1. «Լինել առանց զույգի նշանակում է լինել միայնակ»: Սա իրապես սուտ է: Մի անգամ Ռանևսկայային հարցրին. «Ի՞նչ եք կարծում, ճիշտ է, որ աշխարհում ամեն մեկն ունի իր կեսը»: Նա պատասխանեց. «Կեսեր ունեն ուղեղի կիսագնդերն ու հետույքը, իսկ ես, օրինակ, միակն եմ ու եզակի»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա միայն ԿԵՍԻ հետ լիարժեք զգալը որոշակիորեն ինքնագնահատականի հետ է կապված: Ավելին, մարդը ձգող ու գրավիչ է, եթե նրանից ինքնաբավության ու ազատության բույր է գալիս, քանի որ դիմացինը, որպես ենթատեքստ, կարդում է հետևյալը` եթե նա ինքն իրեն է սիրում, իրեն իր հետ լավ է, հանգիստ ու ներդաշնակ, ուրեմն նա ինձ էլ է ի վիճակի սիրելու, և ես նույնպես ինձ լավ ու ներդաշնակ կզգամ նրա կողքին: Լինե՛նք ամբողջական ու եզակի, ու դա աննկատ չի մնա:
2.«Երջանկությունն այն է, երբ դու ունես այն ամենն, ինչ ուզում ես»: Իրականում ՈՒՆԵՆԱԼՆ ու առավել ևս ՈՒՆԵՑՎԱԾՔԸ չեն կարող երջանկություն կազմել: Վերջինս լուրջ հոգեկան վիճակ է: Ընդ որում, երջանկությունը բաղկացած է երջանիկ դրվագների ու իրավիճակների համագումարից: Որքան շատ են այդ կղզյակները, այնքան մարդն արդյունքում իրեն երջանիկ է զգում: Բարդ է «երջանկություն հավաքել» իրերին և ունեցածին նայելիս. ունեցածներն ընդամենը գործիքներ են՝ կյանքի երջանիկ ընթացք ստանալու համար: Ճի՛շտ օգտագործենք մեր ունեցածն, ու երջանկությունը սպասել չի տա:
3.«Լինել ուժեղ նշանակում է չվախենալ ոչնչից»: Սա մեծագույն աբսուրդներից է, որը որպես կարծրատիպ ներմուծվում է մեր մեջ տարբեր աղբյուրներից: Ճիշտ չափաբաժնով վախը հանգիստ, ներդաշնակ և սթափ ապրելու մոտիվացիա է: Իսկ ո՞րն է վախի ճիշտ չափը. զգուշությունն ու ուշադրությունը: Ուժեղ է նա, ով զգույշ և ուշադիր է, ու ով չի թողնում, որ դրանք վերաճեն վախի:
4.«Սուտը հանուն բարօրության նորմալ է»: Ազնիվ լինենք, սուտը երբեք նորմալ չէ: Ու այստեղ խոսքն առաջին հերթին ինքնախաբեության մասին է: Միգուցե և կենցաղում, առօրյայում կամ գործնականում ինչ-որ բան թաքցնելը, չասելը կամ փոփոխած ասելը ծառայեն մեզ որպես որոշակի բարօրություն: Բայց այ ինքնախաբեությունը բերելու է կործանարար հետևանքների: Ինքնախաբեությունը աղավաղելու և փչացնելու է մեր հոգեկանը, իսկ դրա տակից դուրս գալը միշտ բարդ է: Ինքնախաբեությունը թույլ չի տալիս ճիշտ ժամանակին կանխարգելել վտանգները, ճիշտ կառուցել կյանքը, որքան էլ որ խաբելու պահին այն անվնաս թվա: հեղ.Լ.Քոչարյան