին» կարգի հրավիրելու, նրանց շրջակայքում տիրող աղմուկ-աղաղակը վերացնելու, «արդարություն հաստատելու» մասին բողոքել, դիմումներ հղել թաղապետարաններ ու քաղաքապետարաններ, ոստիկանություններ ու պետական այևայլ կառույցներ անիմաստ է, քանզի վերջիններիս համար այդ դիմում- բողոքները «մի կտոր հացի» աղբյուր են հանդիսանում: Այդ դիմումների աստիճանից, հասարակական հնչեղության մակարդակից ու մի շարք այլ հանգամանքներից է կախված, թե «օբյեկտի» տերը կամ «տիրություն անողը» ինչքան պիտի «տուգանվի»:
Բողոքողները, ում կյանքը սրանց պատճառով իրոք դժոխքի է վերածված, որպես օրենք, ոչնչի չեն հասնում, ավելին, շատ անգամ «գործը քննող» պաշտոնյաների կողմից «բարոյախրատական» պարսավանքի են արժանանում «չուզողության», «ուրիշի մի կտոր հացին վայիս լինելու» և մի շարք այլ «մեղքերի» համար: Նրանց համար արդյունքը, որպես օրենք, հավասար է զրոյի:
Սակայն սա մեդալի մեկ, հասարակական բարոյականության տեսակետից նվազ վնասակար կողմն է: Երկրորդ կողմն է, որ սարսափեցնում է: Երկրում արդարության հաստատման, կարգ ու կանոնի ամրացմանն ուղղված քաղաքացիների բոլոր բանավոր ու գրավոր այս դիմումները, ծառայում են ՄԵԿ ԵՎ ՄԻԱՅՆ ՄԵԿ նպատակի՝ վերոհիշյալ հանցավոր շղթայի օղակների էլ ավելի պնդանալուն ու ձգվելուն: Համակարգն այնպես է կառուցված, որ այս դիմումներով ու բողոքներով, իր կամքից անկախ, մարդը նպաստում է կաշառակերության էլ ավելի ծաղկմանն ու ընդարձակմանը: Մեր երեխաների ապականմանն ու հասարակության բարոյական անկմանը նպաստող այս օբյեկտների վերացմանն ու փակմանն ուղղված յուրաքանչյուր գործողություն, հակառակը, աներկբայորեն բերում է սրանց էլ ավելի ընդարձակմանն ու ագրեսիվացմանը: