Ասել, թե ԵՏՄ-ն ընդամենը տնտեսական կառույց է, միամտություն է, եթե ոչ՝ խաբեություն: Եթե միավորման հիմնադիրներն ունեն երեքական ձայն, դու՝ ընդամենը մեկ, նշանակում է այլևս պատանդ ես. մոռացիր կամովին դուրս գալու մասին, ուրեմն՝ գործ ունես քաղաքական կառույցի հետ:
Եթե ԵՏՄ-ն տնտեսական միասնական տարածք է,նշանակում է ուշ թե շուտ անցում են կատարելու նույնական արժույթի, որը, անտարակույս, պարտադրելու է հրաժարում պետականության առարկայական և հույժ կարևոր խորհրդանշ ազգային արժույթից, սա ի՞նչ է՝ եթե ոչ քաղաքական կառույց: 
Եթե քեզ միության կազմ չեն ընդունում Արցախով, երաշխիքի նշույլ ունե՞ս, թե ինչպիսին կլինի մոտեցումն անմիջական հակառակորդիդ՝ Ադրբեջանի հարցում: 
Վերջապես՝ ի՞նչ երաշխիք, որ վաղը քեզ չեն պարտադրի միավորել նաև բանակները: Կարո՞ղ ես, կհամարձակվե՞ս չլուծարել քոնը: Չասեք՝ հնարավոր չԷ, քանզի տեսել ենք, քանզի պատմության դասը տկարամիտն ի զորու չէ յուրացնել, իսկ մոսկովյան դրածոների համար այլ կանոններ են գործում: 
Չեմ կասկածում, զանազան հաստավիզ քաղաքական մեկնաբաններ, խռպոտ ձայնով ռուսախոսներ, զորիներ ու ջորիներ, արտեմներ, այլազան անողնաշարավորներ անմեղսունակի դիմակ բռնած կբարբառեն, թե՝ մեր ազգային անվտանգության խնդիրն են այդ կերպ լուծել...
Հոռետես եմ, այո՞, իսկ եթե իրադարձությունների ընթացքը դրան է տանու՞մ, եթե հեռանկարում Հայաստանն այդչափ ու ավելի գետնաքարշ է ներկայանու՞մ, եթե դիմադրություն չկա ոչ վերևում, ոչ ներքևու՞մ...
Հապճեպագիրն ավարտեմ մեր մեկ այլ բանաստեղծի տողով՝ ԴԵՄՔԵՐԸ, ԱԽ, ԲՈՒԹ ԵՆ ԱՅՆՊԵՍ, ԿԱՐԾԵՍ ՇԻՆՎԱԾ ԵՆ ՏԱՊԱՐՈՎ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել