Հայաստանի պետական համալսարանի դասախոսապրոֆեսորական կազմի որոշմամբ երեկ բուհից հեռացվել է բանասիրության ֆակուլտետի ուսանող Ռազմիկ Բազմակրծյանը: Նման խիստ պատժամիջոցի հիմք հանդիսացավ այն փաստը, որ Բազմակրծյանը ինքնուրույն է գրել «փիլիսոփայություն» առարկայից ռեֆերատը և չի օգտվել պատրաստի ռեֆերատներ առաջարկող ոչ մի գրասենյակից կամ կայքից: Ռեկտորատից մեզ վստահեցրին, որ բուհը արել է ամեն հնարավոր բան, որ ռեֆերատներ առաջարկող կազմակերպությունների տվյալները հասանելի լինեն բոլոր ուսանողներին.

«Մեր շենքի դիմաց ամեն սյունի վրա փակցրած ա էլ «էժան ռեֆերատ», էլ «գրի երկու ռեֆերատ, կուրսայինը ստացի անվճար», բայց ուսանողը կարծես դիտավորյալ չէր նկատում»:

1 էջը` 250 դր., տառասխալներով` 220 դր.

1 էջը` 250 դր., տառասխալներով` 220 դր.

Բազմակրծյանից դժգոհ են նաև ամբիոնում. «Հարցը ռեֆերատը չի, հարցը իրա անհարգալից վերաբերմունքն ա բուհի ավանդույթներին, ձևավորված գործառույթներին: Ի՞նչ էր ուզում նա ապացուցել այդ քայլով: Այսօր ինքնագլուխ ռեֆերատներ ա գրում, վաղը երկրում հեղաշրջում կփորձի անել», – բողոքեց ամբիոնի լաբորանտ Անուլ Գաբրիելյանը: Անուլի խոսքերով՝ արդեն տարիներ շարունակ ուսանողները պարզապես գնում են կամ ինտերներից ներբեռնում են ռեֆերատները, ավելացնում են իրենց անունը ու հանձնում: «Դա ժամանակ խնայելու հոյակապ միջոց է. ուսանողը դեռ չի հանձնել ռեֆերատը, մենք արդեն գիտենք՝ ինչ է այնտեղ գրած և ինչ գնահատական պետք է նշանակենք: Իսկ Ռազմիկի քայլը կարծես ապտակ լիներ բոլորիս», – հավելեց Անուլը:

Բուհի ղեկավարությունը խոստովանեց, որ կսահմանափակվեին ընդամենը զգուշացումով, եթե դա լիներ Ռազմիկի առաջին ոտնձգությունը: Նախորդ տարի ուսանողը ինքնուրույն կուրսային աշխատանք էր գրել, որից հետո խիստ նկատողություն էր ստացել: Հազվադեպ չէին նաև դեպքերը, երբ սեմինարներին հարցերին պատասխանելիս Ռազմիկը շեղվում էր թելադրած դասախոսությունից և հարցերին պատասխանում էր` հիմնվելով կողմնակի գրականության վրա: «Մեր գրադարանում լիքը գիրք կա, գնում ինչ-որ կողմնակի գրքեր ա կարդում», – բողոքեց Անուլը:
Բուհը պատրաստ է վերանայել Ռազմիկի դեպքը, եթե նա համաձայնի դառնալ ուսխորհրդի ակտիվ անդամ, սակայն Ռազմիկը ցանկություն չունի դառնալ հանրապետական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել