Սիրելի՛ երևանցիներ,
Մի տարով էլ մեծացավ մեր սիրելի մայրաքաղաքը, մեր տուն Երևանը:
Երկու օր շարունակ մենք բոլորս ու, վստահ եմ, մեզ հետ նաև ամբողջ աշխարհի հայությունը, տոնում էր մեր ընդհանուր մեծ տան, մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2796 -ամյակը:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երևանցիներին, ինչպես նաև տոնի կապակցությամբ Երևանում գտնվող մեր բոլոր հյուրերին և, ընդհանրապես, բոլոր նրանց, ովքեր տոնական այս օրերին մեզ հետ էին ու սրտանց կիսեցին մեր ուրախությունը, լիարժեք ուրախացան ու դրանով իսկ տոնն ավելի լիարժեք դարձրին:
Շնորհակալություն եմ հայտնում նաև տոնակատարության կազմակերպչական աշխատանքներում ներգրավված բոլոր կազմակերպություններին, անհատներին, կամավոր–երիտասարդներին, ովքեր օրեր շարունակ ջանասիրաբար աշխատեցին և նպաստեցին տոնի կայացմանը:
Տոնակատարության շրջանակում այս տարի մենք ներառեցինք լրացուցիչ երկու բաղադրիչ, որոնք, ինչպես երևաց մեր բնակչության արձագանքից, իսկապես տեղին էին ու անհրաժեշտ: Տոնակատարության սոցիալական բաղադրիչի շնորհիվ «Էրեբունի-Երևանը» նաև յուրահատուկ տոն դարձավ մեր համաքաղաքացի 2796 ընտանիքների համար։ Նորություն էր նաև միջազգային համաժողովը, որի ընթացքում մենք հանրությանը ներկայացրեցինք ոչ միայն վերջին տարիներին մեր կողմից կատարածը, այլև նախանշեցինք քաղաքի առաջիկա 10 տարիների զարգացման տեսլականը:
Սիրելի երևանցիներ,
Ցանկանում եմ, որ Երևանի նկատմամբ այս օրերին դրսևորած ձեր սերը, հոգատարությունը, ջերմությունն ու համախմբումն արտահայտվի նաև տարվա մյուս բոլոր օրերին։
Սիրենք բոլորիս մեծ տուն Երևանը և հոգատար լինենք ամբողջ տարվա ընթացքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=779300618782386&set=a.108502979195490.4452.100001073663265&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել