Dav3

Խցանումներ, գիտեք, չեմ տանում՝ փախչելու աստիճան. ո՞ւր փախչես, ո՞նց, եթե հնար կա, ուրեմն դեռ այն խցանումը չէ: Խցանում է, երբ անշարժ ես ու հանձնված հոսքին մեքենաների, երբ կորցրել ես ընթացքի որևէ հեռանկար…

Ես իջնում եմ մեքենայից, գերադասում եմ ոտքով անցնել ճանապարհը. թող ների ինձ իմ ընկեր Վահրամը, սա ընկերոջը փորձանքի մեջ մենակ թողնել չէ, իրենը աշխատանք է: Այս անգամ խցանումից փախանք Դավիթ Բլեյանի հետ, ու՝ իրիկնային զբոսանք Երևանով…

Դավիթը լավ է քայլում, բոլորին բարևում է՝ ծանոթ-անծանոթ չկա, բոլորն իրեն ճանաչում են, ու նա շփվում է բոլորի հետ, հատկապես, երիտասարդների, նրանց մեջ՝ աղջիկների… Նստարանին նստած են՝ մոտենում է, բարևում, աղջկա ձեռքը բռնում ու մտնում զրույցի… Ես ինձ հեռու եմ պահում. Դավիթը շփվում է առանց միջնորդի, հսկողության, հետո անցնում մյուսին… Այսպես՝ ողջ ճանապարհին: Այո՛, ես ուզել եմ, որ անծանոթ մարդուց  չվախենա, որ անմիջական լինի, մարդամոտ:

Գլխավոր պողոտայի բարեկարգ հրապարակը հիշեց.
- Հիշու՞մ ես՝ երեկ հեծանիվ էի քշում, հիշո՞ւմ ես, որ պուճուր աղջիկը մոտեցավ, ես իմ հեծանիվը չտվեցի, հեծանիվից չիջա, դու բարկացա՞ր, հայրիկ, հիշում ե՞ս:
- Իհարկե հիշում եմ: Իսկ դու լա՞վ արեցիր…
- Չէ, լավ չարեցի, սիրուն կուկու էր։ Հիշու՞մ ես՝ ոնց էր վազում փախչում իր մայրիկից…

Տեսնու՞մ եք՝ ոնց է տպավորվել մեկ օր առաջվանը, ո՜նց է հիշում իր խոզությունը… Ես միշտ խաղաղ, բարեկամաբար, առանց թելադրանք-հարկադրանքի արտահայտում եմ իմ վերաբերմունքը, ներկայացնում իմ անհամաձայնությունը… Տեսեք, այնպես չէ, որ նա չի լսում, որ անառարկելի է իր բոլոր որոշումներում, պարզապես հաճախ չի հասցնում նույն պահին արձագանքել. կարևորն իմ կենսափորձին, իմ հայացքին անհաղորդ չմնալն է: Ինքը գիտի: Շտապել-պարտադրելն ի՞նչ պիտի տա…

- Քո ասածով եղավ… Ե՛ս եմ քեզ ասում…
Ասում ե՞ս, այնպես ասա, որ քեզ լսեն, որ մարդուն հասնի… Մեր Դավիթը հասունանում է մեր աչքի առաջ…

Երեկոյան Մեդիա կենտրոնից քայլում ենք Գեղարվեստ՝ դաստիարակի հնարավոր տեղափոխման առիթով, ծնողների նախաձեռնությամբ՝ հավաք է 2-4 տարեկանների խմբում: Դավիթն էլ երեխաների հետ խաղալուց գերադասում է ինձ հետ ժողովին մասնակցելը: Իր ազատ ընտրությունն է: Կարող է, իրեն ավելի հետաքրքիր է, կարող է՝ ուզում է ինձ հետ լինել: Ես համբերատար հարգում, ապահովում եմ իր ընտրության իրավունքը. իր կյանքն է: Ինչո՞ւ իմ ուզածով պիտի լինի. ինչո՞ւ շտապել…

Ծնողները խոսում են իրենց դաստիարակի տեղափոխման անթույլատրելիությունից… Ես, իհարկե, հարգանքով լսում եմ, բայց ուզում եմ, որ իրենք էլ հարգանքով լսեն մեր փաստարկները… Չեմ ուզում՝ հակառակվող կողմեր լինենք. հումորն օգնում է…
- Դավիթ,- հարցնում եմ,- կուզե՞ս՝ քո ընկեր Կարինեին փոխենք… Նշանավոր ժպիտը դեմքին, հումորի ընդգծված հասունությամբ, արագ արձագանքում է.
- Հա, ընկեր Կարինեին էլ փոխենք, ընկեր Մելինեին էլ (օգնականն է դաստիարակի), կուկուներին էլ, հայրիկին էլ, մայրիկին էլ, Շուշանին էլ՝ բոլորին փոխենք, որ լավ լինի…

Ես այժմ ավելի, քան երբեք քննարկման կողմնակից եմ, երբ բոլոր հնարավոր մասնակիցները փաստացի օգտվում են արտահայտվելու հնարավորությունից: Կասեն՝ «մեկ ա ձեր ասելով է լինելու»… Ուզում եք ասել կամ ճիշտ է ասել՝ մեկ է, կայացված որոշումն իմ հրամանով է գործադրվում… Այո, ես գործատուն եմ, չի կարող ձևակերպումն իրավական չլինել, բայց այս դեպքում էլ որոշումը նախօրոք ինձ հայտնի չէր… Երեք-չորս շրջանով քննարկում եղավ, որքա՜ն խոցելի առաջարկներ ի դերև ելան: Լավագույնս օգտվեք կրթահամալիրում հաստատված կլոր սեղանից. նախ՝ ուշադիր լսեք, հասկացեք՝ ինչ է կատարվում: Հետո՝ մեկ նախադասությամբ, մեկ մտքով, եթե արձագանքե՜ք…

Մարդկային՝ սեբաստացի սովորողի, աշխատողի, ծնողի գործոնը կարևորելու, գործողություն դարձնելու շրջան ենք թևակոխել։ Վճռական եմ ես տրամադրված. քո կրթահամալիրն է, քո ընտրած, քո յուրացրած մանկավարժությունը, քո կյանքը կրթահամալիրում՝ գործիր: Տարիներ առաջ, շախմատային մրցաշարի ծրագիրը կրթահամալիրի տնօրենի հրամանով կհաստատվեր… հանդիսավոր, որպես թիվ մեկ կարևորության իրադարձություն կդառնար… Հիմա տեսեք, մեր շախմատի մասնագետ, ակումբի ղեկավար Առնոլդ Միքայելյանն անցկացնում է մրցաշար, իր բլոգում էլ լուսաբանել է. կդիմի մրցանակների համար՝ խնդրեմ. կառաջարկի ու կանցկացնի նոր, ուսուցիչների մրցաշար՝ կունենա առավելագույն աջակցություն… Ինքն է գործիչը, իր գործն է անում իր աշխատավայր կրթահամալիրում… Այդ չէ՞ր ուզում Առնոլդը, երբ մի տարի առաջ եկավ կրթահամալիր…

Կամ Դպրոց պարտեզում այսօրվա հեծանվուղու բացումը… Ո՞ւմ գործն է. Տաթևի ու իր ընկերների. ես իմը իմ աշխատակազմով արել եմ, կանեմ: Բայց դպրոց եք, չէ՞, գործեք: Իմ վերաբերմունքն աշխարհին է հայտնի՝ բոլոր տարիքի սեբաստացիներն ամեն տեսակի անիվների վրա… Հա, չմոռանաք կանչել մեր լավ բարեկամ, հայտնի հեծանվորդ-չմշկորդ Լևոն Աբգարյանին:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել