Imyerevan.com-ը գրում է.

Միշտ էլ մի փոքր անսովոր է, երբ մի ազգության ներկայացուցիչը կինոյում մարմնավորում է մեկ այլ ազգության ներկայացուցչի: Հայերս յուրահատուկ սրտացավությամբ ենք մոտենում հայկական ամեն ինչին, մանավանդ այն ժամանակ, երբ ուրիշները խոսում են մեր մասին իրենց տեսանկյունից կամ էլ ցանկանում կրկնօրինակել մեզ: ImYerevan.com-ը որոշեց կազմել ամենահայտնի 9 ֆիլմերի ցանկը, որտեղ արտասահմանցի դերասանները հաջողությամբ կերտել են հայի կերպար: Ու բնավ պարտադիր չէ, որ նրանք դիմագծերով նման լինեն մեզ. մեծ էկրանը նրանց արդեն ժպտացել է:

Ժերար Դեպարդիե-Լիոնել Կասդան, «Միզերերե»
Համատարած «շերլոքամոլության» ֆոնին ֆրանսիացի ռեժիսոր Սիլվեն Ուայթի նկարահանած ֆիլմը ոչ պակաս հաջողություն ունեցավ: Բայց այն փաստը, որ Ժերար Դեպարդիեն խաղաց ազգությամբ հայ Լիոնել Կասդանի դերը, միայն հայերին չէ, որ հետաքրքրեց: Սյուժեի արտասովոր գիծը առաջին իսկ րոպեներից գերում է հանդիսատեսին: Փարիզում՝ հայկական սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, սպանված են գտնում չիլիացի փախստական Վելհելմ Գետցին, ով մանկական երգչախմբի խմբավարն էր:

Ոստիկանության նախկին սպա, ծխական Կասդանը որոշում է սկսել սեփական հետաքննությունը: Ինչպես իսկական դետեկտիվներում՝ այստեղ էլ հայտնվում է նրա օգնականը՝ արաբ Ֆրենկ Սալեկը, ով անչափահասների շահերի պաշտպանության բաժնի աշխատակից է: «Դուդուկ» ածականով Կասդան իր մեջ ամբողջացնում է իսկական հայի կերպարը. նվիրված է հանգուցյալ կնոջը, աշխատում է հայկական հասարակական կազմակերպություններր համար, գրում է «Արարատ» ամսագրում և, իհարկե, երազում լինել Արևմտյան Հայաստանում։ Նա ակամա ներգրավվում է համաշխարհային դավադրության մեջ, որում դերակատարություն ունեն Հարավային Ամերիկայի մի շարք բարձրաստիճան դեմքեր ու նույնիսկ նացիստներ:

 


Ժան Ռենո և Գասպար Ուլյել -Միլո և Անտոն Մալաքյաններ, «Փակ շղթա»

Կինոյում ամենահմայիչ հայը Ժան Ռենոն է: Ռուսական մաֆիան անմահ է, նեապոլիտանական բանդաները՝ վրեժխնդիր, Ուոլ Սթրիթի հրեաներն էլ ամենազոր, բայց եվրոպական հաջողակ երկրի հայ գանգստերների մասին, կարծես, ոչինչ հայտնի չէր այնքան ժամանակ, մինչև ֆրանսիացի Լորան Տյուելը որոշեց լրացնել այդ բացը:

Տյուելի կրիմինալ թրիլլերը լի է սուր զգացողություններով ու արյան գետերով: ժան Ռենոն ներկայացնում է Մալաքյանների կլանը, որը համակարգում է Ֆրանսիայի հարավի հանցագործ աշխարհը:
Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ դիտել են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի ու նրա «Կնքահոր» մասին, դիտման ամբողջ ընթացքում թեթև դեժավյու կապրեն:
Միլոյի որդին՝ Անտոնը, սիրահարվում է հասարակ մի բուժքրոջ՝ Էլոդիին: Նա ցանկանում է փախչել հանցագործ աշխարհից ու կեղտոտ փողերից՝ սկսելով արդար կյանք: Բայց ընտանիքի հայրն ու նրանց թշնամիները շատ լավ հասկանում են՝ չի կարելի է հենց այնպես լքել մաֆիան:

 


Ալ Պաչինո- Ջեք Գևորգյան, «Դուք Ջեքին չգիտեք»

Ջեք Գևորգյանը Շառլ Ազնավուրից հետո երևի ամենահայտնի հայն է աշխարհում: «Բժիշկ-մահը», ինչպես նրան անվանեցին լրատվամիջոցները, ցնցեց ողջ բժշկական աշխարհը: Թույլատրե՞լ էֆթանազիան, թե՝ ոչ: Օրինականացնե՞լ բժիշկ Գևորգյանի ուղին բռնած բժիշկների գործողությունները: Ի՞նչ հետևանքներ կունենա էֆթանազիայի օրինականացումը: Ո՞վ կտուժի իշխանությունների որոշումից, ու արդյո՞ք իրավունք կա խառնվել բարձրյալի գործերին: Միգուցե Հիպոկրատի երդումն ու բժշկությունը ծաղր է Աստծո հանդեպ: Կենդանի լեգենդ Ալ Պաչինոյի անմոռանալի խաղը տալիս է այս բոլոր հարցերի պատասխանները: Դերասանը հրաշալի ցույց է տալիս բոլոր հանգամանքները, բժշկի հոգեվիճակը, ով ոչ մի պահ չի փոշմանել կատարած որոշման համար ու հերոսաբար դիմանում է հասարակական կազմակերպությունների, նաև հասարակ մարդկանց պարսավանքներին: Ֆիլմը հստակ ընդգծում է ռեժիսորի դիրքորոշումն այս հարցում՝ հանդիսատեսի ուշադրությունը սևեռելով ավելի կարևոր հարցի՝ ասել է թե հասարակության անքննելի քննադատության վրա: Մինչև Գևորգյանին մեղադրելը, ով կարծես խախտել է մարդու մահվան անձեռնմխելիության քրիստոնեական կանոնը, արժե լսել փոքրամասնության այլընտրանքային կարծիքը:

 


Լուբնա Ազաբալ-Մելինե Սարգսյան-«Արամ»

Ռոբերտ Քեշիշյանի բացարձակ «տղամարդկային» «Արամ» թրիլլերում բելգիացի դերասանուհի Լուբնա Ազաբալը ներկայացնում է հայ կնոջ կանացիությունը, նրբությունը, հավատարմությունը, սերն ու հպարտությունը: Սարգսյանների ընտանիքի պատմությունը ավելի քան ողբերգական է. եվրոպական հաջողությունն ու բարեկեցին կյանքը անհույս ճոճվում են նրանց առաջ:
Արամի կրտսեր եղբայրը՝ Լևոնը, վիրավորվում է Փարիզում կատարված ահաբեկչության ժամանակ: Ընտանիքը դժբախտության մեջ մեղադրում է Արամին, ով կապված է ահաբեկչական խմբավորումների հետ: Բոլորից լքված՝ նա վերադառնում է հայրենիք ու մասնակցում Արցախյան պատերազմին: Տարիներ անց ՝քրոջ՝ Մելինեի հարսանիքի օրը, Արամը վերջապես որոշում է վերադառնալ Ֆրանսիա ու վրեժ լուծել իրենց կյանքը գլխիվայր փոխած մարդկանցից: Բայց տոնական օրը ավարտին չի հասնում, հանցագործ խմբավորման անդամները վճռում են ավարտին հասցնել գործն ու վերջ տալ Արամի կյանքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել