Konstantin ընթերցողի առաջարկով այսօր պիտի փորձենք անդրադառնալ մի ծավալուն հարցի, որը շոշափելու համար հիմք հանդիասացավ ԲլոգՆյուզի օգտատերերից Ampiki հրապարակած մի նյութը, որի համաձայն կասկածելի «հայտնագործություն» էին արել Գերմանացի երկրաբանները՝ նշելով, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է 26-36թթ-ի միջև։ Այս «հայտանգործությունը» ընդդիմության չէր հանդիպի, եթե երկրաբանները ավելի չհստակեցնեին թվականը՝ որպես խաչելության օր նշելով Ք.հ. 33թ., որբաթ, ապրիլի 3-ը։ Այսպես, այսօր պիտի փորձենք համաձայն Աստվածաշնչի և պատմական փաստերի ցույց տալ իրական թվականը, որն ի դեպ, գիտական աշխարհում վաղուց հաստատված փաստ է։
Բոլորը գիտեն, որ Փրկիչը երկրի վրա ապրեց 33 տարի։ Այդ է հուշում նաև Ավետարանը՝ ասելով, որ «Եվ ինքը Հիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունեությունը» (Ղուկ. 3։21)։ Հայտնի է նաև որ Հիսուսի քարոզչությունն ու գործունեությունը տևել է մոտ 3 տարի։ Հասարակ մաթեմատիկան իսկ պիտի ապացուցի, որ 30 + 3 = 33, ուստիև, կենթադրեք դուք, երկրաբանները ճիշտ էին, որ Հիսուսի Խաչելությունն ու Մահը եղել է Քրիստոսի ծնունդից հետո 33 թվականին։ Բայց արի ու տես, որ թեև թվերը ճիշտ են, տրամաբանությունը ճիշտ է, սակայն եզրակացությունը սխալ է։ Այս հստակեցնելու համար անհրաժեշտ է նախ ճշտել, թե ո՛ր թվականին է ծնվել Հիսուս Քրիստոսը։
Բանն այն է, որ մեր կողմից այսօր կիրառվող տարիների հաշվարկի ակունքում ընկած է 15-դարյա մի սխալմունք։ 525թ. Հռոմի Հովհաննես Ա պապի հանձնարարականով Դիոնիսիոս Կրտսեր կամ Փոքր անունով մի վանական ձեռնամուխ է լինում մի նոր օրացույցի կազմության, որում տարիների հաշվարկը կսկսվեր Հիսուս Քրիստոսի ծննդյան թվականով։ Քանի որ այն ժամանակ հիմնական կիրառության մեջ էր Հուլյան կոչվող օրացույցը, որը հաշվարկի մեկնակետ էր ընդունում Հռոմի հիմնադրման տարին՝ Ք.ա 753թ., ապա Դիոնիսիոսը Քրիստոսի ծննդյան թվական հռչակեց Հռոմի 753թ. դեկտեմբերի 25-ը, իսկ նոր օրացույցի հաշվարկային մեկնակետ՝ Հռոմի 754թ., որը մեր պարագայում համարվում է Ք.հ 1 թ-ը։ Սակայն ինչպես պարզվեց քիչ ավելի ուշ, Դիոնիսիոսը իր հաշվարկներում բավական սխալ էր գտնվել։ Այս կարելի է ապացուցել մի քանի պատմական փաստերով՝
Ա. Հերովդես Մեծի մահը – Համաձայն վերջին ամենահայտնի հետազոտությունների տվյալների՝ Հերովդես Մեծ արքան, որ կառավարել է 37 տարի, մահացել է Հռոմի 750/751թ-ին, այսօրվա թվագրությամբ՝ Ք.ա. կամ մ.թ.ա. 4/3թթ։ Ավետարանը մեզ փոխանցում է, որ այս Հերովդեսի օրոք է ծնվել Հիսուսը, այս Հերովդեսին են այցելել մոգերը (Մատթ. 2։1-15 ) և այս Հերովդեսն է կարգադրել Բեթղեհեմի մանուկների կոտորածը (Մատթ. 16-23), հետևաբար անհնար է, որ Հիսուսը ծնված լիներ 1 թվականին, երբ Հերովդեսն արդեն մահացած էր։
Բ. Մարդահամար – Ղուկաս ավետարանիչը նշում է, որ քանի դեռ Հիսուս ծնված չէր, Հովսեփը և Մարիամը, որպես Դավթի տան շառավիղներ ուղևորվում են Բեթղեհեմ՝ Օգոստոս կայսեր հռչակած մարդահամարին մասնակցելու (Ղուկ. 2։1-7) ։ Ասորիքի կուսակալ Կյուրենիոսի և մարդահամարի մասին պատմական տեղեկությունները անորոշության չափ սակավ են, սակայն պատմաբանները հղվում են Ք.ա. 6/7թթ-ին տեղի ունեցած մարդահամարի վրա։ Միանգամայն պարզ է, որ շուրջ 2000 տարի առաջ գոյություն չունեին կոմունիկացիոն այն միջոցները, որոնք պիտի արագացնեին մարդահամարի ընթացքը, հետևաբար պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ մարդահամարը պետք է որ տևած լինի 2-3 տարի, բայց ոչ երբեք 6-7 տարի, հետևաբար Մարիամի հղացումը և ուղևորությունը դեպի Բեթղեհեմ դարձյալ համընկնում է Ք.ա. 4-3թթ-ի հետ։
Գ. Հովհաննես Մկրտչի գործունեության սկիզբը – Դարձյալ Ղուկաս ավետարանիչը հայտնում է, որ Հովհաննես Մկրտիչը սկսեց իր գործունեությունը Տիբերիոս Կայսեր թագավորության 15-րդ տարում (Ղուկ. 3։1)։ Պատմագիրները Տիբերիոսի՝ Հռոմի կայսր դառնալը հաճախ հաշվում են Օգոստոս կայսերը աթոռակից դառնալուց՝ Ք.հ. 12/13թ-ից սկսած, ինչը և նկատի ունենալով Ղուկաս Ավետարանիչը ակնարկում է մեր թվագրության 27/28 թվականը։ Ահա այս վերջինից հանելով Հիսուսի մկրտության տարիքը՝ 30 տարեկան (հմմտ. Ղուկ. 3։19-21), դարձյալ կստանանք մ.թ.ա 3/4 թվականը։
Դ. Բեթղեհեմյան աստղը – Որոշ ուսումասիրություններ (որոնք, անկեղծ ասած իմ խելքին լիովին հասու չեն) Հիսուսի ծնվելու մերձակա ժամանակաշրջանում հայտնված Բեթղեհեմի աստղը (տե՛ս Ղուկ. 2։1-2 ) կապում են մոլորակների մերձեցման հետ, որը դարձյալ աստղագետների ուսումնասիրության համաձայն տեղի է ունեցել մեր թվագրությունից մի քանի տարի առաջ։ Անձամբ ես այս վերջին վարկածին այնքան էլ տեղ չեմ տալիս՝ երկնային երևույթը համարելով աստվածային հրաշք։
Այսպիսով, եղած փաստերը հաշվի առնելով ստիպված ենք ընդունել համաշխարհային նշանակաության մի «անհեթեթություն»՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎԵԼ Է ՔՐԻՍՏՈՍԻՑ ԱՌԱՋ 3/4 ԹՎԱԿԱՆԻՆ, իսկ մենք այժմ իրականում ապրում ենք Քրիստոսի ծնունդից հետո 2008/2009 թվականը։ Իսկ հիմա, եկեք վերջնահաշվարկ կատարենք՝ տեսնելու, թե երբ են տեղի ունեցել Հիսուսի Խաչելությունը, Մահը և Հարությունը։
Ք.ա. 3/4թ. + 33 (Հիսուսի երկրային կյանքի տարիքը) = Ք.հ 29/30 թվական։
Այս ողջ թվաբանության մեջ կարելի է թույլատրել հաշվարկային 1 տարվա շեղում, սակայն հստակ է, որ երկրաբանների «հայտնագործած» 33 թվականը պատմական սխալմունք է։ Իսկ ինչ վերաբերում է խաչելության օրվան, ապա ճշմարիտ է, որ այն տեղի է ունեցել ուրբաթ օրը, սակայն գիտական հիմնական ուսումնասիրությունները հանգում են ապրիլի 7-ին, սակայն սա միանգամայն այլ և բավական խճճված թեմա է։
Շնորհակալություն։ Հուսամ նյութը մատչելի և օգտակար եղավ։ Չմոռանանք, որ հիշյալ հաշվարկը կա և մնում է սոսկ որպես աստվածաշնչագիտության նվաճում և քրիստոնյա մարդու կյանքում կարող է ծառայել սոսկ որպես գիտելիք: Ես անձնապես ժամանակագրական այս «անհեթեթության» մեջ անգամ տեսնում եմ Քրիստոսի նախահավիտենության, Աստծո` ժամանակից դուրս լինելու խորհուրդը:Աստված օրհնի բոլորիդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: