1959 թ., Բաշքենդ (Արծվաշեն): Գյուղում ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի շրջան է: Երկու բաշքենդցի` մեկը 40 տարեկան, մյուսը` մոտ 20, թուրքի գյուղից անասունների համար խոտ էին բերում: Քանի որ թուրքի գյուղերում խոտը շատ առատ էր, արծվաշենցիները հաճախ էին ձմռան անասնակերի հարցը լուծում հարևան ադրբեջանական գյուղերից խոտ գնելով:
Գրեթե տուն էին հասել, երբ երկու հարբած «դրուժիննիկ» (հասարակական կարգը պահպանող երիտասարդներ) նրանց են մոտենում, և դրուժիննիկներից մեկը հայտարարում է, թե սայլին բարձած խոտը գողացված է:
«Ինչպե՞ս թե գողացված է»,- զարմացած պատասխանում է տղամարդն ու բացատրում, թե որ գյուղից և ումից են խոտը գնել, անգամ առաջարկում է գնալ ու տեղում պարզել: Բայց հարբած դրուժիննիկը պարզապես կատարը տաքացած երիտասարդ էր, որին այդ հավաստիացումները չեն գոհացնում: Ի վերջո, խոտ բերող երիտասարդը նույնպես տաքանում է և սկսում է հակադարձել: Վիճաբանություն է սկսվում: Մյուս դրուժիննիկը լավ էր ճանաչում այդ երիտասարդին, որը բոլորովին վերջերս էր ամուսնացել իր հորեղբոր աղջկա հետ, և փորձում է ընկերոջը հանդարտեցնել, բայց ապարդյուն: Վիճաբանությունը խորանում է, և վեճը սկսած դրուժիննիկը, դանակը գոտկատեղից հանելով, հարձակվում է երիտասարդի վրա: Մյուսը մեջ է ընկնում, որպեսզի ընկերը չհարվածի հորեղբոր աղջկա ամուսնուն, սակայն դանակն իրեն է դիպչում` մխրճվելով ազդրի մեջ: Զարկերակը վնասվում է, և երիտասարդ դրուժիննիկը մահանում է իր իսկ ընկերոջ ձեռքով:
Ահա սա է ճշմարտությունը մի պատմության, որի ողջ սցենարը խեղաթյուրվել է սովետական «անաչառ ու արդար» դատարաններում, իսկ թուրքի գյուղից խոտ բերող 40-ամյա տղամարդը պապս էր` Բաղիշ Ղալեչյանը, նրան ուղեկցող երիտասարդը` պապիս քրոջ որդին` Սուրենը, սպանված դրուժիննիկը Հարությունն էր, իսկ սպանողը` Վլադիմիրը:
Պապս 5 երեխա ուներ: Դեպքի ժամանակ մեծ քեռիս 15 տարեկան էր, փոքր քեռիս`10 տարեկան, մեծ մորաքույրս` 5, մայրս` 3, իսկ փոքր մորաքույրս` ընդամենը մեկ տարեկան:
Մորաքույրս հիշում է, որ դեպքից մոտ մեկ ժամ առաջ ինքը դպրոցում էր, երբ հանկարծ ինչ-որ իրարանցում սկսվեց: «Երկու հարբած ձիավորներ դպրոցի աստիճաններով ուզում էին բարձրանալ վեր: Դա աննախադեպ բան էր, բոլորն իրար էին խառնվել, աննախադեպ էր հատկապես այն պատճառով, որ հարբած հեծյալները դրուժիննիկներ էին: Հետո իմացա, որ նրանք այն նույն դրուժիննիկներն էին, որ վեճի էին բռնվել հորս ու հորաքրոջս տղայի հետ»,- պատմում է նա:
Պապիս, Սուրենին ու Վլադիմիրին ձերբակալում են: Բայց անհետացել էր ամենակարևոր փաստարկը` սպանության գործիքը` դանակը: Հետաքննության հիմնական դերակատարները դառնում են ականատեսները: Սկսվում է կյանքի և մահու կռիվ, քանի որ բոլորը գիտեին, որ մարդասպանին սպասվում է մահապատիժ:
Վլադիմիրի հարազատները գործի են անցնում. վկաներից շատերը կաշառվում են և սուտ վկայություն տալիս պապիս դեմ: Լինում են նաև անկաշառ վկաներ, որոնք մինչև վերջ պնդում են, որ նա մեղավոր չէ, ընդհակառակը, ամեն գնով փորձել է հանդարտեցնել երիտասարդներին: Ինչ վերաբերում է «գողացված խոտին», ապա վկայություն է տալիս նաև թուրքը` հավաստելով, որ խոտն իրենից են գնել: Մոտ մեկ տարի ընթացող դատավարության ժամանակ պապիս կտտանքների են ենթարկում, որ ընդունի իր «մեղքը», անգամ եղունգներն են քաշում, բայց նա մինչև վերջ ասում է. «Ես անմեղ եմ, ես մարդ չեմ սպանել»:
Ի վերջո, ծախված դատարանը մեղավոր է ճանաչում պապիս` դատապարտելով նրան մահապատժի «հանրային սեփականությունը` խոտը գողանալու և մարդասպանության» մեղադրանքով: Մարդասպանին` Վլադիմիրին, ազատ են արձակում:
Սակայն տատս` բազմավաստակ և հարգված մանկավարժ Հայկանուշ Օհանյանը, չէր կարող ձեռքերը ծալած նստել ու սպասել երիտասարդ ամուսնու դատավճռի իրականացմանը: Նա բողոքարկում է դատավճիռը, այդ ընթացքում մի քանի անգամ Մոսկվա է հասնում, և մի փաստաբան ստանձնում է պապիս արդարացնելու գործը:
Նոր դատաքննություն է սկսվում: Սպանվածի գերեզմանը բացում են, դիակը փորձաքննության ենթարկում: Փաստաբանն ապացուցում է, որ պապիս մատն անգամ չի դիպչել սպանվողին: Եվ քանի որ ապացույցներն անհերքելի էին, պապիս ու Սուրենին ազատ են արձակում` կալանավորելով Վլադիմիրին:
Պատմում են, որ երբ պապս մեկ տարվա բանտարկությունից հետո գյուղ է վերադարձել, գյուղի սահմանագլխին ողջ գյուղը մեծ ցնծությամբ, երգ ու պարով նրան դիմավորել ու տուն է ուղեկցել: Համագյուղացիների բերանին պապիս խոսքերն են եղել. «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»:
Մի քանի ամիս անց, երբ պապս 16-ամյա որդուն` Մարսելին, Եվպատորիա է տանում` ոտքերը բուժելու նպատակով և հազիվ է տեղավորած լինում նրան հիվանդասենյակում ու դուրս է գալիս սնունդ գնելու, նրան ձերբակալում են: Մարդասպանի հարազատները նոր դավեր էին նյութել բանից անտեղյակ պապիս դեմ, վաճառել ինչ ունեին, գումար հավաքել, կաշառել, անգամ, «Պրավդային», որում «Ստի ոտքերը կարճ են» վերնագրով հոդված էր լույս տեսել: Իսկ այն ժամանակ «Պրավդայի» գրածը գրած էր… Պապիս դեմ համամիութենական հետախուզում էր հայտարարվել:
Վլադիմիրի հարազատների կողմից «սովետական արդարադատությունը» գնելը գուցե այնքան էլ հեշտ չլիներ, եթե կշեռքի մյուս նժարին դրված չլիներ սովետական դրուժիննիկի կերպարն ապականելու հարցը. չէ՞ որ Մոսկվա չպետք է հասներ այն լուրը, որ հարբած դրուժիննիկը մարդ է սպանել…
Պապիս ձերբակալում են, իսկ հիվանդ որդու աչքը մնում է հոր ճամփին:
Իմանալով հոր ձերբակալության մասին` օտար քաղաքում միայնակ ու անպաշտպան վիճակում հայտնված պատանու վիճակը ծանր հոգեկան ապրումներից կտրուկ վատանում է:
Մեկ տարի անց Մարսելը վախճանվում է:
Պապիս հետ միասին ձերբակալում են նաև Սուրենին, իսկ Վլադիմիրն ազատ է արձակվում: Փաստորեն, կյանքի և մահու պայքարն արդեն պապիս ու նրա քրոջ որդու միջև էր: Սկսում են Սուրենին կտտանքների ենթարկել, որպեսզի սուտ վկայություն տա քեռու դեմ, սակայն նա ասում է, որ եթե անգամ իրեն կախաղան էլ հանեն, նման քայլի չի գնա:
Սուրենի հորեղբոր կինն աշխատում էր Կագեբեում: Նա ելումուտ ուներ Սուրենի մոտ: Հասկանալով, որ նա երբեք քեռու դեմ սուտ վկայություն չի տա և այդ դեպքում մարդասպանի դերում ինքը կհայտնվի, որոշում են դիմել շանտաժի եղանակին. Սուրենին ասում են, թե քեռին իր դեմ վկայություն է տվել ու իր վրա բարդել ողջ մեղքը: Սուրենը չի հավատում, բայց ուրիշ ելք չուներ, քան ինքն իրեն պաշտպանելու համար պապիս մեղադրելը:
Եվ ահա դատական նիստի ժամանակ Սուրենը հայտարարում է, թե իր քեռին է սպանել դրուժիննիկին…Պապիս երկրորդ անգամ են մահապատժի դատապարտում: Այս անգամ, սակայն, նրան արդարացնելու ելք չկար, քանի որ դատավճիռը բեկանման ենթակա չէր: Պապիս վերջին խոսքը դատարանում լինում է. «Ես անմեղ եմ»:
Ֆիննական պատերազմի հերոս, Կարմիր դրոշի շքանշանակիր պապս, որ գյուղում շատ հարգված մարդ էր և հայտնի էր իր խելքով ու խիզախությամբ, մահապատժի է ենթարկվում:
Պատմում են, որ դեպքից որոշ ժամանակ անց` կուսակցական ժողովներից մեկի ժամանակ, երբ ներկա էր նաև շրջկոմի առաջին քարտուղարը, տատս ձայնի իրավունք է խնդրել և հայտարարել. «Ի՞նչ կուսակցություն է սա, ինչո՞վ եք հպարտանում, երբ անմեղ մարդուն գնդակահարության են ենթարկում, և ոչ ոք ոչինչ չի անում… Գնացեք, դո՛ւք էլ, ձեր կուսակցությո՛ւնն էլ»,- ասում է և իր կուսակցական տոմսը պատռում, շպրտում ու դուրս գալիս:
Սուրենին դատապարտում են 7 տարվա ազատազրկման: Բանտից ազատվելուց հետո նա գալիս է պապիս տուն, սակայն նրա առջև դուռը չեն բացում. «Հիշում եմ` այդ օրը Սուրենը կանգնել էր տան դիմաց, գոռում էր, լաց լինում, իրեն գետնին խփում, խնդրում, որ հնարավորություն տանք ամեն ինչ բացատրելու, ասում էր, որ իրեն շանտաժի են ենթարկել, բայց մեզ համար նա այլևս մեր հորաքրոջ տղան չէր, նա մեզ համար թշնամի էր»,- ասում է մորաքույրս:
Որտե՞ղ էր, ի վերջո, սպանության գլխավոր գործիքը` դանակը, որն այդպես էլ ջրի երես դուրս չեկավ: Գյուղացիներից ոմանք հետագայում տատիս պատմել են, որ գյուղի աղջիկներից մեկը, որ սիրահարված էր Վլադիմիրին, դեպքի ժամանակ վրա է հասել, վերցրել դանակն ու տարել-գցել իրենց զուգարանը: Աղջկա այդ «հերոսական» քայլը Վլադիմիրը փոխհատուցել է նրա հետ ամուսնությամբ, իսկ իր խիղճն այդ դանակի հետ հավերժ թաղել զուգարանի փոսում:
Այս պատմությունից անցել է կես դարից ավելի, և այսօր Վլադիմիրն ու իր կինն իրենց կյանքի մայրամուտն են ապրում` շրջապատված երեխաներով ու թոռներով, իսկ մեր վիշտը չի փարատվել, ցավը չի մեղմացել, քանի դեռ արդարությունը վերականգված չէ…