Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից այսօր` սեպտեմբերի 9-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված քրեական գործը հարուցվել է այսօր ժամը 13:00-ի սահմաններում Երևանի Օրբելի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Երևանի Ավան 4-րդ փողոցի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 17-ամյա Նորայր Խաչատրյանը, վարելով Արթուր Խալաթյանի անվամբ հաշվառված «Ֆորդ Մոնդեո» մակնիշի 15 ՍՏ 570 համարանիշի ավտոմեքենան, Օրբելի փողոցով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին, ապա ճամփեզրին կայանած «Դաֆ» մակնիշի 19 ՍՍ 078 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին, որից հետո մայթեզրի պատին:
Վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ Երևանի Էստոնական փողոցի 7-րդ շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Դավիթ Գրիգորյանը, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 21 ա շենքի բնակիչ Սլավոնական համալսարանի տնտեսագիտական Ֆակուլտետի ուսանող 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 կլինիկական համալսարանական հիվանդանոց, իսկ Երևանի Վարդանանց փողոցի 16/1 շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 18-ամյա Գայանե Մարկոսյանը և Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցք 10 շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի մարքետինգի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկտորյա Ալոյանը «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին, ստացած մարմնական վնասվածքներին չդիմանալով, մահացել է:
Վիրավոր վարորդին և ուղևորներին վթարի վայրում առաջինը օգնություն են ցուցաբերել անցորդները և Օրբելի փողոցի վրա գտնվող զինվորական զորամասի զինվորները, որից հետո դեպքի վայրում սկսել են աշխատանքներ տանել փրկարարները և ոստիկանության աշխատակիցները:
Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածներից Գայանե Մարկոսյանը Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի դուստրն էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի