ՄԱՍ 1

2003թ.-ի սեպտեմբերի 5-ն էր, երբ ինձ հետ կատարվեց այն, ինչի մասին ես դեռ երկար էի հիշելու: Սակայն չէի պատկերացնում, որ դրանից հետո այլևս չեմ ապրելու այնպես, ինչպես առաջ: Դեռ առավոտյան, երբ բացեցի թեյի տուփը և այնտեղից հանեցի վերջին թեյը, ես պատկերացում անգամ չունեի, թե ժամեր հետո ինչ է կատարվելու: Երբ դասավորում էի պայուսակս և կորած գրիչս գտա եղբորս սենյակում, զայրացա վրան ու դուրս եկա, չգիտեի, որ հետո զղջալու եմ: Նախաճաշեցի ընտանիքիս հետ` մայրիկիս, հայրիկիս, երկու փոքր եղբայրներիս և 75-ամյա պապիկիս հետ: Բղավեցի պապիկիս վրա, որովհետև բարձրաձայն էր պատամում, բայց չփորձեցի մտածել, որ, հնարավոր է, նա վերջին անգամ է ինձ հետ ճաշում: Մեզանից և ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ժամեր հետո մեր դուռն է թակելու մի մեծ ողբերգություն, այո մեր ընտանիքի անդամներից մեկն այսօր մահանալու էր…Ասում են անմահ մնալու համար պետք է արժանի գործ կատարես, և մեզ տալու են ժամանակ այդ գործը կատարելու համար: Իսկ եթե գալի՞ս է մահը առանց ժամանակ տալու…Հիշու՞մ են մեզ արդյոք մահվանից հետո, և մենք, հե՛նց մենք ինչքա՞ն ժամանակ ենք կարողանում հիշել մեկին, ով այլևս չկա: Այո, կորուստը ընտանիքի համար իրոք մեծ էր, մեծ էր ողբերգության էթյունը, որովհետև եթե մահը չշտապեր կատարելու առաջին քայլը, այս աշխարհը չէր զրկվի մեկից, ով հետո դառնալու էր մեծ մարդ… Հիմա սկսեմ ամենասկզբից…Երբ ավարտեցի նախաճաշը, արագ դուրս եկա տանից՝ առանց հրաժեշտ տալու որևէ մեկին: Դուրս եկա, բարևեցի հարևանուհուն, ով ինչ-որ գործով էր զբաղված բակում: Նա չէր էլ մտածում, որ ժամեր հետո մեր տանից լսվելու է սարսափելի ողբերգական մի ճիչ, որ թողնելու է իր գործը ու վազելու է դեպի մեր տան կողմը: Մի քանի քայլ էի արել, երբ գետնին գտա մի ծրար, որի վրա հասցե կար նշված: Այո, չի՛ կարելի կարդալ ուրիշի նամակները, չի՛ կարելի, բայց ախր ես այն մարդկանցից չեմ, ովքեր դիմանում են գայթակղություններին: Բացեցի ծրարը…է՜հ. երանի թե ինձնից առաջ մե կ ուրիշը գտած լիներ, երանի չբացեի, թողնեի այդտեղ՝ գետնին ընկած, գնայի…Բայց ոչ. ինչ պետք է լիներ, արդեն եղավ: Բացեցի ծրարը, հանեցի երկու թերթ. գրված էր խիտ և մանր տառերով: Արդեն դասերից ուշանում էի ու չգիտեի՝ կարդամ նամակը և ուշացած գնամ, թե՞ գնամ, այնուամենայնիվ, առանց կարդալու: Չէ, դասերս չեն փախչի, դեռ կհասցնեմ գնալ, բայց նամակը հիմա էր պետք կարդալ, որովհետև չէի դիմանա այդ սպասումին՝ նամանավանդ այն դեպքում, երբ պատահմամբ աչքիս ընկան առաջին տողերը: ՄԱՍ 2 Սեպտեմբերը միշտ սիրել եմ, չէ՛, նրա համար չէ, թե իբր աշունը տխուր է: Սեպտեմբերի մեջ ինձ միշտ մի այլ բան է գրավել. այնտեղ ինչ-որ հանգստություն կա թաքնված, ինչ-որ հաճելի մի հուշ կա: Եթե մյուսների համար գարունն է նոր կյանքի սկիզբը, ապա ինձ համար աշունն է: Կամ միգուցե պարզապես սիրել եմ սեպտեմբերը, որովհետև կանխազգացել եմ՝ կյանքումս ամենամեծ շրջադարձը ինձ պարգևելու է աշնանային այս ամիսը: Մենք երբեք չենք կարող նախապես իմանալ, որ մեզ շրջապատող մարդկանցից որևէ մեկին տեսնում ենք այսօր վերջին անգամ, այլապես գուցե ավելի բարի, ավելի ներող ու հոգատար լինե ինք նրանց նկատմամբ, գուցե դա կարելի է անել, երբ նա դեռ ողջ է, որովհետև չգիտես ինչ կլինի վաղը: Եվ արդեն մահացածից ներում խնդրելը կամ ներելը այլևս ոչ ոքի պետք չէ: Հիմա վերադառնամ սեպտեմբերյան առավոտին, երբ գտա նամակը: Առաջին տողերը միանգամից գրավեցին ուշադրությունս, որովհետև նամակի հասցեատիրոջը ճանաչում էի: Ճանաչում էի ուղղակի, առանց մտերմության, գիտեի միայն անունը, որը չեմ կարող հայտնել նամակի բովանդակությունն իմանալուց հետո: Նա էլ ինձ հետ միասին սովորում էր նույն ակադեմիայում, իրար չէինք էլ բարևում: Ինձ հետաքրքիր էր՝ ով էր նամակը ուղարկել, որովհետև այստեղ կարդացի ինձ համար զարմանալի մի բացահայտման մասին: Այս փողոցով երևի մոտ երեսուն րոպե առաջ անցել է մեր տարեց փոստատարը, հավանաբար մի նամակը հ անելով պատահմամբ այս մյուսը գցել է գետնին ու թողել աննկատ, առանց իմանալու, որ իր այս անզգուշությունը լուրջ հետևանքներ է ունենալու: Նստեցի մեր փողոցից երկու փողոց այն կողմ գտնվող այգում: Սկեսեցի կարդալ. «Բարև, որդի՛ս: Քեզ գրում է քո մայրը, այն մայրը, ով թողեց քեզ 22 տարի առաջ: Գուցե մենք այս տարիների ընթացքում ինչ-որ տեղ բախվել ենք իրար, դուրս ենք եկել իրար դեմ հանդիման, բայց ես չէի կարող ճանաչել քեզ: Ես չգիտեմ՝ ինչպիսին ես դու: Իմացել եմ անունդ, հասցեդ, գիտեմ, որ ապրում ես քեզ որդեգրած ընտանիքի հետ, գիտեմ՝ գիտես, որ նրանք քո կենսաբանական ծնողները չեն: Չգիտեմ, երբևէ մտածել ես իմ մասին, թե ոչ, բայց ապրածս տարիների ընթացքում ես ոչ մի վայրկյան չեմ դադարել մտածել քո մասին…»: Մի պահ դադարեցնեմ նամակի ընթերցումը և ասեմ, որ ես չեմ պատրաստվում պատմել մոր և որդու մասին կամ նրանց հարաբերությունների: Ամբողջ ցավն այն է, որ նրանք ներխուժեցին իմ կյանք: Մինչ ես կարդում էի նամակը, մեր տանը դեռ ամեն ինչ խաղաղ էր, ոչ ոք չգիտեր, թե այս երեկո ընտանիքի անդամներից ով չի լինելու ճաշի սեղանին: Ես նույնպես չգիտեի, թե ով այլևս երբեք չի ճաշի: Այդ պահին տարօրինակ մի բան կատարվեց մեր տանը: Փոքր եղբայրս գնդակը նետել էր հարևանի պատշգամբ և մեր պատշգամբից ձգվել էր հարևանի կողմը, որպեսզի վերցնի գնդակը: Նա առաջ էր ընկել, ոտքը մնացել էր ճաղավանդ ակի արանքում, իսկ ինքը գլխիվայր կախված էր մնացել պատշգամբից: Մեր ամենափոքր եղբայրը փորձում էր բացատրել մայրիկին, թե ինչ է կատարվում եղբորս հետ, որպեսզի մայրս կանխի ամենասարսափելին (նա դժվարությամբ էր խոսում): Իսկ հիմա շարունակեմ կարդալ. «Ես քո երազած մայրը չեմ և չեմ էլ հորինի իմ մասին գոյություն չունեցող պատմություններ: Ես մարմնավաճառ եմ, ես երբեք չեմ մեղադրում ոչ ոքի իմ այս կյանքի համար: Ամբողջ կյանքս անց եմ կացրել շրջապատված ինձ պես կանանցով և հարբած տղամարդկանցով: Այլևս ու՞մ է պետք 48-ամյա կինը…Ոչ ոքի, նույնիսկ այս գործի համար ես այլևս պիտանի չեմ: Եվ նայում եմ իմ անցած կյանքին. ի՞նչ ունեմ ես, ի՞նչ եմ թողել ինձանից հետո…Ոչինչ, ոչ մի բան, ինձ մնացել է մի փտած մարմին: Ես չէի կարող քեզ պահել ինձ մոտ: Երբ ծնվեցիր արդեն որոշված էր, որ քեզ թողնելու եմ մանկատանը, որովհետև եÕ ½ մայր չեմ կարող լինել, ես մի փողոցային կին եմ, ով անզգուշության հետևանքով ունեցավ քեզ, բայց…Առաջին ճիչդ լսելուն պես սիրեցի քեզ, տղա՛ս: Այո՛, դու իմը չես եղել ու չես լինի երբեք, ես արժանի չեմ կոչվելու քո մայրը, դու մայր ունես արդեն: Գուցե մեծ ցավ եմ քեզ պատճառում իմ՝ ով լինելու մասին քեզ հայտնելով, բայց չէի կարող չանել: Ինձ նման կյանքով ապրողները այնքան էլ առողջ չեն լինում, չգիտեմ էլ ինչքան քարշ կտամ այս անբարոյական մարմինը աշխարհիս վրա: Սրա մասին կարող է և ոչ ոք չիմանալ, տղա՛ս, խնդրում եմ թույլ տուր մեկ և մի վերջին անգամ տեսնել քեզ: Դու ինձնով  հպարտանալու ոչինչ չունես, բայց դու իմ միակ հպարտությունն ես: Ուզում եմ՝ գոնե մեկ անգամ տեսնես ինձ, թեկուզ ինչպես մի անծանոթ պառավի: Չեմ կարող գալ քեզ մոտ, խառնել կյանքդ, անհանգստություն պատճառել: Սեպտեմբերի 5-ի երեկոյան՝ ժամը 7-ին, իմ գնացքը կժամանի հյուսիսային կայարան, այնտեղ կսպասեմ քեզ, տղա՛ս, կսպասեմ, որ մի անգամ տեսնեմ քեզ: Խղճա ինձ…Կսպասեմ ինչքան ուզես, կմեռնեմ հենց գնացքի կայարանում՝ քեզ սպասելով, միայն թե գաս: Ես սպասելու եմ…»: Ախր ինչու վերցրի նամակը: Այս պահից սկսած՝ ես ատում եմ աշխարհի բոլոր փոստատարներին: Սա, թերևս, ինձ հետ բոլորովին կապ չունեցող մարդկանց կյանքն է, բայց իմ մեղքով այժմ ես դարձել եմ նրանց պատմությունն ինձ վրա կրողը: Մտածեցի, որ հիմա պետք է շտապ գնամ ակադեմիա ու նամակը տամ տղային…Իսկ ի՞նչ կլինի նրա հետ, իսկ եթե տղան կորցնի իրեն, իսկ եթե նա ինքնասպան լինի՝ իմանալով ճշմարտությունը…Ախր կարող եմ իմ այդ քայլով կործանել նրա կյանքը: Այս մասին մտածելով՝ քայլում էի դեպի ակադեմիա ու մտածում, որ կա նաև հակառակ կողմը, ով սպասում է կայարանում: Ինչպիսին էլ որ լինի, նա մայր է և սպասում է, իսկ սպասումից սարսափելի բան չեմ հիշում, թե կա աշխարհիս երեսին: Բայց նա էլ մի սովորական մարմնավաճառ է, ինձ ի՞նչ, թող չլքեր որդուն…Չէ, չէ, ես չեմ դատողը…Նա մարդ է, նա մայր է…Իսկ եթե նա մեռնի կայարանում…Ես պետք է նամակը տանեմ տղային, իսկ հետևանքների համար ես մեղք չունեմ…Չէ՛, ունեմ. նամակը հանձնողը ես եմ: Ակամայից ես դարձա 2 ճակատագրերի ղեկը իմ ձեռքը վերցնողը, սարսափելի է…Ախր ի՞նչ անեմ: Հասա ակադեմիա: Տղան, ում պետք է տայի նամակը, ֆուտբոլ էր խաղում իր ընկերների հետ, վազում էր, գոռում…Իսկ ես կան գնած էի նրանից մի քանի մետր հեռավորության վրա՝ ծրարի մեջ ձեռքումս պահելով նրա ճակատագիրը: Վայրկյաններ հետո նրա կյանքը գլխիվայր կշրջվի, նա այլևս չի լինի առաջվանը…Ախր իմ փոխարեն կարող էր հենց փոստատարը տված լիներ նամակը, ո՞րն է իմ մեղքը…Ես պետք է տամ նամակը…Ո՛չ, չեմ կարող, ախր ի՞նչ կլինի հետո, ի՞նչ կանի նա…Մոր և որդու՝ միևնույն ժամանակ իրար չճանաչող երկու մարդկանց կյանքի հետագա ընթացքն իմ ձեռքերում է: Ի՞նչ անեմ, ո՞նց դուրս գամ այս իրավիճակից: Տղան նայեց իմ կողմը, նկատել էր, որ սևեռուն նրան եմ նայում, թողեց խաղը ու արագ քայլեց դեպի ինձ:

Ես շփոթվեցի. չգիտեի փախչեի՞, թե՞ մնայի: Թակարդն ընկածի պես ուզում էի օգնություն գոռալ, բայց ու՞մ: Ախր ո՞վ եմ ես այս պատմության մեջ, ի՞նչ անեմ…Տղան հասավ ինձ ու գրեթե գոռալով հարցրեց, թե ինչու եմ արդեն 10 րոպե անընդհատ նրան նայում: Ու ես տանջվում եմ այս տխմարի համար, ով դիմացս կանգնած բղավում է…Ինձ մնում է տալ նամակը ու գնալ…Չէ՛, ախր նա իմ հասակակիցն է, չէ, չի դիմանա, կխելագարվի…Ի՞նչ անեմ, տա՞մ նամակը ու անհանգիստ գնամ, թե՞ չտամ ու տանջվեմ կայարանում սպասող կնոջ համար…Ի՞նչ անեմ…Այս մտածմունքների մեջ էի, երբ ինձ սթափեցրեց  տղայի բղավոցը. նա գոռաց, թե ինչու ձայն չեմ հանում: Իսկ այդ պահին մեր տանը կրկին խաղաղություն էր: Մայրս պատշգամբից իջեցրել էր չարաճճի եղբորս: Խաղաղություն, բայց ինչքան կտևի այն…Պապիկը տանը չէ. փողոցներում ման է գալիս (նա երբեմն կորցնում է հիշողությունը), հայրիկը աշխատանքի է, դե ես էլ այնտեղ տանջվում եմ: Ընտանիքի 3 անդամները բացակայում էին: Իսկ չափազանց կասկածելի արևից հետո ջրհեղեղ է սկսվում: Դեռ առավոտյան ոչ-ոք չէր կասկածում, որ այսօր հրաշալի օր է լինելու: ՄԱՍ 3 Վերջին մաս Արդեն ժամը հինգն էր: Քառասունն անց տղամարդը, հագնելով հսկիչի համազգեստը, դուրս եկավ տանից՝ գնալով հյուսիսային կայարան՝ աշխատանքի, որտեղ նա պետք է իր հերթափոխը սկսեր ժամը 6-ին: Սովորական տրամադրվածությամբ նա մեկնեց աշխատանքի՝ չգիտենալով, որ այսօր սովորական աշխատանքային օր չի լինելու: Իսկ այդ պահին ես դեռ կանգնած էի Կ.Ֆ.-ի (նրա անվան առաջին տառերն են): դիմաց, ով բղավում էր վրաս: Ես վերջապես ուշքի եկա ու նրան ասացի, որ խաղն էի նայում և միգուցե ավելի շատ նրան էի նայում, որովհետև լավ է խաղում: Կ.Ֆ.-ն մի քանի վայրկյան լուռ նայեց վրաս ու առանց որևէ բան ասելու գնաց նորից շարունակելու խաղը: Խորը շունչ քաշեցի, կարծես ամեն ինչ ավարտվել էր: Իսկ հետո՞, հետո ի՞նչ եմ անելու: Մտածեցի, որ պետք է գնամ կայարան, տեսնեմ այդ կնոջն ու պատմեմ այն ամենն, ինչ եղել է մինչ այժմ, իր գրածը նամակը կտամ նրան, ինչ ուզում է թող անի, կարող է նորից ուղարկել կամ անձամ բ գնալ ու տեսնել որդուն, այո՛, այդպես էլ կանեմ: Քայլեցի դեպի ավտոբուսների կանգառը, որպեսզի այդտեղից գնամ կայարան: Մինչ կհասնեի կանգառ, մտա անկյունում գտնվող խանութը ըմպելիք վերցնելու: Այս ընթացքում մայրս երկու եղբայրներիս թողել էր հարևանուհու հսկողության տակ, իսկ ինքը դուրս էր եկել գնումներ կատարելու և նա այժմ նույն խանութում էր, ուր ես պատրաստվում էի մտնել: Հենց մուտքի մոտ իմ դիմաց դուրս եկավ երիտասարդ մի կին,՝ծննդյան տորթի տուփը ձեռքին՝ հեռախոսով խոսելով: Քիչ էր մնում՝ գցեր տուփը, բայց ես բռնեցի, շնորհակալություն հայտնեց ու ես այդ ընթացքում հասցրեցի հասկանալ, որ այսօր նրա ծննդյան օրն է. նա հեռախոսով խոսում էր ամուսնու հետ և ասում, որ հյուրերը երեկոյան 8-ին իրենց տանը կլինեն: Այս կնոջ ամուսինը ոստիկանության սպա էր, և կինը հաստատ չմտածեց, որ ամուսինն այսօր երեկոյան այդպես էլ չի գա տուն տարեդարձի խնջույքին, որովհետև քաղաքում արտակարգ դեպք է պատահելու, իսկ ամուսինը մեկնելու է դեպքի վայր: Խանութը մեծ էր, ես ու մայրս այդպես էլ չհանդիպեցինք իրար: Գուցե եթե նա տեսներ ինձ, ես այդպես էլ չէի գնա կայարան, բայց ոչ, նա չտեսավ ինձ: Բարձրացա ավտոբուս ու նստեցի մի երիտասարդ աղջկա կողքին: ԵÕ ½ ամբողջ ճանապարհին մտածում էի, թե ոնց բացատրեմ կնոջը՝ ինչ է եղել իր գրած նամակի հետ: Երիտասարդ աղջիկը իջավ հիվանդանոցի կանգառում: Արդեն 2 օր էր, ինչ նա աշխատում էր շտապ օգնության բաժանմունքում և այսօրվա իր աշխատանքային օրը դժվար թե կարողանար մոռանալ մոտակա տարիների ընթացքում: Անձրև սկսվեց, սովորական աշնանային անձրև, բայց ինչ-որ բան այդքան էլ սովորական չէր: Արագ իջա կայարանի աստիճաններով, տեսա, որ ժամը 7-ն անց 10-է: Կայարանում շատ մարդ կար, փորձեցի հասկանալ՝ ով կարող է լինել այն կինը, ում փնտրում եմ: Նամակը ձեռքումս էր: Ընդամենը մեկ վայրկյան աչքովս ընկավ դիմացի մայթին կանգնած մի կին, ով ուշադիր նայում էր ինձ: Գնացքն անցավ մեր մեջտեղով՝ բաժանելով մեր հայացքներն իրարից: Տեսադաշտը նորից ազատ էր: Ես կամուրջի վրայով անցա մայթը և տեսնում էի, որ կինը հայացքը չի կտրում ինձնից, հասկացա, որ նա է…Բայց ինչու՞ է այդպես ինձ նայում…Միայն որոշ ժամանակ հետո հասկացա, որ նամակը տեսել է ձեռքումս: Թեև նա նամակում իրեն այդքան էլ լավ չէր նկարագրել, բայց բավական գեղեցիկ տեսք ուներ: Կինն ուշադիր նայեց ինձ մինչ մոտենում էի նրան ու աչքերից արցունքներ թափվեցին: Մոտեցա՝ նամակը առաջ բերելով ու միանգամից բարևեցի: Չհասցրի շարունակել, երբ կինն ինձ անվանեց «տղաս»: Ա՛յ հենց այդ պահին ես ինձ անհարմար զգացի և ասացի, որ իր տղան չեմ, փորձեցի սկսել պատմությունը, բայց կինն ինձ ընդհատեց ու ասաց, որ հասակնում է, թե իբր ես ատում եմ իրեն և չեմ կարող ինձ նրա որդին համարել…Այո՛, կնոջը թվացել էր, թե ես եմ իր որդին, և, կարդալով նամակը, եկել եմ կայարան: Չգիտեի, որ այստեղ գալով՝ նման իրավիճակում հայտնվելու հնարավորություն եմ ունենալու: Լավ, բայց հիմա ի՞նչ է լինելու: Փորձեցի համառել ու ասացի, որ ինձ սխալ է հասկացել, որ ես նրա տղան չեմ, որ նամակը գտել եմ&helli p;Այդ պահին կինը, առանց ինձ լսելու, ձեռքիս մեջ դրեց մի ծրար ու ասաց, որ դա իմն է: Ախր ես տանել չեմ կարողանում այլևս ոչ մի տեսակի ծրար…Կայարանում՝ բոլորի աչքի առաջ, ծնկի եկավ ու խնդրեց, որ իրեն ներեմ: Ես շփոթվեցի. հավաքված մարդիկ մեզ էին նայում: Կինը բռնեց հագուստիցս ու նորից լաց լինելով՝ խնդրեց, որ ներեմ իրեն, մի բառ միայն, ասեմ, որ ներում եմ, որ կարողանա ապրել…Ու կգնա հեռու, այլևս հանգիստ կթողնի ինձ: «Ների՛ր ինձ տղաս», – անըդհատ ասում էր նա: Հավաքված բազմության հայացքները ճնշում էին ինձ: Ձեռքերս սկսեցին դողալ…«Ներում եմ», -վերջապես բղավեցի ես ու, նրանից փախչելով և շփոթված, էլի մի անգամ ասացի, որ ներում եմ ու խառնվեցի հավաքված մարդկանց, փորձեցի դուրս գալ կայարանից: Կայարանի հսկիչը մոտեցավ կնոջը, նրան ջուր տվեց, հետո նայեց նրա թղթերն ու նստեցրեց գնացք: Երկու նամակները ձեռքումս պահած՝ փորձում էի դուրս գալ կայարանից: Մարդիկ վազում էին. ոմանք ուշանում էին մեկնելուց, ոմանք պետք է դիմավորեին իրենց հարազատին: Այս պահին մայրս սեղանն էր պատրաստում՝ ճաշելու համար: Ես դեռ կայարանում եմ: Գետինը թաց է: Ինչ-որ մեկն անցնելուց հրեց ինձ, և երկու նամակներն էլ ընկան ձեռքիցս ուղ իղ գնացքի ռելսերին… Ես երկրորդ նամակը չէի բացել, բայց գիտեի, թե ինչ կա այնտեղ, շատ լավ գիտեի և ինքնաբերաբար ձգվեցի, որ բռնեմ ծրարները, երբ նրանք դեռ օդում էին: Ու, ծրարների հետ միասին, ընկա ուղիղ ռելսերի վրա: Ուժեղ ցավ զգացի. ձեռքս երևի կոտրել էի, բայց այդ պահին ավելի ուժեղ լսեցի կայարանում գտնվող մարդկանց բղավոցները…Այո՛, թվում է, թե ժամանակ կա, թվում է, թե ամեն ինչ դեռ առջևում է…Լսեցի մյուս, ավելի ուժեղ ու սարսափելի ձայնը. գնացքը մոտենում էր: Չէ՛, չէ՛, բառեր չկան, այդ պահին ես ոչ մի բան չհասկացա, չէ՛, ժամանակ չկար…Գնացքը ջարդուփշուր արեց ինձ: Հենց այս պահին ընտանիքս աշխարհի երեսից կորցրեց իր ավագ որդուն…Հենց այս վայրկյանին մայրս կորցրեց իր որդուն, ում պահել ու մեծացրել էր 22 տարի և անարդյունք, այո՛, անարդյունք. ես ոչինչ չհասցրի անել: Գնացքը սառնասրտորեն այլանդակեց երիտասարդ մարմինս, թեև ես Աստծու կողմից ստեղծված հոյակերտ մի կերտվածք էի, մեկը, ով հետագայում կարող էր փոխել աշխարհը և ում նման երկրորդը այլևս չէր լինի, ես վստահ եմ դրանում…Բայց ես այլևս չկամ: Մայրս վերջացրել էր սեղան պատրաստելու արարողությունը: Հարևանուհին դրսում լվացքն էր հավաքում անձրևի հետևանքներից խուսափելու համար: Մի քանի րոպեից մայրս կստանա զանգ, և նրան կհայտնեն լուրը: Զանգեցին…Հարևանուհին, ով բակում լվացքն էր հավաքում, բարձր ճիչ լսեց մեր տանից ու, թողնելով գործը, վազեց դեպի մեր տուն: Ամեն ինչ պարզ էր: Ի՜նչ հեշտ է զանգահարել մորը և հայտնել, որ որդին ընկել է գնացքի տակ ու մահացել, իսկ ինձ համար չափազանց դժվար էր հայտնել որդուն, որ նրա մայրը…Դե արդեն պարզ է: Ավարտեցի կյանքս՝ առանց տեսանելի ու երևակայելի ինչ-որ բանի հասնելով: Ախր ես այդքան էլ բարի չէի, ինչպե՞ս ստացվեց, որ հանուն անծանոթ մարդկանց ինձ զոհեցի: Ես հիանալի կերպով դասավորեցի նրանց կյանքը. տղան երբեք չիմացավ իր անցյալի մասին, մայրն էլ կարծեց թե որդին ներել է իրեն…. Է՜հ լավ, միևնույնն է, ամեն ինչ արդեն եղել է: Այո՛, աշունը չի կարող կյանքի սկիզբ խորհրդանշել: Թերևս, ինձ ժամանակ չտվեցին անելու այն ամենն, ինչ պետք է անեի…Իսկ եթե իմանայի, որ ժամանակն այդքան ժլատ է գտնվելու իմ հանդեպ, գուցե շտապեի, 22 տարիներն այդքան էլ քիչ չեն, կարելի էր օգտագործել կյանքի ամեն մի վայրկյանը, բայց մենք կարծում ենք, թÕ ¥ դեռ շատ ժամանակ ունենք: Հուղարկավորությանս օրը զարմացա՝ տեսնելով Կ.Ֆ.-ին…Ինչու՞ էր նա եկել…Չէ՞ որ ոչինչ չգիտեր ու չի էլ իմանա…Ինչու՞ էր եկել…Երևի հիշել է, որ մահվանս օրը վիճել է ինձ հետ, ազդվել ու եկել էր…Չգիտեմ: Եվ ի վերջո, ձեռքիցս ընկած ծրարներն այդպես էլ մնացին գետնին ընկած: Չգիտեմ՝ դրանք պատռվեցին, թե՞ ինչ եղան. այդ օրվանից անցել է արդեն տասը տարի: Ես խնամքով թաքցրի այն, ինչ գտա երկրորդ նամակում: Դրա մասին հավերժ լռում եմ, բայց եթե մի օր հանակարծ փողոցում կամ որևէ այլ տեղ գտնեք հին ու փակ մի նամակ…Դա իմն է…Ավելի լավ է, չբացեք ու չկարդաք: ՎԵՐՋ 28.09.2014թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել