Armnewstv.am-ը գրում է․
80-ամյա Ալբերտ Աթինյանը կակտուսներ մշակում է 34 տարի: 1980թ-ին Երևանում կազմակերպված ծաղիկների ցուցահանդեսի ժամանակ նրան ամենաշատը կակտուսի ծաղիկները դուր եկան: Առաջին կակտուսը հենց այդ ժամանակ է գնել: Տարեցտարի կակտուսների հավաքածուն հարստանում էր, իսկ դրանց մշակման պայմաններ ապահովելը` դժվարանում: Այդ պատճառով 1997-ին Ալբերտ Աթինյանը Երևանից տեղափոխվում է Արմավիրի մարզի Արգինա գյուղ: Ալբերտի Աթինյանի խոսքով` անընդհատ համալրվող հավաքածուն նույնիսկ այստեղ է դժվարություններ ստեղծում: Ջերմատուն ջեռուցելու գումար չունի, ստիպված ձմռանը ծաղիկները տուն է տեղափոխում: Չնայած ֆինանսական դժվարություններին` Ալեբրտ Աթինյանը չի պատրաստվում վաճառել և ոչ մի կակտուս:
Կակտուսասեր պապիկը վստահ է` եթե ֆինանսական միջոցներ ունենար, կակտուսի տեսակներն արդեն 500-ն անցած կլինեին, հիմա 270 տեսակ է կարողացել հավաքել: Արդեն կազմել է ցուցակը, թե առաջնահերթության կարգով որ տեսակները պետք է գնի:
Վաճառելը բացառում է, բայց նվեր տալ, պատրաստ է: Ալբերտ Աթինյանն ասում է, որ հավաքածուն կնվիրի իրենից պակաս ոչ կակտուսասեր մեկին: Կակտուսի մշակությամբ հետաքրքրվողների համար Ալբերտ Աթինյանը մի նվեր էլ ունի: Նա ասում է, որ միլիոնավոր սերմեր ունի, բայց դրանք բազմացնելու պայմաններ չունի: Մինչև կգտնվի արժանի հետնորդը, Արգինայի բուսասեր բնակիչն ինքն է հոգ տանում սիրելի բույսերի համար: Նոյեմբերի 1-ից տուն կտեղափոխի: Մինչև գարուն կակտուսները կքնեն, ձմռան ամիսներին չի ջրի, միայն պետք է ուշադիր լինել կայուն ջերմաստիճանի պահպանման հարցում:
Տեսանյութն՝ այստեղ