Վալերի ԱյդինյանMagaghat.am-ը գրում է․

Իրեն հարգող յուրաքանչյուր կին թեկուզ մի փոքրիկ գանձատուփ է ունենում, որտեղ ժողովում է ընծա ստացած թանկարժեք զարդերն ու իրերը:
Իմ գանձատուփը փոքր չէ և պարունակածը զարդեր չեն. սրտիս մեծ գանձատուփում պահում-պահպանում եմ երևելի մարդկանց բազմաթիվ կերպարներ: Անձնական հանդիպումների այս դրվագները տարիները չեն մշուշել, ընդհակառակը, նոր գույն ու շունչ են ավելացրել:

ՎԱԼԵՐԻ ԱՅԴԻՆՅԱՆ

Հայկական ռադիոյի «Հայք» ռուսերեն ծրագիրը ղեկավարում էր մի տաղանդավոր լրագրող և երգիծաբան`Վալերի Այդինյանը: «Հայքի» ու իմ ղեկավարած «Եթեր, ցպահանջ» հաղորդաշարի թեմաների ընդհանրությունները հաճախ առիթ էին դառնում, որպեսզի հանդիպեինք, ծրագրեր քննարկեինք: Այն ժամանակ երկուսս էլ աշխատում էինք հհշական ճնշումների տակ ու պետք էր լինում խուսանավման նուրբ միջոցներ փնտրել` պետական եթերը ազգային շնչով հագեցնելու համար: Այլ կերպ ասած` ընդհատակյա գործունություն էինք ծավալում: Հասկանալի է, որ դա չէր կարող անպատիժ շարունակվել, այնպես որ շուտով մենք հայտնվեցինք հայրենական լրագրության տարբեր կիզակետարում:

1998-ի գարնանը Վալերին ինձ առաջարկեց տեղափոխվել «Հայացք Երևանից» ամսագիր:

Նախ հրավիրեց մասնակցելու ամսագրի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Ժուռնալիստների միության փոքր սրահում: Տպավորությունը դրական էր, ես համաձայնեցի աշխատակցել: Սակայն առաջին իսկ օրը տհաճ անակնկալի բախվեցի: Վալերին ինձ միջանցք հրավիրեց (խոսելու այլ վայր նեղլիկ հիմնարկում չկար):

-Ներիր,-տխուր, մտահոգ դեմքով ասաց նա,-ես քեզ հրավիրեցի, բայց մենակ եմ թողնելու, գնում եմ:

-Ո՞ւր ես գնում,-զարմացա ես: Նման շրջադարձի պատրաստ չէի, կարծում էի՝ միասին աշխատելու ենք ու իրագործելու համատեղ ծրագրերը, որոնց մասին շատ հաճախ էինք խոսել, առաջին հերթին այն, որ ասպարեզում աշխատող հայրենասեր լրագրողներով մի ամուր միջուկ ստեղծենք:

-Այստեղ որոշ ընդդիմախոսներ ունեմ, բացի դրանից՝ հայերեն չիմանալս ինձ շատ է խանգարում:

Իսկապես՝ Վալերին ռուսական կրթություն ուներ, համատեղությամբ աշխատում էր «Նովոյե վրեմյա» թերթում, փոխխմբագիրն էր: Առարկելու ոչինչ չունեի, մանավանդ երբ բացատրեց.

-Ես հենց սկզբից չպետք է համաձայնեի, պարզապես բարդությունը չէի պատկերացնում: Հայերեն պարբերականը պետք է հայ մտավորականը խմբագրի, որպեսզի և գրել իմանա, և խմբագրել, և սրբագրել: Իսկ իմ թևերն ասես կապված լինեն՝ անընդհատ թարգմանիչներից կախման մեջ եմ: Ես ամենից շատ իմ ինքնավստահությունն եմ գնահատում, չեմ ուզում անել մի գործ, որն իմը չէ: Դու կմնաս, քեզ կնշանակեն գլխավոր խմբագիր և համոզված եմ, որ ,«Հայացքը» լավագույն ամսագիրը կդառնա:
Ես նրան շատ լավ հասկացա, իսկապես, մարդ պետք է ստանձնի այն գործը, որը կատարում է առանց բարդույթների, անկաշկանդ ու ստեղծագործաբար:

Բայց եկել էի նրան օգնելու, ոչ թե այդ հսկա բեռն ուսելու, այն էլ մի միջավայրում, որին դեռ լավ ծանոթ չէի:

Ու սկսեցի Վալերիին համոզել, որպեսզի չշտապի.

-Ամեն ինչ ինքս կանեմ, դու ոչ մի բարդություն չես զգա, միայն թե մի գնա:

Նա դրանում կասկած չուներ, այդուհանդերձ դիմադրում էր տղամարդկային արժանապատվությունը: Ես հենց դա էլ շեշտեցի՝ իսկ տղամարդկությո՞ւն է երկրորդ համարից ամսագիրը լքելը, մարդիկ չե՞ն ասի, թե մասնագիտական կարողություններդ ընդամենը մի համարի բավականացրին:

-Հասկացիր,-բացատրում էր Վալերին,-բոլշևիկները մեզ մեր երկրում անտիհայ են դարձրել, զրկել մեր լեզվից, մշակույթից, պատմությունից, հիմա էլ մե՞նք նույնը շարունակենք, կործանե՞նք հայերենը:

-Ես քեզ խոստանում եմ հայերեն ամենամակարդակով պարբերականը հրատարակել,-անկեղծ հավատով ճոռոմաբանեցի ես,-դու դրանում կհամոզվես՝ հաջորդ իսկ համարից սկսած:

Նա ժպտաց ու զիջեց: Մենք շատ ամիսներ աշխատեցինք, այնուամենայնիվ Վալերին հեռացավ, պատճառն ինչքան գիտեմ՝ ոչ թե հայերենի չիմացությունն էր, այլ քաղաքական մի քանի մանր վիճաբանությունները: Հիշում եմ՝ համատեղ աշխատանքի այդ հաճելի շրջանում պատանու նման ոգևորվում էր նոր սովորած յուրաքանչյուր հայերեն բառով ու արտահայտությամբ, մի օր էլ սեղանիս դրեց մի ձեռագիր շարադրանք ու ասաց, որ իր գրած առաջին հայերեն հոդվածն է: Որոշել էր այդուհետ միայն հայերեն գրել, թեև դա չէր խանգարում, որ անկեղծության պահերին կրկներ՝ հայերեն մամուլը չպետք է ռուսական կրթությամբ խմբագիրը ղեկավարի, դա կարող է աղետի հասցնել:

Հետո մեղավոր նայում էր ինձ ու ասում՝ ներիր, խոսքը մեր համագործակցության մասին չէ:

Ցավոք, Վալերին շատ շուտ վախճանվեց, կիսատ թողեց թե հայերենում հմտանալը, թե գրական հումորային գործերը: Եթե ճակատագիրը նրան խնայեր՝ մենք անպայման կունենայինք հայագիր լավ լրագրող ու արձակագիր:

Դրանում համոզված եմ, որովհետև նա հայրենասեր ու պատվախնդիր Վալերի Այդինյանն էր:

Իսկ այսօ՞ր…
Ռուսական կրթությամբ խմբագիրների թիվը Հայաստանում միայն ավելացել է, այսինքն կատարվել է ընկերոջս վատթարագույն գուշակությունը՝ լեզվական աղետը: Հայերեն թերթ կամ հեռուստածրագիր խմբագրողներից ոմանք անգամ իրենց անուն-ազգանունը հայերեն գրել չգիտեն, նրանց համակարգչի ստեղնաշարում հայերենի այբուբենը չկա: Նրանք Նարեկացու անունը Վիքիպեդիայում են ստուգում՝ Գրիգո՞ր է, թե Գրիգորի: Գրատպության 500-ամյակի տարում նույն օտար հանրագիտարանն են բացում, տեսնեն «Ուրբաթագիրք» բառը ճի՞շտ է գրված, առհասարակ՝ դա ինչ բան է: Հայոց պատմության ու մշակույթի մասին նրանց գիտելիքները երկու տարեկան երեխայի թոթովանքները չեն գերազանցում, միակ վերաբերմունքն էլ՝ հեգնանք ու արհամարհանք…

Բայց՝ ղեկավարում են… Հայերեն ասելով հասկանում են փողոցախոհանոցային շիլափլավը, ժարգոնն ու հայհոյանքը:

Բայց՝ ղեկավարում են…

Եթե մեկը հայտնվեր ու ինձ հավատացներ, թե դա պատահականություն է կամ էլ թերթի տերերի հանցավոր անտարբերության հետևանքը, երևի չհամոզվեի: Այսպիսի պատահականություններ չեն լինում: Հայերենի իմացությունը, այն էլ՝ կատարյալ իմացությունը, պարտադիր է այն մարդու համար, ով կոչված է համակարգելու հայ լրագրության որևէ օղակը:

Համակարգել՝ նշանակում է գրել, կարդալ, մտածել, գործել և քարոզել հայերեն:

Այսպես էր սովորեցնում Վալերի Այդինյանը:

Ահա մի նմուշ նրա մանրպատումներից.

ՄԵՐ ԿԱԴՐԵՐԸ ՁԵՐ ԿԱԴՐԵՐԸ ՉԵՆ

Մի անգամ Ստալինն անակնկալ մտնում է կինոստուդիա, որտեղ Պուդովկինը մոնտաժում էր հերթական կինոնկարը և խնդրում է ծանոթացնել կինոարտադրության գործընթացին: Մոնտաժային սեղանի մոտ կանգնած Ստալինը երկար հետևում է աշխատանքին, ապա բեղի տակ ժպտալով ասում է.

-Բա որ ասո՞ւմ եմ՝ կադրե՛րն են վճռում ամեն ինչ:
-Ճիշտ է, Իոսիֆ Վիսարիոնովիչ,-արձագանքում է ռեժիսորը, -միայն թե մենք նրանց մոնտաժում ենք, իսկ դուք՝ գնդակահարում:

Ստալինը քահ-քահ ծիծաղում է այդ կատակի վրա՝ ստեպ-ստեպ հարցնելով.
-Գնդակահարո՞ւմ ենք, ասում ես:
Նույն գիշեր Պուդովկինը ձերբակալվեց՝ արվեստի ամենակարևոր տեսակի դեմ պառակտիչ գործունեության մեղադրանքով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել