5

Զայրույթը չի զարդարում. տանում է: Զայրույթը մսխում է: Ոչ մի արդարացում: Երեկ ես զայրացա և չմասնակցեցի կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում սպասված ցուցադրության բացմանը: Հետո մտա Գեղարվեստ. այնքա՜ն լուռ էր, ես միայնակ անցա ցուցասրահով, մեկիկ-մեկիկ կանգնեցի մեր 10-12-րդ դասարանցիների աշխատանքների առաջ… Միայնակ, անշտապ քո սաների աշխատանքներով զմայլվելն էլ ուրիշ հաճույք է. սա ասում եմ ոչ իբրև արդարացում, կրկնում եմ՝ ոչ մի արդարացում, ես անընդհատ մեղավոր եմ զգում, անհարմար, որ չեմ մասնակցել այսպիսի կրթամշակութային իրադարձության, հատկապես, որ Սամ Գրիգորյանին «Դալանում» բացված իր անհատական ցուցահանդեսի դիտման ժամանակ խոստացել էի: Խոստումները քաղաքով մեկ շաղ տալու համար չեն, այլ՝ կատարելու:

Սամ Գրիգորյանը, որ 1992թ.-ից ապրում և աշխատում է Բեռլինում, 1995թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և այլ երկրներում, Գերմանիայից ժամանած արդեն երկրորդ արվեստագետն է այս տարի, որ Գյոթեի անվան ինստիտուտի «Brain Map» ծրագրով վարպետության դաս է անցկացրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սաների հետ: Գագիկ Բաբայանի վարպետության դասի մասին իմ բլոգում պատմել եմ, հիշում եք։ Սամ Գրիգորյանի առաջարկած դեկոլաժ տեխնիկայի միջոցով սովորողները մեծ ոգևորությամբ հասան այն արդյունքին, որ ցուցադրվեց ցուցահանդեսում: Այդ ցուցադրությունը դիտե՞լ են, հարցնում եմ, կրթահամալիրի ՎարժարանիԱրհեստագործական դպրոցիՄիջին դպրոցի սովորողներն ու ուսուցիչները. եկեք այսօր-էգուց կատարենք այն՝ բարեխիղճ, որպես ուսումնական աշխատանք… Կրթահամալիրը չի կարող չլինել համերաշխ, գնահատող միջավայր յուրաքանչյուրի համար։ Գյոթեի խոսքն է կարծեմ՝ գնահատել նշանակում է ստեղծել։

23

41

Սեմինար-պարապմունքի՝ մի վարպետության դասի կարիք էլ կա. այս անգամ, երևի, միջին ու բարձր դասարանների դասավանդողների համար: Տեսեք, ուսումնական տարվա ընթացքում, ավանդաբար, ուսումնական օրացույցովնախատեսված ստեղծագործական հավաքների, ճամբարների, ստուգատեսների օրերին հաճախ են կազմակերպվում «վարպետության դասեր» անվանումով պարապմունքներ: Գեղարվեստի ավագ դպրոցում արվեստաբան Եվա Խաչատրյանի համադրմամբ Գյոթեի ինստիտուտը ցուցադրում է նկարիչ-արվեստագետի վարպետության դասի այլ, մեզ անծանոթ կազմակերպում (եռօրյա, օրական 3-4 ժամվա աշխատանքի արդյունքը՝ ցուցադրություն): Երեկ, երբ Նառա Նիկողոսյանի, Սուսան Մարկոսյանի հետ պատրաստվում էինք կրթահամալիրի մանկավարժական աշխատողների այսօրվա (ամեն շաբաթ, չորեքշաբթի օրը կրթահամալիրում մանկավարժական աշխատողների դպրոց է) միասնական սեմինար-պարապմունքին, քննարկում էինք «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»-ի շրջանակում 2014-ի նոյեմբերի 10-12-ին Ավագ դպրոցում «Մխիթար Սեբաստացի միաբանություն» վարպետության այսպիսի դասի կազմակերպման օգտակարությունը… Քննարկումը՝ սրտից, մտքից եկող, կպավ, չէր կարող ոգևորություն առաջ չբերել:

Գուցե մեր աշնանային մանկավարժական դպրոցին, որ սկսվում է հոկտեմբերի 20-ին, հասունացել է ընդհանուր պարապմունքի կազմակերպման Հայաստանում հայտնի միջազգային փորձի ներկայացումը… Այսպիսի հայացքը հնարավորություն կտա այլոց համար սկսել կրթության կազմակերպման՝ տարիներ շարունակ կուտակած մեր փորձի փոխանցման գործը՝ ստեղծագործական հավաքներ, ուսումնական-հայրենագիտական-բնապահպանական ճամբարներ, պլեներներ, 15 րոպեանոց ամենօրյա ընդհանուր պարապմունքներ, ակումբային պարապմունքներ, ամենշաբաթյա կրթական ծրագրի ներկայացում-համերգ պարապմունքներ…

Սիրելի, հարգելի սեբաստացիներ, բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, մեր տոնից առաջ, մեր տոնին ընդառաջ, ուզում եմ երեք անաղմուկ, բայց կարևոր հայտարարություն անել, չնեղանաք, խնդրում եմ:

  • Մեկ՝ որ շարունակում ենք մանկավարժությամբ զբաղվել և, խոստովանեմ, այս փաստն ինձ գլխավոր ոգևորողն է ու իմ կյանքին իմաստ հաղորդողը: Երբեք այսքան հմուտ, հաճախ, կոնկրետ, հետևողական չենք զբաղվել մանկավարժական գործով (արվեստով, գիտությամբ) որքան հիմա:

    Այ, ես Նոր դպրոցի դիտարանից հետևում էի Անահիտ ՀարությունյանիԱշխեն Գրիգորյանի 2-րդ դասարանցիների, նրանց ծնողների մի խմբի, երկարօրյայի կազմակերպիչ-բնասեր Շուշան Ալեքսանյանի ուսումնական ճամփորդությանը դեպի Ջրվեժի արգելոց։ Ահա այսպիսի գործողություններով, երբ գործիքներն ընտրում, գործածում, դրանց արդյունքներն իր բլոգում և «Դպիրում» ներկայացնում է հեղինակը (խումբը), ես սա եմ համարում կոնկրետ հետևողական մանկավարժությամբ զբաղվել…

    Օրեր առաջ Մեդիաուրբաթի պարապմունքին ես քարացել, զարմացել էի դասվար-դաստիարակ-օգնականների, Մարինե Մկրտչյանի «Շրխկան» համույթի ելույթի ժամանակ… Կրթական ծրագիրը դասվար-դաստիարակը խաղում է, որպես համերգ, Մարմարյա սրահում՝ գունեղ ներկայացնում, որպես ուսումնական մեթոդական աշխատանք, որպես իր հեղինակային մանկավարժության բաց, մատչելի փոխանցում… Ես այսպիսի օրինակներ կարող եմ բերել… Երեկ, հեծանվաուղու բացման առիթով, ես ականատես եղա, թե ինչպես էԴպրոց-պարտեզի 2-րդ դասարանցիների խումբը պատրաստ մոտենում ընդարձակ բակի իրենց գրավիչ անտառային հատվածին (հաճույքով անվանեցինք Բ-4-ի Դենդրոպարկ)՝ բացօթյա նկարչական-տեխնոլոգիական պարապմունքի…

  • Երկու՝ երբ խոսում ենք միջազգային կրթական ծրագրերի մասին (ուշադիր, ես շեշտում եմ), այս ինտերնետի ու լեզվական հաղորդակցության մատչելիության շրջանում հանրակրթական ծրագրերին պիտի ծանոթ լինել, ամոթ է, երեխան մեկ է, ու մանկավարժության, կրթության գործի համար ի՞նչ աշխարհագրական սահմանափակումներ… Երբեք. կրթությամբ, հանրակրթությամբ նաև պիտի խորտակենք միջազգային հաղորդակցության խոչընդոտներ-անջրպետները և գցենք, բանուկ դարձնենք կամուրջները: Իհարկե: Բայց հանրակրթությամբ նաև ավանդույթ, մշակույթ, լեզու, գրականություն, առանձնահատկություն, հայրենագիտություն ենք փոխանցում, և սա յուրահատուկ է. մենք չենք կարող չհեղինակել, չզբաղվել, որպես անհատներ, մեր մանկավարժությամբ: Ես ասում եմ՝ զարգացնելով, հաստատելով Յուրա Գանջալյանի միտքը, պետք է ավելի ու ավելի շատ մեր մանկավարժությունը թարգմանել, հասանելի դարձնել, ներկայացնել այլոց, օտարներին, Ֆինլանդիայում, թե Վրաստանում, մեկ է:

  • Երրորդ՝ մեր մոտեցող տոնը դիտում եմ որպես մի լավ հնարավորություն՝ բոլոր տարիքների շրջանավարտներին, սեբաստացիներին օգնելու, որ հաղթահարեն մոլորությունը, որ կարող է խորն է նստած։ Մեր կրթահամալիրն է, բայց եթե քո երեխան կարող էր ու չի սովորում կրթահամալիրի դպրոցներից, կրթական ծրագրերից մեկում, որպես քո գիտակից, ազատ ընտրություն, քո կրթահամալիրը չէ, քո դպրոցը չէ: Մի տեղ պիտի սովորեիր, սովորել ես, ծնողներդ բերել են՝ մի շրջան դարձել է քոնը: Մենք պիտի տոնին մասնակից դարձնենք այսօր կրթահամալիրում սովորող, աշխատող սեբաստացիներին, շեշտը դնենք այսօր իրենց երեխաներին կրթահամալիր բերողների վրա. այստեղ է թաքնված ռեսուրսը, որ տոնի միջոցով կարող է դրսևորվել, գործարկվել… Իսկ սա հնարավոր է, եթե տոնն անհատականացվի, եթե տոնի գործողությունը, ժամանակը, կոնկրետ հասցեական լինեն… Այստեղից՝ եթե…, ապա…

    Մենք չենք կարող այդքան անպատասխանատու լինել, որ ուսումնական արձակուրդի տասնօրյակը (հոկտեմբերի 18-27-ը) չօգտագործենք այս անհատական, կոնկրետ հասցեական՝ հեղինակային մանկավարժության ներկայացման պատրաստության վրա: Կրթական ծրագիր՝ իր կրթական միջավայրով, տոնական հանդերձանքով…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել