Մարդու կյանքը, մեծ հաշվով, երազանքների ու բաղձանքների իրականացման մի ընթացք է ներկայանում: Կյանքն առանց նպատակի՝ մարդն առանց գլխի,- ասում է ժողովուրդը…
Այսօր մենք հայտնվել ենք մի պարադոքսալ իրականության մեջ, որտեղ յուրաքանչյուրը դեգերելով իր իղձերի ու փափագների աշխարհում, գրեթե ոչինչ չի անում վերջիններիս իրականացման համար: Ոչինչ, սեփական բախտից ու ճակատագրից բողոքելուց, սեփական անհաջողությունների համար իրենից զատ ում ասես մեղադրելուց, շարունակ ՛՛լաց լինելուց՛՛ բացի…
Մենք ազգովի նմանվել ենք կանանց, ովքեր իրենց ողջ կյանքն անրջում են արժանանալ հեքիաթային մոխրոտի ճակատագրին և հանդիպել իրենց արքայազնին, սակայն նրանց մտքովն անգամ չի անցել, որ արքայազնի սերն ու նրա կողքին գտնվելու իրավունքը հնարավոր էր վաստակել գիշեր ու զօր տքնելու, ուրիշներին անդուլ ծառայություն մատուցելու, սեփական ԵՍԸ ժխտելու, կարճ ասած՝ ՛՛մոխրոտություն՛՛ անելու ճանապարհով միայն:
Մենք անվերջ կրկնում ենք, ավելին, սրան-նրան սովորեցնում, որ մարդուս իրական երջանկությունն այլոց երջանկություն պարգևելու մեջ է… Սակայն հենց բանը մեզ է հասնում, կատարվում է տրամագծորեն հակառակը: Երջանկություն ասելով, մեզանից յուրաքանչյուրն առաջին հերթին հասկանում է երջանկությունն ի՛ր համար, բարեկեցությունն՝ ի՛ր համար, արդարությունն՝ ի՛ր համար…Մեզանից յուրաքանչյուրը մտածում է իր, և միայն իր ՛՛անձը փրկելու՛՛ մասին: Բայց, չ՞է որ ասված է. ՛՛Նա, ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնե, և ով իր անձն ուրանա՝ նա կփրկվի՛՛: Այսօր քրիստոնեական սկզբունքները, մարդկային առաքինությունները արտաքնապես հայտարարելով գերակա, մենք, ըստ էության, ապրում ենք հակառակ՝ մարդու մարմնավոր ԵՍԸ փառավորող արժեքային համակարգում:
Իրավիճակն է՛լ ավելի վատթար է, քանզի մեծամասնության համար ՛՛արքայազնին՛՛ սպասելու վիճակն ավելի գերադասելի է, քան նրա գալուստը … Չէ՞ որ ՛՛Արքայազնն՛՛ իր գալուստով մեր Եսի, կյանքի, ապրուստի, ունեցվածքի, համընդհանուր արդարության, մարդու ազատությունների ու իրավունքների վերաբերյալ մեր ոչ արտաքին ձևական, այլ ներքին, խորքային սպասումներից էապես տարբերվող՝ այլ մոտեցումներ է հաստատելու: Նա ցույց է տալու կատարյալ երջանկության հասնելու՝ ՛՛հավատի հին տաճարն ավերելով նոր՝ ճշմարտության տաճար կառուցելու՛՛ միակ ճշմարիտ ՈՒՂԻՆ, որով դժբախտաբար, մենք պատրաստ չենք գնալ…
Այնպես որ ՛՛արքայազնին՛՛ սպասելն ու նրա չգալու համար բացի մեզանից, անխտիր բոլորին մեղադրելով լաց ու կոծ դնելու ազգային մազոխիզմի այս վիճակն օրինաչափ է և մեր այսօրվա խորքային էության ամենավառ արտահայտությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/601032883355485?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել