Այն, որ մեր առողջապահական համակարգը իմպոտենտ է, խոստովանում է նաև իշխանությունը: Հակառակ դեպքում ուրոլոգի նախարար չէին նշանակի:
Սակայն նա էլ չի կարողանալու փրկել համակարգը:
Վախենամ, որ եթե փորձի լուրջ քայլերի գնա, որպեսզի համակարգը բարձրացնի, ապա նախարարին ուրոլոգի օգնության կարիք պետք կգա:
Նայեք, թե ովքեր են հիվանդանոցների սեփականատերերը: Նախկին նախագահ, կաթողիկոս, նախագահի խնամի, գեներալներ և օլիգարխ պատգամավորներ:
Այս մարդկանցից ոչ ոքի վրա նախարարի ուժը չի պատի, իսկ այս պարագայում համակարգը առողջացնելու բոլոր փորձերը անօգուտ են:
Պատմեմ մեր անհուսալի առողջական համակարգի մասին իմացածս վերջին նորություններից:
Մարտունիում, բարեկամներիցս մեկի հարսը արյունազեղումով դիմել է բժշկի, ասել են, որ գնա տուն և երբ կավարտվի, թող գա:
Մի երկու շաբաթ առաջ, այստեղ բուժում անցնող հայերից մեկը մահացավ: Հայաստանում Հեռացրել էի այդ կնոջ կուրծքը և քիմիա նշանակել: Որոշ ժամանակ անց, ասել են, որ 2 ամսվա կյանք ունի: Գերմանիայում պարզվել է, որ խնդիրը այլ օրգանում է, իսկ ստացած բուժումն էլ, ոչ թե օգնել, այլ վնասել է: Արդյունքում, այդ մարդը երկու տարի ապրեց:
Շատ են մարդիկ, ովքեր Հայաստանից գալիս են առողջական խնդիրներով, իրենց հետ բերելով նաև իրենց դեղերը, իսկ այստեղ պարզվում է, որ այդ դեղերը բանի պետք չեն: Նրանք ոչ միայն չեն օգնում, այլ վնասում են:
Այնպես չէ, որ Գերմանիայում չեն սխալվում, բայց այդ սխալի համար խստագույնս պատժվում է մեղավորը և զրկվում աշխատելու իրավունքից:
Իսկ Հայաստանում ի՞նչ ենք տեսնում: Մարդկանց մահվան մեջ մեղավոր բժիշկները ոչ միայն չեն պատժվում, այլ նաև շարունակում են աշխատել և մարդկանց կյանքերը վտանգի ենթարկել:
Գերմանիայում շատ լավ է աշխատում ապահովագրական համակարգը: Քաղաքացին, ով ունի խնդիր, ընտանեկան բժիշկի ուղեգիր և մասնագետի եզրակացություն, պարտավոր չէ զուգահեռ էլ ապահովագրական ընկերության, բանկի ու հիվանդանոցի միջև միջնորդի դեր կատարել: Նրանք անմիջապես ստանում են բժշկական օգնություն, այլ ոչ թե ամիսներով վազվզում բանկից ապահովագրական, ապահովագրականից հիվանդանոց և հակառակը, իսկ այդ ժամանակ նրանց առողջական վիճակը ավելի է վատանում: Գերմանիայում մարդը գիտի, թե ով է վճարելու իր համար և նա անպայման վճարելու է:
Խոսքս եզրափակելով, կասեմ, որ Հայաստանում առողջապահական համակարգի պատասխանատուները և այս վիճակի համար պատասխանատուները շատ լավ գիտեն, թե ինչու է այդպես, բայց ոչինչ չեն անում, որպեսզի առողջապահական համակարգը ավելի շատ ծառայի ազգաբնակչության առողջացմանը, այլ ոչ թե նրանց հարստահարմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել