Սխալը, սխալի հետևանքներն ու դրանից ազատվելու միջոցները: 
Երեկ նստած մտածում եմ. մենք բոլորս մարդ ենք ու ունենք տարբեր հոգեկերտվածք, տարբեր միջավայրերում ենք դաստիարակվել ու նման շատ գործոնների ազդեցության ներքո ձևավորվել ենք որպես առանձին անհատներ, ուստի ունենք տարբեր իրավիճակներին արձագանքելու մեր բնատուր «մեխանիզմները»: Մեկս տաքարյուն ենք, մյուսս միշտ սառն ենք դատում, մեկս երկար ենք մտածում քայլ անելիս, մյուսս ընդհանրապես չենք մտածում, բայց ի վերջո կյանքում սխալներ անում ենք բոլորս: Կախված էմոցիոնալ ֆոնից, անգամ ամենասառը դատող մարդը կարող է անճանաչելիորեն դառնալ անկառավարելի թե՛ ինքն իր, թե այլոց կողմից ու անել քայլեր, որոնց համար հետո զղջալու է: Բնականաբար վերոնշյալ քայլերի գնահատականը տալիս է այն հասարակությունը, որի շրջանակներում ապրում ու կենսագործունեություն է ծավալում տվյալ անհատը, սակայն մակերեսորեն, անգամ չխորանալով քայլի բարոյահոգեբանական կողմի մեջ: Շատ մարդկանց մոտ սա հանգեցնում է սուր դեպրեսիայի, որը բերում է նրան, որ տվյալ անհատը պարզապես գերադասում է ամբողջ կյանքում տեղում դոփել, քան կրկին առաջ շարժվել ու կրկին սխալվել: Սխալ անելու ֆոբիան այնքան է արմատանում, որ սկսում են դրան ուղեկցել այլ կոմպլեքսներ` հարազատներին չցավեցնելու, ամաչելու տեղիք չտալու վախը, աշխատանքի մեջ չհաջողելու վախը, սեփական ինքնապաշտպանական բնազդի սրված դրսևորումները, որը բերում է պաթոլոգիկ եսասիրության և այլն: Արդյունքում ձևավորվում է կյանքից հոգնած, զզված մի մարդ, ով իր ապրելը ինքնախաբեության միջոցով արդարացնում է ուրիշներին ցավ չպատճառելու պաթետիկ ինքնազոհողությամբ,որը սակայն միայն սեփական աչքերում, սեփական անզորությունը արդարացնելու միտում ունի: Արտաքուստ բոլորի համար ինքնահավան, գոռոզ ու ուժեղ այս մարդիկ իրականում ունեն օգնության կարիք, որպեսզի ներքուստ նույնպես դառնան այնպիսին, ինչպիսին ներքուստ են. այս մարդկանց համար պարզապես պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ սեփական կրիայի պատյանից դուրս գալու և լիարժեք կյանքով ապրելու, փորձելով բացատրել, որ սխալվել մեկ անգամ դեռ չի նշանակում ֆիզիկապես կամ հոգեպես մեռնել: Ամենաանդառնալի սխալը այն է, երբ դրա պատճառով տեղի է ունենում մարդու ֆիզիկական կորուստ, մնացած դեպքերում անդառնալի բան չկա: Նույն մարդիկ, ում համար գնում ես ինքնազոհողության, եթե իրոք սիրում ու հարգում ենք քեզ պետք է օգնեն քեզ սխալդ ուղղելու, եթե չեն սիրում ու հարգում պետք է թքած ունենաս: Ի վերջո քեզ աշխարհում էնպիսին ինչպիսին կաս ընդունում ես միայն դու ու առավելագույնը մեկ հոգի: Ոչ ոք ի վիճակի էլ չէ խորանալ քո ցավի, վախերի ու բարդույթների ամենխորքերը, անկախ նրանից, թե ինչքան ես թանկ նրա համար:

Դեն նետեք կրիայի պատյաններն ու փորձեք ապրել լիարժեք կյանքով. հաստատ եթե ծնվել եք ու հասել գիտակցական մակարդակի, ուրեմն ինչ որ բան դա արդեն նշանակում է ու եթե Ձեր կյանքում ինչ որ մնայուն բան չեք թողել, ուրեմն Ձեր ֆիզիկական կամ հոգեկան մահվան համար դեռ շուտ է:

Ապրեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել