Haytni.com-ը գրում է․

 

Հանրահայտ պարուհի և երգչուհի Վարդային (Varda) շատերն են ճանաչում: Ազգությամբ հայ գեղեցկուհին, չնայած բավական երիտասարդ տարիքին, հասել է մեծ հաջողությունների՝ դարձել փոլ-դենսի աշխարհի չեմպիոն: Նա բացի պրոֆեսիոնալ պարուհի, մի շարք երգերի ու տեսահոլովակների հեղինակ լինելուց՝ նաև զբաղվում է յուրահատուկ և ոճային լողազգեստների դիզայնով: Վարդան ծնվել և մեծացել է Ուկրաինայում, սակայն դա  նրան չի խանգարում հիշել իր հայկական արմատների մասին, ինչպես նաև պարբերաբար Հայաստան այցելել: Այս անգամ երգչուհին հոկտեմբերի 16-19-ը գործնական այցով Հայաստանում էր: Չնայած կարճ ժամանակահատվածին՝ երգչուհին հասցրել է Միհրան Ծառուկյանի հետ դուետով հանդես գալ և նկարահանել տեսահոլովակ, նկարահանվել գովազդում և դառնալ հայկական «Մանե» կոնյակի նոր դեմքը, ինչպես նաև առաջին անգամ հանդիպել հայաստանյան երկրպագուների ու զրուցել Haytni.com-ի  հետ: 

- Վարդա, կպատմե՞ք ինչպես եք անցկացրել ժամանակը Երևանում: Արդյո՞ք կարողացել եք ժամանակ հատկացնել հանգստին ու ընկերների հետ հանդիպմանը:

- Այս երեք օրերն այնքան հագեցած ու զբաղված են եղել, որ ժամանակ չի եղել անգամ քնելու, ուր մնաց՝ հանգստի: Տեսահոլովակ, գովազդային հոլովակի նկարահանում. մեկ օրվա ընթացքում անհրաժեշտություն էր առաջանում մի քանի անգամ կերպարանափոխվել, վազել մի նկարահանման հրապարակից մյուսը: Չնայած այս հագեցած ժամանակացույցին՝ հասցրել եմ անել այն ամենը ինչի համար որ Հայաստան եմ եկել:

- Ու՞մ մտահաղացումն էր համատեղ «Люби меня всегда» երգով հանդես գալը:

- Որոշումը կայացրել ենք միասին: Ես և Միհրան Ծառուկյանը ծանոթացել ենք ֆիլմի նկարահանումների ժամանակ, բացի այդ ես ծանոթ եմ նաև Մոսկվայում Միհրանի պրոդյուսերի հետ, ով էլ հենց առաջարկեց մեզ համատեղ տեսահոլովակ նկարահանել: Երկար ժամանակ մտածում էինք, թե երբ և որտեղ ենք անցկացնելու նկարահանումները և ահա որոշեցինք, որ ես պետք է գամ Երևան:

- Հաջողակ երգչուհի և պարուհի լինելուց բացի, Դուք նաև լողազգեստների դիզայնով եք զբաղվում: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

- Գաղափարը վաղուց է ծնվել: Մայրս մասնագիտությամբ դերձակ է, և ես դեռ մանկուց էի երազում ինքս պատրաստել իմ հագուստները: Սկզբում լողազգեստները հանրությանը չէր ներկայացվում, սակայն երբ հարցնում էին, թե ինչ ապրանքանիշի լողազգեստ եմ կրում և լսում, որ Dolce & Gabbana-ի փոխարեն կրում եմ իմ ապրանքանիշը, զարմանում, բայց և շատ հետաքրքրվում էին: Այստեղից էլ որոշեցի հասարակությանը ներկայացնել իմ հավաքածուն:
Տեղեկացնեմ, որ մոտ ապագայում հայ հասարակությունը ևս հնարավորություն կունենա գնելու «Varda tm» ապրանքանիշի լողազգեստները: Բացի այդ առաջարկներ կան փոքրիկ խանութ բացել նաև Փարիզում:

- Վարդա, արդյո՞ք հնարավոր է համատեղել այս ամենը:

- Երբ սկսեցի զբաղվել լողազգեստների դիզայնով, որոշ ժամանակ թողեցի բեմն ու երգարվեստը: Դա, իհարկե, շատ դժվար էր իմ համար: Սակայն այժմ իմ կողքին կան այնպիսի մասնագետներ, ովքեր օգնում են ինձ բոլոր հարցերում և ում շնորհիվ ես հասցնում եմ ամեն ինչ:

- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում այս կյանքում: Ինչպե՞ս են ծնվում Ձեր նոր աշխատանքները:

- Ես կարծում եմ, որ այս կյանքում ամեն ինչ ծնվում է սիրուց: Իմ ոգեշնչման աղբյուրը սերն է:

- Ունե՞ք որևէ երազանք:

- Կյանքում գալիս է մի պահ, երբ ցանկանում ես հաստատվել ոչ միայն որպես հաջողակ և լավ մասնագետ, այլ նաև սիրված մայր և կին լինել: Երևի թե դա իմ միակ երազանքն է:

- Տաղանդավոր, հաջողակ, անչափ գեղեցիկ ու հմայիչ՝ ցանկացած տղամարդ այսպիսի կին կցանկանար տեսնել իր կողքին: Արդյո՞ք ազատ է Վարդայի սիրտը:

- Ի ուրախություն մի շարք երիտասարդների՝ այն դեռ ազատ է:

-Այդ դեպքում ո՞վ կարող է գերել Ձեր սիրտը:

-Տղամարդուն, իմ սիրտը գերելու համար, շատ բան ահնրաժեշտ չէ: Իմ ընտրյալը պետք է լինի բարձրահասակ, հայ տղամարդկանց պես հումորասեր և, վերջապես, ուղղակի լավ մարդ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել