
Դերվիշ (պարսկ.՝ درویش ՝ մուրացկան) տերմինը պարսկալեզու միջավայրում ձևավորվել է 11-րդ դարի կեսերին: Միաժամանակ Միջին Ասիայում, Իրանում և Թուրքիայում այս տերմինը կիրառվել է ավելի նեղ իմաստով՝ որպես մուրացկանություն անող ասկետ-միստիկ թափառական՝ ֆակիր (արաբ.՝فقير):
Այս հասկացության հիմքում ընկած է սուֆիզմի գլխավոր դրույթներից մեկը ասկետիզմի և գոյության անցավորության մասին: Դերվիշների շարքին էին դասում ինչպես արհեստավարժ կերպով մուրացկանություն անող սուֆիներին, այնպես էլ նրանց, ով ուներ եկամուտ բերող ինչ-որ զբաղմունք, արհեստ:
Այսպիսով, դերվիշներին կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբին են պատկանում թափառական ասկետները, որոնց մեծ մասը հմտացած էր ձեռնածության մեջ և դրանով էլ իր ապրուստն էր վաստակում: Երբեմն թափառական դերվիշները ձմեռը անցկացնում էին սուֆիական մի որևէ կացարանում:
Երկրորդ խմբի դերվիշները շեյխի (փիրի) հետ միասին ապրում էին կացարանում (խանգահ կամ ռիբատ) և ամեն օր կատարում էին իրենց առջև դրված կրոնական պարտականությունները (աղոթք, պահք), ինչպես նաև մասնակցում էին կրոնական ծիսակատարություններին կամ ամենօրյա կոլեկտիվ ճիգածեսին (զիքր):
Դերվիշների կացարանում կյանքը անցնում էր կանոնադրությանը համապատասխան. շարքային դերվիշները ենթարկվում էին իրենց առաջնորդին՝ շեյխին (փիրին):
Դերվիշ-աշակերտի՝ մուրիդի և առաջնորդի՝ մուրշիդի փոխհարաբերությունները կարգավորվում էին հատուկ օրենքներով: Դերվիշը պետք է աներ համապատասխան հոգևոր վարժություններ շեյխի ղեկավարության տակ: Կիրառվում էր երկարատև պահքը, զանազան ուխտեր, ինչպես նաև կամավոր ինքնախարազանումներ: Դերվիշական եղբայրության մեջ ձևավորվեց հոգևոր կատարելության մասին ուսմունքը, որի համար մուրիդը պետք է անցնի որոշակի փուլեր՝ մակամներ: 10-11-րդ դարերում միայն Խորասանում եղել է ավելի քան 200 դերվիշական կացարան, այդ թվում և կանացի:
Դերվիշների ծիսակատարությունների մեջ մեծ հետաքրքրություն են ներկայացնում դերվիշների միստիկական պարերը:
Դերվիշների միստիկական պարը ունի ավելի քան 800 տարվա պատմություն՝ սկսած Մաուլավիական սուֆիական միաբանության ձևավորումից: Միաբանությունը հիմնադրվել է Կոնյայում 13-րդ դարում նշանավոր սուֆի բանաստեղծ Ջալալ ադ-Դին առ-Ռումիի կողմից:
Առ-Ռումիի փիլիսոփայությունը ելնում էր կրոնական ծիսակատարությունների շրջանակից, կրոնը նրա համար զուտ նախերգանք է հատուկ հոգևոր փորձ ձեռք բերելու համար, որի իմաստն է լինել կրոնից և կրոնական դոգմաներից վեր: Մաուլավի սուֆիների փորձերը թույլ են տալիս նպատակին հասնելով վերադառնալ իրականության աշխարհ, որպեսզի այդ Ուղով տանեն մյուսներին: Այս ամենը վեր է կանգնած այն ամենից, ինչը անվանվում է միստիցիզմ:
Առ-Ռումիի ստեղծագործությունների թեման սերն է, որը հիմվում է բանականության և ինտուիցիայի միասնության վրա, հավերժ Ուղին, որը տանում է դեպի ճանաչում և զարգացում:
Դերվիշների պարի իմաստը միստիկական հոգևոր համաձայնության ճանապարհորդությունն է գիտակցության և սիրո միջով դեպի կատարելություն:
Դերվիշների պարը ուղեկցվում է երաժշտությամբ, սակայն իրենք դերվիշները ոչ մի գործիքի վրա չեն նվագում. երաժիշտները ստեղծագործություններ են կատարում մի քանի ավանդական երաժշտական գործիքների վրա սուֆիական պոեզիայի լայն սպեկտրում:
Երաժշտական ուղեկցության վերջաբան է հանիսանում հնագույն եղեգնյա շեփորով սոլոն, որը տևում է մոտ 10 րոպե:
Դերվիշների պարի արվեստը պահանջում է հատուկ ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն: Իսկական պարողը պարում կատարելության է հասնում 20 տարի անընդմեջ պարապելուց հետո՝ սկսած վաղ մանկությունից: Ընդ որում անհրաժեշտ է յուրահատուկ անդաստակային (վեստիբուլյար) ապարատ և դիմացկունություն: Պարի ժամանակ կատարողը 15 րոպեի ընթացքում պտույտներ է կատարում, որից հետո կանգ է առնում, ապա շարունակում է՝ կրկնելով նույն գործողությունը 3-4 անգամ ողջ պարի ընթացքում: Դերվիշները պարում են հատուկ բարձր թաղիքե գլխարկներով, երկար սպիտակ զգեստներով և շատ լայն շրջազգեստով. լայն սև խալաթը նետվում է պարի սկզբում:
Դիմելով երաժշտությանը՝ շեյխերը հասկանում էին, որ որոշակի բնույթի երաժշտությունը լավացնում է հոգևոր պրակտիկաների յուրացման արդյունավետությունը, քանի որ կիրառվող հոգեբանական վիճակ-մակամաները մոտ էին դառնում երաժշտական զարգացման գործընթացին՝ ազատված որոշակի ռիթմային ձևերից, հենվելով մակամա-լադերի վրա: Այպիսով, լադի վրա հիմնված երաժշտությունը հաճախ էր հնչում ճիգածեսերի (աս-սամա’) ժամանակ, որոնք կազմակերպվում էին սուֆիների կողմից: Սակայն այլ միաբանություններ, ինչպիսիք էին Բեկթաշիականը, Կադիրիականը, իրենց ծեսերի ժամանակ նախապատվություն էին տալիս ավանդական երաժշտական ավանդույթներին:
Դերվիշների միստիկական պարը մեծ տարածում ունի Թուրքիայում, Եգիպտոսում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի շատ այլ երկրներում: Պետության բարձրաստիճան պաշտոնյաների մոտ ելույթի ժամանակ պարողները մոտենում են նրան և գաղտնի ցուցումներ են ստանում, որոնք էլ սկսում են կատարել թմբուկների հարվածների և շեփորի հնչողության տակ:
Ամեն տարի դեկտեմբերի 17-ին Կոնյա են ժամանում մի շարք մարդիկ՝ ականատես լինելու «պտտվող դերվիշների» փառատոնին: Այդ արարողությունը կատարվում է ի հիշատակ Ջալալ ադ-Դին առ-Ռումիի:
Աղբյուրները՝ Ислам. Энциклопедический словарь
Петрушевский И. – Ислам в Иране
Թարգմանեցին՝ Ն. Գաբրիելյանը և Գ. Հակոբյանը



