«Հայի բախտ» արտահայտությունը կարող է զիջել իր դիրքերը՝ հօգուտ «Ռուսի բախտ» արտահայտության։ Ունեին-չունեին, հազիվ մի քանի լուրջ կորպորացիաների ղեկավարներ ունեին Եվրոպայում, որոնք բացահայտորեն դեմ էին արտահայտվում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, էն էլ դրանցից ամենաազդեցիկը գիշերը զոհվել է Վնուկովո օդանավակայանում տեղի ունեցած անհեթեթ ավիավթարի արդյունքում։
Total նավթագազային ֆրանսիական գիգանտի գործադիր տնօրեն Քրիստոֆ դե Մաժերին, հիրավի, այն եզակի բիզնես-ֆիգուրներից էր, ով ամեն ինչ անում էր, որպեսզի իր ընկերությունը չկորցնի ռուսական ներդրումային շուկան, քանի որ նրա ընկերությունը բազմաթիվ շահեր ու եկամտի մեծ հեռանկարներ ուներ այնտեղ, ու հիմա այսպես եղավ։
Բնականաբար, հետևեցին ամենատարբեր ու անհեթեթ արձագանքները. Հայրիկյանի խելքի մարդիկ պնդում են, որ սա Պուտինի կազմակերպած դիվերսիան էր, որով նա ուզում էր պատժել/ահաբեկել այլ նավթային ընկերություններին՝ սանկցիաներին միանալու համար, դե իսկ Կիսելյովի խելքի մարդիկ էլ փորձում են մատուցել սա որպես պետդեպի կողմից կազմակերպված սադրանք, որով նրանք ուզում են սաստել սանկցիաներին չմիացող արևմտյան ընկերություններին։
Երկու տարբերակներն էլ, եթե չասեմ հիմարություն են, ապա անհեթեթ են հաստատ։ Արդեն իսկ հայտարարվել է ավիավթարի պատճառը. թռիչքուղու վրա թռչելու համար թափ հավաքելիս ինքնաթիռն իր թևով բախվել է թռիչքուղու վրա հայտնված ձնահավաք մեքենային ու, հավանաբար, փորձելով խուսափել բախումից, շուռ է եկել և պայթել է։ Ընդ որում, ձնահավաք մեքենայի ղեկին եղել է հարբած վարորդ, որն, ըստ երևույթին, շփոթել է թռիչքուղին։
Հիմա ռուսները ահավոր մանդռաժի մեջ են ու չգիտեն ոնց առնեն ժամ առ ժամ աճող քարոզչական ալիքի դեմը, էլ չասեմ այն, որ չեն իմանում, թե հնարավո՞ր ա արդյոք փորձել էս պատմությունն ի օգուտ իրենց ծառայեցնել։ Դե իսկ շատ ավելի պրոֆեսիոնալ արևմտյան պրոպոգանդան արդեն լծվել է գործին ու մեկ հիմնական մեսսիջ է շրջանառության մեջ դրել. ինչպե՞ս կարելի է ներդրումներ անել ու գործունեություն ծավալել մի այնպիսի փնթի ու անկազմակերպ երկրում, որտեղ հարբած վարորդի պատճառով զոհվում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը, բա որ ասում էինք, որ Ռուսաստանը բարբարոսական երկիր է...
Այնպես որ, Ռուսաստանի առանց այն էլ ոչ այնքան քիչ դարդերին հիմա էլ էս մեկը գումարվեց։