4«Եթե լրջորեն ենք դնում երեխայի բարոյական դաստիարակության խնդիրը, պետք է ճշտենք, թե ինչ աշխարհի համար ենք նրան պատրաստում:
Ցանկանո՞ւմ ենք, որ նրանք էլ մեզ նման տրորեն թույլերին, մեզ նման` նրանց գիտակցության մեջ էլ լռի անարդարության զգացումը այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն բողոքում: Որ նրանք էլ կիսաքաղաքակիրթ և կիսագազան լինեն նրանց նկատմամբ, ում կարելի է նեղացնել: Եթե այդպես չէ, ուրեմն, նախքան երեխայի բարոյական դաստիարակության մասին խոսելը պետք է վարվենք, ինչպես քուրմը խորանի առաջ. նրա նման ծնկի գանք և ամբողջ աշխարհի առաջ գիտակցենք մեր մեղքերը:
Երեխայի հասարակական դիրքի հարցը խորը և լուրջ հարց է. դա մեր ներկայի և ապագայի հարցն է:»:
Մարիա Մոնթեսորի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում», Երեխայի իրավունքները 20-րդ դարում

Ռեժիմը կարգավորող ուժ ունի, իսկ կիրակին միշտ ինքնակոչ է: Ես արձակուրդային իմ ազատությամբ բաց թողեցի ամենօրյա, առավոտ կանուխ՝ 05-08-ը, իմ աշխատելու, գրելու ժամերը: Քնել եմ: 08-ին արթնացա, վստահ, որ կիրակի է, ու մինչև կեսօր կկարողանամ սկսել ու ավարտել իմ օրվա գիրը: Նազենի Հովհաննիսյանը խառնեց իմ հաշիվները: Աստղերը մեր կյանքում տնօրինում են:

Ես, Դավիթը, Արմինեն, իմ փեսա Գարիկը Նազենիի առաջնորդությամբ ընտանեկան-հարազատական այցեր կատարեցինք: Այցելեցինք իմ մեծ քրոջը, հետո՝ փոքր քրոջը, հետո՝ կրտսեր Նազենիին: Օրագիր չդառավ, պատուհաս՝ իրիկնագիր դառավ: Ավելացրեք սրան Դավիթ Բլեյանի չքնելու որոշումը:

Նազենի Հովհաննիսյանը պնդում է, որ Դավիթը լրիվ հայրիկին է նմանվել: Առաջ՝ նման չէր , հիմա՝ տարբեր չէ: Ցանկացած հոր կարելի է կաշառել այսպիսի դիտարկմամբ:

Դավիթն էլ թե՝
- Հայրիկ չդառավ, մի կրակ դառավ:

Հետո էլ իմ` իր, իր մայրիկի հետ հարաբերությունների կերպից ելնելով`
- Հայրիկ չդառավ, տիար դառավ:

4

Մանկավարժության մեջ ես ինքնուս եմ, ինքնադաստիարակ:
Նախ՝ ընտանեկան մանկավարժական, մասնագիտական «շկոլայի» բացակայությամբ չէի կարող մանկավարժությունը որպես մասնագիտություն յուրացնել: Մանկավարժական մասնագիտությունը մեզանում ընտանեկան կրթությամբ փոխանցվել-փոխանցվո՞ւմ է, չգիտեմ: Գիտեմ, որ բժիշկների ընտանիքներ մեր իրականության մեջ շատ կան: Իմ հայրն ու մայրը գրագետ չէին ուղիղ իմաստով՝ մայրս գրել, կարդալ չգիտեր, հայրս՝ չէր գործածում: Հայրս՝ նշանավոր Շամխալբեկը, իմ գիտակից կյանքի հերոսը, Նախիջևանի թուրքերի հետ առևտրով էր պահում մեր մեծ տունը. բոլոր հաշիվներն անում էր բանավոր: Բանավոր էին արվում բոլոր գործարքները առևտրային, փող տալ-վերցնելը, ապրանքներն ի պահ տալը, փոխանակելը. ամեն ինչ: Մենք մեծացել ենք ապահովության մեջ. նկատի ունենալով մեր ընտանիքի մեծությունը` կարող ենք եզրակացնել, որ հորս բիզնեսը ծավալով, փոքր-միջինից բարձր էր:
- Ա՜յ պապ, բա որ քեզ խաբեն,- հաճախ զգուշացնում, զարմանում էինք մենք:
- Շան տղա, թուրքը հայ չի, առևտրի մեջ չի խաբի:
Իմ թվաբանությանը վստահում էր, թույլ էր տալիս, որ ես երբեմն գրավոր հաշվեմ, կշռեմ, թուրքերի հետ իր օրվա գործարքները, օրվա արդյունքները… Մի անգամ պայծառացա.
- Պա՜պ, սխալ եմ գտել, թուքերը քիչ են ապրանք բերել… չգիտեմ քանի ջվալ ու քանի կիլո՝ ոսպ, լոբի ու սիսեռ:
- Չի կարող պատահի…,- անվրդով էր հայրս,- նորից հաշվի…:
Հաշվել, կշռել, չափել` ստիպված էի, ու հեշտ գործ չէր. ծանր էին ջվալները, մեկը մյուսի վրա: Եղբորս՝ Ստեփանին, փողի խոստումով գործի դրեցի: Հայրս ճիշտ էր. ես սխալվել էի: Նախիջևանի թուքրեը ամեն ինչից ավելիով էին բերել:

Հայրս չէր կարդում, գրում: Հիշում եմ՝ Սև շուկայում մի տետրի վրա ինչ-ինչ նշումներ էր անում, որոնց այդպես էլ ես հասու չեղա: Սրա փոխարեն՝ լավ, շատ լավ պատմող էր հայրս: Կենդանի, հետաքրքիր, անսպառ…: Մայրս ոչ միայն գրագետ չէր, ասել եմ արդեն իմ գրում, ի՜նչ գրել-կարդալ, գրած թուղթ որևէ՝ չէր թափի, խնամքով կվերցներ հատակից, թափթփված սեղանից, կպահեր: Այսպիսի ակնածանքի հասնող օրինակ՝ գրի նկատմամբ: Մեկ էլ՝ պատի մեծ ժամացույցի սլաքով գիտեր ժամերը: Այսքան ժամ պիտի նստես գրքերի առաջ. դաս ունես, չունես, տնային տվել են, չեն տվել… իրավունքի ընկալում չուներ մայրս:
- Քեզնից առաջինը պիտի չլինի.- դա որպես վիրավորանք էր ընդունում.- ո՞ւմ մերն ա, քո մորից լավը…

Ամենապարզը` տվեք երեխային այնպիսի միջավայր, որը հարմարեցված է նրա մարմնի կառուցվածքին ու չափսերին և թողեք՝ ապրի: Այդ ժամանակ կզարգանա երեխայի գործունությունը, որը կզարմացնի մեզ նրանով, որ ոչ միայն հաճույքով կկատարի վարժությունները, այլ կցուցաբերի հոգեկան կյանքի իսկական դրսևորում:
Այդպիսի ներդաշնակ միջավայրում երեխան կենտրոնանում է մտավոր աշխատանքի վրա, ինչպես պարարտ հողի մեջ արմատներ տված սերմը, զարգանում է այնտեղ ու աճում միայն մեկ միջոցով` յուրաքանչյուր վարժության վրա երկարատև և բազմակի աշխատելով:
Երբ հետևում ես մանչուկներին աշխատելիս` կենտրոնացած, դեռ չձևավորված օրգանների դանդաղ շարժումներով, դանդաղ քայլվածքով, քանի որ նրանց ոտքերը կարճլիկ են, սկսում ես հասկանալ, որ երեխան ստեղծում է իր կյանքը, բացվում է, ինպես թիթեռը բոժոժից: Խանգարել նրանց պարապմունքներին, կնշանակի բռնանալ նրանց կյանքի վրա:

Մարիա Մոնթեսորի

Լավ է, որ շարունակվում է «Երևանը բլուրների վրայից» նախագիծը: Այս անգամ ճամփորդները Դպրոց պարտեզի 4-րդ դասարանցիներն են` Արմինե Աբրահամյանի հետ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել