Երեկ «Ա1 պլյուս»-ով հեռարձակվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար վանաձորցի Վահրամ Բաղդասարյանի ելույթը, որում, ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքների առ այն, որ ՀՀԿ-ն ձախողել է երկրի տնտեսական առաջընթացը ու պետք է հեռանա, վերջինս հակադարձեց, թե «90-ականների՞ն ով էր մեղավոր»: Ու հիշեցրեց, որ այն ժամանակ ուսուցիչները 10 ամիս աշխատավարձ չէին ստանում, աշխատավարձերն էլ 3-4 հազար դրամ էին: Միանգամայն համաձայն ենք. ավելին, անգամ 400 դրամ աշխատավարձ լինելու տարիներ էլ են եղել, քանի որ դրանք ռուբլուց դրամի անցնելու տարիներ էին, իսկ աշխատավարձերը, ճիշտ է, ցածր էին, սակայն հավասարություն կար, ու աշխատավարձերի ահռելի տարբերություն չկար, ինչպես հիմա, երբ պատգամավորներն ու նախարարները ստանում են 250-300 հազար եվ ավելի դրամ աշխատավարձ, իսկ գրադարանավարները՝ մինչեւ անգամ 25 հազար դրամ, որ այս համակարգում նվազագույնն է այնպես, ինչպես պատգամավորների պարագայում 250 հազարը: Ավելին, 90-ականներին պատգամավորներն ընդհանրապես աշխատավարձ չէին ստանում, այլ հասարակական հիմունքներով էին աշխատում, իրենց հիմնական պետական կամ ՏԻՄ աշխատանքին զուգահեռ էին պատգամավորական գործունեություն ծավալում ու նիստերի օրերին էին մեկնում Երևան, եթե մարզերից էին: Եթե այն ժամանակ՝ 1990-ականներին, ուսուցիչները 10 ամիս աշխատավարձ չէին ստանում, ապա հիմա էլ քիմիագործները տարիներով աշխատավարձ չեն ստանում, ու արդեն քանի տարի է՝ բողոքի ցույցերի մեջ են այդ առթիվ: Եվ հետո, հասարակությունը միայն ուսուցիչներից չի բաղկացած, որ այս ոլորտի միակ առաջընթացով ոգևորվենք (իսկ ոչի՞նչ, որ դպրոցներում տղամարդ ուսուցիչներ չկան, եթե այդքան լավ են պայմանները, ինչու՞ տղամարդիկ չեն գնում: Միգուցե տղամարդ ուսուցիչների պակա՞սն է պատճառը, որ անչափահասների շրջանում պարբերաբար նկատվում են ագրեսիայի երեւույթներ ու հանցագործության դրսեւորումներ: «Մեր դպրոցի միակ տղամարդը ես եմ»,- օրերս հպարտությամբ ասաց իմ նախկին ուսուցիչը, որին ստիպված թոշակի չեն ուղարկել, քանի որ ուրիշ մասնագետ չի եղել, այն էլ՝ իր նման ակտիվ ու գործունյա): Հասարակությունը բաղկացած է նաեւ գործազուրկ մտավորականներից ու նպաստ չստացող գործազուրկներից: 40 տարեկանից բարձր կանայք արդեն աշխատաշուկայում պահանջարկ չունեն: Իսկ գործազուրկ մանկավարժներից էլ փորձում են հաշվապահներ վերաձևել: Ոչ մի ժողովրդանպաստ օրենք հավանության չի արժանանում ԱԺ-ում՝ մեծամասնության կողմից. ասվածի վկայությունն ընդամենը օրերս էր, երբ մերժեցին ընդդիմադիր ու «այլընտրանքային» ուժերի նախագիծը՝ սահմանամերձ գոտու բնակչությանը հարկերից ազատելու մասին. այն դեպքում, երբ սահմանամերձ գոտում մարդիկ ապրում են մշտական գնդակոծությունների տակ: Բոլոր ոլորտներում կոռուպցիա է, ամենաթողություն, աշխատատեղերը կուսակցականացված են կամ կլանիզացված, հիմնարկներում գործում է «Ով՝ տերավոր, նա՝ զորավոր» սկզբունքը, և այս սկզբունքով էլ «թիկունք» չունեցողները պարբերաբար դուրս են մղվում պետական կառավարման համակարգից: Սկզբունքային մտավորականները գոյության կռիվ են տալիս, իսկ քրեական հեղինակություններն անգամ դոկտորի կոչում ձեռք գցում, զուգահեռ էլ «ֆեոդալական» գործունեություն ծավալում իրենց «հպատակ» տարածքներում: Սա՞ է հայերի երազած ազատ ու անկախ Հայաստանը: Երկիրը դատարկվում է, անարդարությունները չեն պակասում, վարձերն ավելանում են, մարդկանց եկամուտները՝ պակասում, գները տնօրինում է ստվերային մաֆիան: Մարդիկ գնում են անգամ դարավոր ոսոխի երկիրը՝ Թուրքիա (և, պետք է ասեմ, շատ էլ գոհ են, որ իրենց կատարած աշխատանքն ըստ արժանվույն գնահատվում է, ու անգամ չեն դժգոհում, որ իրենց նկատմամբ «ռասիզմի», ազգատյացության դրսեւորում կա այնտեղ): Իսկ ՀՀԿ-ականները պատճառ չեն տեսնում իշխանափոխության: Հետաքրքիր է, եթե Վահրամ Բաղդասարյանը համեմատության համար վկայակոչում է 90-ականները, այդ դեպքում ինչու՞ էր 1996 թվի նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարում՝ որպես Լոռվա նախընտրական շտաբի պետ: Չէ՞ որ այն ժամանակ լավ էլ այլընտրանք կար՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որ բավականին իրատեսական ծրագիր էր ներկայացրել ու աշխատավարձերը 10 անգամ բարձրացնելու ուղիներ էր մատնանշում: Ի դեպ, 2003-2007 թվերին, քանի դեռ Վ. Բաղդասարյանը ՀՀԿ անդամ չէր, այլ «Ժողպատգամավոր» խմբակցության ղեկավար, բավականին ակտիվ ելույթներով էր հանդես գալիս տարաբնույթ խնդիրների առնչությամբ՝ սկսած Վանաձորի քիմգործարանի չաշխատելուց ու այդ առթիվ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ սուր բանավեճերի մեջ մտնելուց, վերջացրած Վանաձորի ապօրինաշինությունների հավերժական դարձած խնդրով: Այդ երեւույթներն այսօր էլ կան, որոնց ավելի շատ մամուլն ու համացանցն են անդրադառնում, բայց Վ.Բաղդասարյանն այլեւս դրանց մասին չի բարձրաձայնում. ինչու՞. միգուցե ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում նրան ընդգրկել էր այդ հարցերի առթիվ լռության պայմանո՞վ: Լավ չի, հեչ լավ չի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել