Ամիսներ շարունակ հեռուստատեսությամբ բարձրացվեց այն հարցը, որ մեր երկրում նվազել է աղջիկ երեխաների ծնելիությունը: Վիճակագրական տվյալներ էր ներկայացվում և մեկնաբանվում, որ սա ավանդույթների արդյունքում ձևավորված խնդիր է: 
Իսկ այս խնդիրը կանխելու համար, արդյոք այն չպե՞տք է սկսել դպրոցից և այն տոհմածառից, որը երեխան տեսնում և ընկալում է ուղղակի: Երեխայի համար դժվար է ընկալել գերդաստան, տոհմ հասկացությունները և տարանջատել դրանք: Գերդաստանում ընդգրկված են հայրիկի ու մայրիկի ծնողները, հորաքույրը, մորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, նրանց երեխաները, տոհմում՝ միայն հայրիկի ծնողները, տատիկն ու պապիկը: Երեխան չի հասկանում, ինչու այս դեպքում մայրիկի ծնողները չկան: Անկեղծ ասած, ես էլ դա չեմ հասկանում:

«Ես և շրջակա աշխարհը» երկրորդ դասարանի դասագրքում պատկերված է տոհմածառ, որի օրինակով երեխան պետք է կազմի իր տոհմածառը: Իմ աղջիկը հրաժարվեց այն կազմելուց, քանի որ նկատեց՝ այնտեղ չի լինելու իր մայրական կողմի տատիկի և պապիկի անունները: Եվ նույիսկ հուզվեց, որ այդ դեպքում չի լինելու նաև մորաքրոջ և քեռու, նրանց երեխաների անունները: Եթե այդ տարիքից մենք դաստիարակում ենք երեխային, որ հենց տղամարդու շնորհիվ է, որ ազգն ու ազգանունը շարունակվում է, էլ ինչպես կանխենք այն աղետը, որ մեզ սպասվում է: Մի կարևոր փաստ եմ ուզում նշել, որ երեխան ոչ թե առաջարկում է տոհմածառը արմատախիլ անել, այլ այն դարձնել ավելի միասնական ու ամբողջական, բարի ու ավանդական: Ավանդականը պահպանելով կարող ենք լինել ավելի միասնական և իրավահավասար: Պետք է երեխան հասկանա, որ ազգն ու ազգանունը պահպանողը ոչ թե նա է, ով կրում է այդ ազգանունը, այլ նա, ով բարեխիղճ և արժանի զավակ է իր ծնողների, իր ժողովրդի և մարդկության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել