Մենք` կանայքս, տարօրինակ արարածներ ենք: Նախ` մեզ հետաքրքրում է, թե ինչի մասին են խոսում տղամարդիկ, հետո մենք նրանց հանգիստ չենք տալիս` պահանջելով անպայման ասել` ինչի մասին են մտածում, իսկ վերջերս էլ մեզ սկսել է հուզել այն, թե ինչի մասին են նրանք լռում: 
Արցունքներ, համբույր, հայացք... սրանց ուժը փորձված է դարեր ի վեր և թերևս ենթակա չէ քննարկման, սակայն չէ՞ որ սա դեռ ամենը չէ: Չէ՞ որ դեռ կան բաներ, որոնց մասին ՆՐԱՆՔ սովորաբար լռում են: Սովորաբար, բայց ոչ` Cosmo-ում:

Եվ այսպես, հայ տղամարդկանց զինաթափում է...
«Պատահաբար» բացված ուսը. երբ հագուստը թեթևակի սահում է ուսից ցած` մի փոքր ցուցադրելով ներքնազգեստը:

Կարեն, 28 տ.

Երբ կինը երբեմն-երբեմն խելացի մտքեր է արտահայտում, չեմ կարող դիմակայել. և՛ սարսափելի սեքսուալ է, և՛, որպես կանոն, ընդունում եմ նրա ասածը. չէ՞ որ, վերջիվերջո, խելամիտ ու տրամաբանական մտքեր է արտահայտում:

Արտակ, 26 տ.

Ինձ վերջնականապես կարող է զինաթափել նուրբ համբույրը... պարանոցիս:

Հակոբ, 24 տ.

Երբ կինը սկսում է խոսել թոթով լեզվով, երեխայի պես, կարող եմ կատարել նրա ցանկացած խնդրանք:

Հովիկ, 21 տ.

Ինձ առհասարակ հեշտ չէ համոզելը, սակայն կա մի դեպք, երբ տեղի եմ տալիս. բավական է, որ լուրջ, կոնֆլիկտային խոսակցությունը նա վերածի կատակի, և վերջ... ես ամբողջովին նրանն եմ և պատրաստ եմ իրականացնել այն, ինչի համար րոպեներ առաջ վիճում էինք:

Գևորգ, 28 տ.

Հալվում եմ, երբ լսում եմ, թե ինչպես է նա ինձ սիրո խոստովանություն անում. ճիշտ է, այդ պահին ասում եմ, թե կեղծավորություն է անում, սակայն 5 րոպե անց նա ստանում է այն, ինչ ցանկանում էր:

Տիգրան, 31 տ.

Երբ մտնում եմ տուն և տեսնում, որ սեղանին իմ սիրած կերակրատեսակներն են: Վերջին շրջանում մեր սեղանից կանաչ ոլոռով աղցանը գրեթե անպակաս է. իհարկե, գիտեմ`ինչ նպատակով է այդ «ճոխությունը», բայց, այնուամենայնիվ, անզոր եմ դիմակայել և ասում եմ. «Դու կունենաս այդ մատանին»:

Մխիթար, 26 տ.

Ինձ ինչ-որ բան համոզելու ընթացքում, երբ կինը կտրուկ կրճատում է տարածությունը և «ներխուժում» իմ տարածք, այլևս վերջ, էլ համոզելու կարիք չկա. նա իրավացի է ... ամեն ինչում: Չեմ կարող ասել` ինչն է ինձ վրա այդպես ազդում` բույրը, ֆլյուիդները, թե մարմնի ջերմությունը, բայց արդյունքը տեսանելի է անմիջապես:

Անդրեյ, 37 տ.

Ինձ զինաթափում է կնոջ անկեղծությունը. անկեղծ ու իր զգացմունքներից չամաչող կնոջից ավելի գեղեցիկ կին աշխարհում չկա, և ես պատրաստ եմ կատարել նրա ցանկացած խնդրանք:

Հրաչ, 29 տ.

Հնազանդությունն ու քնքշությունը... միանշանակ: Բավական է նա համաձայնի ինձ հետ, և ես պատրաստ եմ կատարել նրա այն խնդրանքը, ինչի շուրջ օրեր շարունակ տարակարծություն ենք ունեցել:

Գոռ, 32 տ.

Աղբյուրը`cosm.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել