Պահանջու՛մ ենք իշխանափոխությու՛ն, համակարգափոխությու՛ն, կաշառակերության վերացու՛մ, արդարությու՛ն, արդար ընտրություննե՛ր ...
Լա՜վ, դեռ չհոգնեցինք, որքա՞ն կարելի է ավազակապետությունից, հանցագործ բռնատերերից շարունակ միամտաբար բան «պահանջել» և այն էլ՝ պահանջել իր կործանումը: Յուրաքանչյուր այս կարգի պահանջը յոթը գլխանի հրեշի գլուխներից մեկն է, և մենք հրեշից հերթով «պահանջում» ենք կտրել սեփական գլուխները: Մեր պահանջատիրությունը նույնն է, թե հասարակաց տանը բարոյականություն պահանջենք, գողական զոնում արդարություն ու օրենք պահանջենք, քարանձավում արև պահանջենք:
Վերջապես ե՞րբ պետք է հասկանանք, որ Հայաստանը գերված է օտարի դրածո հանցագործների ոհմակի կողմից, իսկ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելը, առավել ևս պահանջել՝ հ ե ռ ա ն ա լ ը, ոչ միայն միամտություն է, այլ նաև ծիծաղելի: Ստրկապետություններում՝ բոլոր ժամանակների և բոլոր տեսակների, ստրուկները, միայն ՄԵԿ ՊԱՀԱՆՋ ԵՆ ունենում՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, որը նվաճում են ՊԱՅՔԱՐՈՎ, այլ ոչ թե պահանջագրերով կամ մուրհակներով:
Վերջապես մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքը բացառություն չի կարող լինել և այս հարցում՝ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ ՉԷ՛: Բոլոր նրանք, ովքեր ժողովրդին բացի Հայաստանի ազատագրումից և բռնապետության տապալումից այլ «պայքարների» են տանում կամ ռեժիմի դրածոներն են կամ քաղաքական արկածախնդիրներ: Վերջապես մենք չեն կարող այն աստիճան կույր կամ մեծամիտ լինել, որ հաշվի չառնենք մարդկության անցած ուղին՝ անտեսելով բռնապետությունների տապալման փորձը: Հանցագործից չեն պահանջում, նրան վնասազերծում ու դատում են...