Միշտ էլ ցանկանում էի ներկայացնել ռեբրենդինգի օրինակներ, որոնք շատ տպավորիչ կլինեն Ձեզ համար և բավականին ծանոթ: Կարծում եմ, որտեղ էլ տեսնեք ինքնաթիռներ, միանգամայն կտարբերեք S7-ին, ուստի հենց այս ընկերության օրինակը իրականում համապատասխանում է իմ մտահաղացմանը: Սկզբում կներկայացնեմ “Авиакомпания Сибирь” ընկերությանն, այնուհետև նրա կողմից իրականացված ռեբրենդիգն ու հետևանքները:
Այսօր S7 Airlines-ը երկրորդն է Ռուսաստանում Аэрофлот-ից հետո ուղևորափոխադրումների քանակով: Նախկինում “Авиакомпания Сибирь”, իսկ հիմա S7 Airlines-ի ակտիվները 100%-ով պատկանում են ամուսիններ Նատալյա և Վլադիսլավ Ֆիլևներին: Ընկերության պատմությունը սկսվում է 1957 թվականից “Авиакомпания Сибирь” անվանումով, իսկ արդեն 90-ականներին սեփականաշնորհվում է: 2006 թվականից արդեն ընկերությունն ուներ նոր բրենդ, նոր գույն, նոր ռազմավարություն: Ռեբրենդինգի գաղափարն առաջին անգամ ի հայտ եղավ այն ժամանակ, երբ ընկերությունը 2002 թվականին գնեց «Внуковских авиалинии» ընկերությունը: Ղեկավարները եկան այն եզրակացության, որ պետք է դուրս գալ ազգային շրջանակներից, ինչն էլ նշանակում է նոր անվանում, նոր ռազմավարություն և նոր գաղափարներ: Այս առթիվ Նատալիա Ֆիլևան մի հիանալի միտք է արտահայտում: Ըստ նրա, ռուսական շուկայում առկա է երկու տեսակի ավիաընկերություններ՝ Аэрофлот-ն ու մնացածը: Իրենց նպատակն է Սիբիրը դարձնել մի յուրահատուկ երևույթ: Աշխատանքից հեռացվում է ընկերության 1000 աշխատակից և մնացած 4300-ի հետ պլանավորվում է կառուցել նոր ավիաընկերություն: Առաջին հետաքրքիր քայլը, որ ընկերությունն արեց, դա օն-լայն տոմսերի վաճառքն էր, որն աննախադեպ էր Ռուսաստանում: Դա թույլ տվեց ընկերությանը կրճատել տոմսերի գինը 6%-ով, որն էլ արդեն մեծ հաճախորդների բանակ ապահովեց:
Քանի որ ընկերության անվանումն ավելի մարզային բնույթ էր կրում, հարկավոր էր փոխել այն, որպեսզի մտնել միջազգային շուկա: Սա շատ պարզ քաղաքականություն էր, քանի որ Սիբիր բառն իրենից արդեն ներկայացնում էր ոչ թե միջազգային ուղևորափոխադրումներ, այլ ուղղակի ավիաընկերություն, որի գործունեությունը ծավալվում է միայն Ռուսաստանի ներսում: Ֆիլև ամուսիններն այս խնդրի լուծման համար սկսեցին փնտրել համապատասխան մասնագետ և գտան նրան՝ Ստանիսլավ Զինգելին, ով մինչ այդ ոչ մի առնչություն չի ունեցել ավիացիայի հետ: Միևնույն ժամանակ երկու ռուսական ավիաընկերություններ սկսեցին զբաղվել իրենց իմիջի փոփոխմամբ՝ «Тюменьавиатранс»-ը վերափոխվեց UTair, «Аэрофлот»-ը անվանափոխում չարեց, այլ ուղղակի բրենդի գունային գամմայում որոշ փոփոխություններ մտցրեց ու միանգամիայն բարելավեց սպասարկումը: Հարկավոր էր պատասխանել մրցակիցներին, ինչն էլ պահանջվում էր Զինգելից: Զինգելը միանգամից տենդեր հայտարարեց, որին մասնակցեցին այնպիսի իմիջմեյքինգի գիգանտներ, ինչպիսիք էին Wolff Olins, Trout & Partners, Burson-Marsteller և Landor Associates ընկերությունները:
Հետաքրքիրն այն է, որ Սիբիրի բոլոր մարքեթոլոգները միանգամից ցանկանում էին աշխատել Trout & Partners-ի հետ, քանի որ այստեղ կարող էին հանդիպել համաշխարհային մարքեթինգի գուրու Ջեկ Տռաուտին: Մի քանի անհաջող փորձերից հետո 2004 թվականին Տռաուտը ժամանում է Մոսկվա, որտեղ կարողանում է հանդիպել Սիբիրի ներկայացուցիչների հետ: Տռաուտը տեղեկանում է, որ ղեկավարությունը ցանկանում է փոխել ընկերության իմիջը, կազմակերպել ռեբրենդինգ: Նա միանգամից տալիս է իր խորհուրդը, որ ընկերությունը հարկավոր է վերանվանել «Федеральные авиалинии» կամ էլ «Республиканские авиалинии»: Այս ամենի հիմնավորումը կայանում էր նրանում, որ արդեն հստակ ընդգծվում էր ընկերության մասշտաբները և միանգամից համապատասխանում էր մարզային ընկերությունից դուրս գալու գաղափարին:
Սակայն Սիբիրի ղեկավարությունը միանգամայն այլ կերպ էր տրամադրված, քանի որ նրանք չէին ուզում դիրքավորվել որպես Դաշնային, կամ Հանրապետական ավիաընկերություն, այլ ցանկանում էին դիրքավորվել որպես սեփական դեմքն ունեցող, էմոցիոնալ բրենդ: Իսկ Դաշնայինը պարզապես անվանում է, ահա այս կերպ մեկնաբանեց Զինգերը Տռաուտի խոսքերն ու նրանք հրաժարվեցին համագործակցելուց: Տռաուտը շեշտեց, որ Դաշնային, կամ Հանրապետական բառերի բացակայությունն ընկերությանը կրկին թողնելու է մարզային տեղական ավիաընկերության կարգավիճակում, այլ ոչ թե դարձնելու է ավելի միջազգային: Բայց իրականում S7 անվանումը տալի՞ս է արդյոք մարդկանց մոտ այն ասոցիացիան, որ այս ընկերությունը միջազգային ուղևորափոխադրող է, բնականաբար ոչ: Այսպիսի անվանումով դժվար թե գերազանցեն Аэрофлот-ին, իսկ երկրորդ տեղում լինելու համար պայքարել է պետք: Այս խոսքերով ավարտվում են բանակցությունները, սակայն Սիբիրյան ավիաընկերությունն անում է այնպես, ինչպես նախապես որոշվել էր: Տռաուտի հետ համագործակցությունից հրաժարվելուց հետո, ընկերությունն ընտրեց Landor Associates-ը, որն արդեն աշխատել էր Gulf Air, Austrian Airlines և Արմավիայի հետ:
Անգլիացիներն ամբողջությամբ որոշեցին փոխել բրենդի գույները և առաջարկեցին ինքնաթիռները ներկել բաց կանաչ գույնով, որը թույլ էր տալիս տարբերվել բոլորից: Պատկերացնում եք, մինչև առաջարկ ներկայացնելը, մի ամբողջ թիմ ամիսներով ապրում էր Ռուսաստանում, շփվում բոլոր թոփ-մենեջերների հետ, մեկնում բոլոր ռուսական ավիաընկերություններով, կազմակերպում հարցում ինքնաթիռների ներսում: Հավատացեք շատ հաճելի աշխատանք է կրեատիվ թիմային աշխատանքը, երբ անհամբերությամբ սպասում են արդյունքի: Ինչևէ: Զինգելը նշում է, որ իրենք ցանկանում էին ինչ-որ յուրահատկություն, որևէ արտառոց երևույթ, որը բնականաբար կմնար հաճախորդների հիշողության մեջ՝ որպես տարբերակման միջոց: Այո, անկեղծ ասած դա նրան հաջողվեց: Գույներն ընտրելուց հետո մյուս քայլն ինքնաթիռների ներկումն էր, որն իսկապես շատ ծախսատար և ժամանակ պահանջող գործընթաց էր: Օրինակի համար նշեմ, որ Boeing –ի թևերը հնարավոր է ներկել, բայց Airbus –ը չի թույլատրում, որը տեխնոլոգիապես արգելվում է: Մյուս քայլը բոլոր գրասենյակների գունավորումն էր, որը նույնպես հսկայական ծախսեր ու ժամանակ խլեց ընկերությունից: Ընդհանուր առմամբ ծախսվեց մոտավորապես 1.5 մլն դոլար:
Շարունակությունն՝ այստեղ