Առաջարկում եմ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի մեղմացում անձնական մեքենայով ՀՀ այցելող մեր հայրենակիցների համար:
Այսօր իմ կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն չորս անգամ` երեսուն օրը չգերազանցող ժամկետով: Նշենք, որ Մաքսային օրենսգրքի գործող խմբագրությամբ (38-րդ հոդվածի 3-րդ մաս)` այդ ապրանքների տեղափոխումը թույլատրվում է առավելագույնը տասնհինգօրյա ժամկետով՝ տարեկան կտրվածքով ոչ ավել, քան երկու անգամ:
Այս դրույթը հատկապես մեծ անհարմարություններ, իսկ չնչին խախտման համար նաև մեծ տուգանքներ է առաջացնում Ռուսաստանում և Վրաստանում բնակվող և Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձանց համար, ովքեր անձնական մեքենայով են այցելում Հայաստան՝ հիվանդ հարազատներին խնամելու, հարազատների հուղարկավորության, հարսանիքի ու այլ արարողություններին մասնակցելու, տուրիստական կամ այլ նպատակներով:
Այսպիսով, այս նախագծով «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով մեղմացվում է առկա սահմանափակումը՝ ելնելով արտերկրում բնակվող մեր հայրենակիցների և Հայաստանում տուրիզմի զարգացման շահերից: