Կլսե՞ս ինձ: Այն ժամանակ մթություն չէի սիրում, բայց ժամանակը ամենինչ փոխում է: Ճիշտ չէ՞: Դու էլ այսօր ինձ նման կիսատ ես: Բայց ի տարբերություն ինձ, դու նույնիսկ այդպես էլ ես գեղեցիկ: Ես աշունը չեմ սիրում, գիտե՞ս: Ատում եմ: Դա էլ է ժամանակը փոխել: Ատում եմ աշնանային սառը լուսաբացները, այնտեղ ջերմություն չկա. ջերմացնող չկա: Ատում եմ սառը ձեռքերս, որոնք նույնիսկ երկար շփելուց չեն տաքանում: Ատում եմ կիսաարևը, քանզի առանց նրա ինձ այն պետք չէ: Ատում եմ անձրևոտ ու ցեխոտ մայթերը, որոնք կարծես ավելի են ընդգծում մենությունս: Ատում եմ ընկնող տերևները, որոնք չնայած գեղեցիկ գույներին, միևնույն է տխուր են: Ատում եմ միայնակ մայրամուտները, դրանք ինձ հրաժեշներ են հուշում: Ատում եմ աշունը, քանզի այն նրա հետ չեմ անցկացնում: Աշնանը կարծես անընդահատ շտապում եմ: Բայց միևնույն է արդյունքում ուշացում է գրանցվում:: Քայլերս չգիտեմ ուր են տանում: Իսկ հետո վերածվելով վազքի, ամենաշատը նրա մոտ եմ ուզում վազել, բայց ոչ: Աշնանը կորցնում եմ, դեռ չգտած: Աշնանը վախենում եմ: Վախենում եմ սկսելուց: Աշնանը լռում եմ: Լռությունս չեն հասկանում: Չնայած այս ամենին ես կսիրեի աշունը, լսու՞մ ես: Հաստատ կսիրեի: Կսիրեի սառը լուսաբացներս, եթե նրա զանգով ջերմանայի: Այդ չոր հեռախոսագծերի միջոցով ես կզայի, կվայելեի նրա ջերմությունը: Ես կսիրեի սառը ձեռքերս, եթե նրանք նույնիսկ նրա ափերում չտաքանային: Կսիրեի կիսաարևը, եթե շողերը նրա աչքերը այրեին: Կսիրեի այդ անձրևոտ ու ցեխոտ մայթերը, եթե նրանք մեր ոտնահետքերը պահպանեին: Կսիրեի ընկնող տերևները, եթե միայն նրա հետ քայլելիս լսեի նրանց խշխշոցը: Կսիրեի միայնակ մայրամուտներս, եթե իմանայի, որ նրա զանգով եմ արթնանալու: Այո, ես կսիրեի աշունը, եթե նա այնտեղ լիներ: Ես կսպասեի, կկարոտեի, կսիրեի աշունը...
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2012/09/blog-post_7.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել