Այսօրվա հանրահավաքից շատերը մեծ սպասելիքներ ունեն և բնականաբար մասնակցելու են, ինչը ողջունելի է, բայց անդրադառնանք նրանց, ովքեր դեռ մինչև հանրահավաքը արդեն վստահ են, որ ոչինչ չի լինելու, դեռ մյուսներին էլ կոչ են անում չգնալ ու չխաբվել, քանի որ ոչ մի հեղափոխություն չի լինելու:
Միանգամից ասեմ, որ ես չգիտեմ, թե այսօր ինչ կլինի հանրահավաքում կամ դրանից հետո, բայց հանրահավաքի իմաստը կայանում է հենց նրանում, որ կոնկրետ պահանջներն ու հայտարարություններն արվեն հանրահավաքում, ոչ թե դրանից առաջ կամ հետո, ինչի նկատմամբ արձագանքից և մարդկանց ներկայության քանակից էլ կլինի շարունակություն գործողությունների տեսքով կամ չի լինի: Ակնհայտ է, որ որքան էլ իշխանությունները պնդեն, թե իրենք լավ են կառավարում երկիրը, ոչ մի խնդիր չեն տեսնում ընդդիմության հանրահավաքների մեջ, բայց կուլիսներում գրեթե բոլորը խոսում են, որ այսպես երկար շարունակել չի լինի, միաժամանակ աշխատանքի բերումով ստիպված են քննադատել ու փնովել ընդդիմությանը: Ակնհայտ է նաև, որ նույն իշխանությունների կողմից լուրջ կդիտվի այն պահանջը, որի շուրջ կա հասարակական լայն համախմբում, իսկ եթե դուք տնից պահանջում եք հրաժարականներ, բայց հրապարակ չեք ներկայանում, ապա իշխանությունները դատում են նրանով, թե որքան մարդ է հավաքված հրապարակում, իսկ տնից պահանջողները կշարունակեն մնալ տանը ու պահանջել, վերջում էլ մեղադրել Եռյակին, որ չկարողացան իշխանափոխություն իրականացնել կամ հրաժարականներ պահանջել:
Ուստի այսօր՝ ժամը 17:00-ին, գնում ենք Ազատության հրապարակ և մասնակից ենք դառնում արդեն սկսված իշխանափոխության գործընթացին, իսկ դա կլինի այսօր, մի շաբաթից թե մի ամսից՝ կրկին կախված է բացառապես մեզանից յուրաքանչյուրից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10202904124672162
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել