Խոսենք ԲԻՊՈԼՅԱՐ ԱՖԵԿՏԻՎ ԽԱՆԳԱՐՄԱՆ մասին՝ նախկինում հայտնի որպես ՄԱՆԻԱԿԱԼ-ԴԵՊՐԵՍԻՎ ՓՍԻԽՈԶ: Սա էնդոգեն հոգեկան խնդիր է, որն ի հայտ է գալիս աֆեկտիվ վիճակներով՝ մանիակալ ու դեպրեսիվ: Հնարավոր են նաև խառը տարբերակներ՝ ընկճվածությունը դյուրագրգիռության հետ կամ էյֆորիան՝ քարացած էմոցիաների:
Նման վիճակները, որոնք կոչվում են էպիզոդներ, պարբերաբար փոխարինում են մեկը մյուսին՝ արանքում տեղ թողնելով հոգեկան առողջության «լուսավոր» փուլերի համար: Վերջիններիս ընթացքում անձի հոգեկանն ու անձնային հատկությունները լիովին վերականգնվում են: Պետք է նշել, որ բիպոլյար խանգարմամբ մարդիկ 75% դեպքերում ունեն նաև այլ հոգեկան խնդիրներ, օրինակ՝ վախի հետ կապված խանգարումներ:
Կան որոշակի անձնային յուրահատկություններ, որոնք մեծացնում են այս խնդրի հավանականությունը: Դրանցից է, օրինակ, անձի մելանխոլիկ տիպը և ստատոտիմիկ տիպը՝ շեշտված կանոնակարգվածությամբ, կայունությամբ, պատասխանատվությամբ: Ռիսկի գործոն են նաև անձի պրեմորբիդ առանձնահատությունները՝ կապված էմոցիոնալ անկայունության հետ: Դա արտահայտվում է արտաքին ազդակների նկատմամբ աֆեկտիվ ռեակցիաներով, ինչպես նաև տրամադրության սպոնտան տատանումներով: Մյուս կողմից, այս խանգարմանը հակված են նրանք, ում մոտ բավարար չափով էմոցիաներ չկան, առկա է անձի կոնսերվատիզմ, նրանց հեգական ռեակցիաներն աչքի են ընկնում միօրինակությամբ ու միատարրությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armpsychology/posts/713744332041626?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել