Թումանյան փողոցում իմ վարձած մեկսենյականոցից ձայները լսելի էին: Ձայն չէր… աղմուկ էր, սարսափելի աղմուկ… որպիսին երբեք չէի լսել… Բարձրախոսի խշխշոցի միջից միայն հրամայական ձայներանգ էր լսվում…
Չէի կենտրոնանում, պիտի հոդված վերջացնեի… Երկու-երեք անհաջող փորձից հետո անջատեցի համակարգիչը:
Դեռ խլացնում էին ձայները, երբ դուռը թակեց ոսկերիչ հարեւանս:
- Տեսել ե՞ս` քաղաքում ինչ ա կատարվում :
- Չէ, ի՞նչ ա կատարվում :
- Փակվել ես էս չորս պատի մեջ, դուրս չես գալիս, Օպերայի հայաթում խայտառակություն ա, ոնց որ խփոցի ա սկսվել :
- Ովքե՞ր են խփում :
- Դե… լեւոնականները :
- Բայց ու՞մ են խփում :
- Արա, դե չեմ հասկանում, հագել են միլիցեքին ոնց որ : Չգնա՞նք :
- Չէ, գնում ենք, ի՞նչ անենք :
- Ո՞նց թե : Բա մեր երկիրը չի՞ :
- Հա, մեր երկիրն ա : Կոֆե կխմե՞ս :
Հարեւանիս հետ սրճեցինք: Ձայները գնալով ուժգնանում էին, այս անգամ չէր լսվում <<առաջնորդի>> ձայնը, ի տարբերություն նախորդ օրերի, երբ միայն նրա ձայնն էր լսվում…
- Ձենը դուրս չի գալիս,- ասացի,- կարող ա՞ էսօր չի էկել :
- Ո՞վ, Լեւոնը՞:
- Հա:
- Չէ, այ ախպեր ջան, ո՞նց կարա չգա:
- Եսիմ, հարցրի ուղղակի:
Սուրճն էլ չէր խմվում… Աղմուկը երբեմն ոռնոցի էր վերածվում, այդ օրն առաջին անգամ <<պայքար>> բառից նողկանք ապրեցի: Ես ուրիշ պայքար եմ տեսել, ամենեւին ուրիշ կռիվ, ուրիշ հաղթանակ…
- Դե լավ, քարը փեշիցդ թափի, գնանք-տեսնենք`ինչ ա կատարվում:
- Ի՞նչ պիտի կատարվի,- ասացի,- չես լսու՞մ`ինչ ա կատարվում:
- Ախպեր, ասում ա միլիցեքի վրա են քշում:
- Բա միլիցեքն ի՞նչ են անում, կանգնած նայում ե՞ն:
- Վեր կաց, այ ախպեր, վեր կաց գնանք…
Համոզեց: Մենք դուրս եկանք ու քայլեցինք դեպի Ազատության հրապարակ… Ինչ էլ անուն ունի… Ազատության հրապարակ… Ամեն կերպ կարելի է կոչել այդ հրապարակը, միայն ոչ էդպես… Ազատություն բառն այդ հրապարակի հետ կապ չունի, հիմա արդեն չունի… Սա դարձավ(դարձրին) սարսափների, ամբիցիաների, հիվանդ, տենդոտ սկզբունքների հրապարակ, սա մոլորության հրապարակն է, սա կորուստների հրապարակն է, բայց ոչ Ազատության…
Չէ, <<առաջնորդը>> չի երեւում, չգիտեմ` էստեղ է, թե ոչ, բայց չի երեւում… Ամեն ինչ իրար է խառնվել, քաղաքը խռխռում է հոգեվարքի մեջ… Ոչ մի նվիրական բան չկա այս անիծյալ հրապարակում… Անտաղանդ թատերագրի գրած կատաղի ներկայացում, որտեղ վերջում զոհվում է հանդիսատեսը… Նա էլ հեղինակի ստեղծած հերոսն է, սովորական կերպար…
… Մենք բավականին հեռու էինք կանգնած բոլորից… Մեզ մոտ միայն մի քանի ոստիկաններ էինք ու նրանցից մի քանի անգամ ավելի քիչ հետաքրքրասերներ: Պատահական աչքս ընկավ համակուրսեցուս… Երեւում էր, որ նա էլ ինձ նման է հայտնվել այստեղ, նրան էլ իմ ոսկերիչ հարեւանի պես մեկն է պատահել: Ես փորձեցի չտեսնելու տալ, հայացքս փախցրի այն ժամանակ, երբ ինձ դեռ չէր նկատել, բայց վայրկյաններ անց նա տեսավ ինձ ու քայլեց դեպի ինձ:
- Ում ասես կարելի էր էստեղ հանդիպել,- ասաց թեթեւ ժպտալով,-բայց ոչ քեզ:
- Ես պատահական եմ էստեղ,- ասացի:
- Արդարանում ե՞ս,- ծիծաղեց:
- Չէ, ինչի՞ համար պիտի արդարանամ, ուղղակի իսկապես պատահական հայտնվեցի էստեղ:
- Ես էլ, քայլում էինք տղերքով, հետաքրքրեց:
- Իսկ ինձ չհետաքրքրեց,-ասացի,- ուղղակի էնպես ստացվեց, որ հայտնվեցի էստեղ:
- Չէ, դու իսկականից արդարանում ես,- դարձյալ ծիծաղեց:
Մենք մի քանի րոպե զրուցեցինք, հետո նա գնաց, ու ես էլի մնացի մենակ` <<առաջնորդի>> հայացքն աչքիս առաջ…
Չկայացած արքայի վերջին խոսքերը, որ տեղ չէին հասնում… Մարդիկ նայում էին նրան, ոմանք չէին էլ նայում… ոմանք գարեջուր էին խմում ու արեւածաղիկ ուտում… Բա ո՞նց… Դա չռթելու նվիրական պահն էր… Հայհոյելու պահը… Ոստիկան սպանելու պահը, երիտասարդ ոստիկանին ծառայողական պարտքը կատարելու ժամանակ կյանքից զրկելու պահը… Հիմար խոսքեր էին ասում լրատվամիջոցները… Ասում էին, որ ոստիկաններն ու ժողովուրդն իրար դեմ են դուրս եկել… Ոստիկանը, փաստորեն, ժողովուրդը չէր, հա՞, ոստիկանն այդ ժողովրդի մասնիկը չէր… Իսկ ո՞վ էր ոստիկանն էդ դեպքում… Կամ ո՞վ էր ժողովուրդը… Նա, ով եկել էր իր ապագայի հետեւի՞ց, թե՞ նա, ով խանութ էր թալանում, նա, ով հավատում էր իր զավակի վաղվա օրվա՞ն, թե՞ նա, ով ոստիկան էր սպանում, նա, ով իր երազանքների երկի՞րն էր ուզում, թե՞ նա, ով պարապ էր մնացել… Բոլորն իրար էին խառնվել այդ երեկո… Բոլոր տեսակները… Ես էլ ինչ-որ տեսակ էի այդ օրը… Անհասկանալի տեսակ, որ հայտնվել է սարսափների հրապարակում…
- Գնա՞նք,- ասացի,- լիքը գործ ունեմ:
- Արի մի քիչ էլ մնանք:
- Չէ… ես գնում եմ… եթե ուզում ես, մնա:
- Լավ,- ասաց,- ես կմնամ…
… Հետդարձը տուն ավելի արագ ստացվեց, քան տնից հրապարակ ճանապարհը… Ես արագ էի քայլում, կարծես փախչում էի ինչ-որ մեկից, ես չէի նայում դիմացս, մարդկանց աչքերին չէի նայում, ես գետնին էի նայում, նայում էի փոշոտ կոշիկներիս ու ավելի արագ քայլում… Ես չէի ուզում որեւէ մեկին տեսնել, ես չէի ուզում որեւէ մեկին ճանաչել այդ երեկո… Ես չէի ուզում…
… Հասա տուն… Համակարգիչս միացրի… Կիսատ թողած հոդվածիցս երկու նախադասություն գրեցի… չստացվեց… անջատեցի համակարգիչը… Ոսկերիչի հետ կիսատ խմած սուրճս գլուխս քաշեցի…Միացրի հեռուստացույցը… Քոչարյանը քաղաքում արտակարգ դրություն հայտարարեց…
Օգոստոս-սեպտեմբեր 2012թ.



