Ոմանք համարում են, որ «Յակուձան» բացառապես ճապոնական խմբավորում է, սակայն իրականում դա այդպես չէ։ Այս հանցավոր խումբը պաշարել է մի շարք ասիական երկրներ, այդ թվում՝ Թաիլանդը, Հարավային Կորեան ու Ֆիլիպինները։ Լուսանկարիչ Յանգ Սեունգ Վուն երբևէ որևէ կապ չի ունեցել հանցավոր աշխարհի հետ։ Այս լուսանկարչական նախագիծը նվիրված է այս նախագծի հեղինակի մանկության հանգուցյալ ընկերոջը։ Յանգի ընկերը մեղադրվել է սպանության մեջ ու բանտարկվել։ Ազատ արձակվելուց հետո նա դարձել է յակուձաների գործակալը, իսկ ավելի ուշ կախվել։
«The Best Days» նախագծի շրջանակներում լուսանկարիչը մակերսային հայացք է ձգում «Յակուձայի» կորեացի անդամների ու նրանց կյանքի վրա։ Լուսանկարչին հաջողվել է ներթափանցել հանցագործների աշխարհ, սակայն նրա համար այդ ամենը բոլորովին նոր է։ Այդ մասին է վկայում լուսանկարների էքսպրեսիան (արտահայտչականությունը)։ Թեպետ այս լուսանկարները սև-սպիտակ են, ֆոտոշարքն առանձնակի էմոցիոնալ է ստացվել։ Լուսանկարներում արտացոլված է կենցաղը և ուրիշ ոչինչ։ Ավազակային կյանքն Ասիայում շատ առումներով նման է համայնքային կյանքին։ Համակեցությունն այստեղ ամենակարևոր հասկացողություններից է։ Այստեղ գրեթե ամեն ինչ ընդհանուր է՝ ընդհանուր օգտագործման տուն, ընդհանուր սնունդ, ընդհանուր կանայք։ Փողերը, որոնք հաճախ կարելի է տեսնել այս լուսանկարներում, ենթադրաբար նույնպես ընդհանուր են։ Զվարճանքները ևս խմբային են և սին՝ ալկոհոլ, նախուտեստներ ու սեքս։
Յանգ Սեունգ Վուն իր ֆոտոպատմության համար հերոսներ էր որոնում ապօրինի խաղատներում, բարերում ու հարեմներում։ Զարմանալի է, որ նրանք ընդհհանրապես չեն թաքցնում իրենց դեմքը։ Խավարով պարուրված այս ֆոտոշարքում ընդգծված է հանցավոր կենսակերպի սին ու անմիտ բնույթը, ընդ որում լուսանկարչին հաջողվել է զերծ պահել այս ֆոտոնախագիծը խրատաբանությունից։ Բավականին հեշտ է ամեն ինչ ցույց տալ այնպես, ինչպես կա, առանց ավելորդ հմայքներ վերագրելու հանցավոր կյանքին։ Իսկ եթե դա դեռ բավական չէ հանցավոր աշխարհի ողջ եղկելիությունը գիտակցելու համար, լուսանկարիչը պատրաստ է հիշեցնել իր ընկերոջ պատմությունը, ով ավազակային խրախճանքում կործանեց սեփական կյանքը։


















