Հռչակավոր հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող, ժողովրդի կողմից շատ սիրված երգչուհի Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937թ.-ի Հունիսի 1-ին Ջավախքում: Փոքր տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ:
Լուսինեն սերում էր երաժիշտների գերդաստանից:
Լուսինեի մորական կողմից պապը՝ Իոսիֆ Տոմաշեվիչը, ծագումով լեհահայ, եղել է Ս.Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում: Տատը՝ Ելենա Տոմաշեվսկայան, դաշնակահարուհի էր: Երևան տեղափոխվելուց հետո Լուսինեն սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին` Հրանտ Գևորգյանին, խնդրեց թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմեց Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական եղավ:
Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ եղավ Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով նա պատվիրեց անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորեց իր ողջ կյանքի ընթացքում:
Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝ Խ.Պալյանի ջանքերով սովորեց հայերեն եւ գրաբար, և նվիրվեց հայ հոգևոր երաժշտությանը: Լուսինեի եզակիությունը հայ մշակույթի համար , նրա պատմական դերի մեջ էր: Նա կարողացավ անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար: Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինեն կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց և դարձնել համաժողովրդական: Հոգևոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ժողովուրդն ընդունեց գարնանային թարմ ու կենարար օդի պես:
Լուսինեն գերեց ու «գրավեց» ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդրի սիրտը:
Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները:
Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ:
Լուսինեի համար է կոմպոզիտոր Ա.Բաբաջանյանը գրել իր «Ոկալիզ»-ը:
Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս.Կապուտիկյանը, Վ.Դավթյանը,
Լուսինեն մահացավ 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին: Լեգենդար երգչուհու աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։