Ի հակադրումն միջազգային կազմակերպությունների ոչ լավատեսական դիտարկումներին՝ Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տնտեսական ակտիվության մակարդակն անցած ամիս բարելավման միտում է ցուցաբերել։ Այս մասին վկայում են ԱՎԾ-ի այսօրվա հրապարակած օպերատիվ տվյալները, որոնց համաձայն սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 4,3 տոկոս։ Հիշեցնեմ, որ նախորդող ութ ամիսների համար այդ ցուցանիշը կազմել է 4.1 տոկոս: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների՝ աճ է նկատվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Այսպիսով, նախորդ ամսվա համեմատ արդյունաբերության աճը սեպտեմբերին կազմել է 15, գյուղատնտեսությանը՝ 43 տոկոս։ Գյուղատնտեսությանը աճը ութ ամսվա 4,9-ից բարձրացել է 6,9 տոկոսի: Ըստ այդմ, գյուղատնտեսությունը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաբարձր աճն ապահովող ճյուղը։ Գյուղատնտեսության ոլորտում աճը բնական է, քանզի բազմաթիվ մշակաբույսերի և մրգերի բերքահավաքը սկսվում է հենց այդ ժամանակ: Սակայն ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում է նկատելի աճ եղել. արդյունաբերության ոլորտում ևս նկատվել է աճի միտում՝ ութ ամսվա 0,9 տոկոսից բարձրացել է 1,7-ի: Այս ամենի հետ մեկտեղ աճ է գրանցվել նաև արտահանման ոլորտում, ինչը կապված է Վերին Լարսի անցակետի բացման հետ: Սեպտեմբերին անցակետի անխափան աշխատանքի շնորհիվ արտահանումն ավելացել է 25 տոկոսով, ինչ վկայում է անցակետի կարևորության մասին ՀՀ արտահանման մեջ: Ընդհանուր առմամբ Հայաստանից դուրս է տարվել 142 մլն դոլարի ապրանք, օգոստոսի՝ 115 միլիոնի դիմաց։ Սակայն անցակետը միշտ անխափան չի գործում, մասնավորապես տարեսկզբից տարբեր պատճառներով այն չի գործել 1-1.5 ամիս: Այսօր էլ այն անխափան չի գործում, այն չի սպասարկվում գիշերային ժամերին, ինչը մեծ խոչնդոտ է ՀՀ արտահանում իրականացնելու համար: Այնուամենայնիվ, տարեսկզբի ինը ամիսներին Հայաստանից արտահանվել է 1,1 մլրդ դոլարի ապրանք։ Ներմուծումը հասնում է 3,2 միլիարդի։ Այս թվերից երեւում է, որ ներմուծման ծավալն զգալի մեծ է ՀՀ-ի արտաքին առևտրում, ինչը շարունակում է խնդիրներ ստեղծել Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում։ Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ անկում է գրանցվել էլետրաէներգիայի և շինարարության ոլորտում: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2,5 տոկոսով։ Շինարարությունը նախորդ տարվա ցուցանիշներին զիջում է 2,4 տոկոսով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=355685137943548&id=100005061945890
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել