5-րդ գումարման Ազգային ժողովն ունի 6 խմբակցություն: Պատգամավորական խմբեր չկան: Խորհրդարանում են Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» կուսակցություններն ու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը:
ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված է 68, ԲՀԿ խմբակցության կազմում՝ 36, ՀԱԿ –ում՝ 7, ՕԵԿ-ում՝ 6, ՀՅԴ-ում և «Ժառանգություն»-ում ՝ 5-ական պատգամավոր: Խմբակցություններում չընդգրկված պագամավորները խորհրդարանում 2-ն են: Ընդդիմադիր լինելու մասին հայտարարել են խմբակցություններից երեքը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն:
Խնդրում եմ նկատեք, որ ԲՀԿ-ն մինչ օրս չի հայտարարել ու չի հայտարարում, որ ընդդիմադիր է, իսկ Գագիկ Ծառուկյանը ամենաշատ բացականեր ունեցող պատգամավորն է:
Օրինաստեղծ աշխատանքում խորհրդարանի նախաձեռնողականության
մակարդակը նախորդ նստաշրջանի համեմատ նվազել է: Եթե 4-րդ նստաշրջանի
ընթացքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային
հարաբերակցությունը 87/13 էր, ապա 5-րդ նստաշրջանում` 95/5:
Սա նշանակում է, որ ԱԺ ՕԳԳ 5 տոկոս է, իսկ եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում 131 պատգամավորից ունի 70 պատգամավոր և կարող է անցկացնել ցանկացած օրենք, որի ականատեսն էլ մենք լինում ենք, ապա իրենց ընդիմադիր հայտարարած խմբակցությունների ՕԳԳ-ն հավասար է զրոյի:
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի պատգամավորների մեծ մասը ընտրեց ներկայիս դատախազին, ով արդարացրեց Սուրիկ Խաչատրյանին: Նրանք չկարողացան տապալել և թույլ չտալ Հայռուսգազարդի օտարման ու ՀՀ ստորացման գործարքը, նրանք չկարողացան լուծել պարտադիր կուտակային թոշակի մասին օրենքի հարցը: Նրանք ԱԺ-ում, բացի պոպուլիստական ելույթներից և իրենց ներկայությամբ ԱԺ-ում ներկայիս իշխանության կյանքը երկարացնելուց, ուրիշ ոչնչով չեն զբաղված: Չնայած, կա ևս մեկ բան: Նրանք աշխատավարձ են ստանում ժողովրդի հարկերից և ոչ քիչ աշխատավարձ: Եթե հաշվենք եռյակի ստացած չոր աշխատավարձերի գումարը, ապա կստացվի, որ 47 պատգամավորը ամսական ստանում են 31 մլն-ից ավել գումար: Այստեղ ես չեմ հաշվում խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների ղեկավարների ու նրանց տեղակալների ստացած լրացուցիչ գումարները, նրանց օգնականների ու փորձագետների աշխատավարձերը, ինչպես նաև խմբակցություններին տրամադրվող լրացուցիչ գումարները և ավտոմեքենաները իրենց ծախսերով: Եթե այս ամենն էլ գումարենք, ապա կստացվի ահռելի գումար, որը կարող էր նաև սոցիալական լուրջ ծրագրերի ծառայել:
Հիմա ասեմ, թե ինչու չեմ ԱԺ ոչ իշխանական կուսակցություններին լուրջ ընդունում:
Վերը շարադրվածից տեղյակ են բոլորը, բայց իրենց ընդդիմադիր հայտարարածները շարունակում են պահել իրենց մանդատները, շարունակում են ստանալ աշխատավարձեր, օգտվել պատգամավորին ընձեռված արտոնություններից, շարունակում են երկարացնել այս իշխանության կյանքը և ավելին, նրանք շարունակում են մաս կազմել այս հանցավոր իշխանությանը՝ մնալով օրենսդիր իշխանությունում:
Այսքանից հետո ես նրանց ելույթները ավելին, քան պոպուլիզմ չեմ կարող բնորոշել, իսկ նրանց էլ համարում եմ իշխանության մասնիկ, որը երկարացնում է այս իշխանության կյանքը: