ArmnewsTV.am-ը գրում է․
Աշնան վերջին արեւի տակ ու աշնանային գույներով` Դիլիջանի միջազգային UWC դպրոցը հայտարարեց ուսումնական տարվա պաշտոնական մեկնարկը: Տարածաշրջանում, ԱՊՀ-ում ու նույնիսկ Արեւելյան Եվրոպայում միակ միջազգային դպրոցում արդեն սովորում են հիսուն երկրների 96 աշակերտներ: Սա հիմա, իսկ հետո արդեն դպրոցում կկարողանա սովորել 650 աշակերտ:
Դեռ մի քանի ամիս առաջ Ալինան սովորում էր սովորական դպրոցում, հիմա ամեն ինչ անսովոր է, նույնիսկ սեղանների դասավորությունը: Wi-Fi-ի ու հանգստի սրահն է: Դիլիջանի դպրոցի աշակերտներն արդեն գիտեն, սա ամենaսիրելի հատվածներից է: Իջեւանցի աշակերտուհին ավագ դպրոցը որոշեց շարունակել հենց այստեղ` Դիլիջանում: Լեգենդը, թե այստեղ սովորելն անհնար է, աշակերտուհին չի հաստատում:
Սեփական ու նաեւ ուրիշների հաջողությանը հավատացողն է: Գործարար Ռուբեն Վարդանյանը չի թաքցնում հուզմունքը: Ինքն ու կինը երկար են սպասել այս օրվան: Չի նեղսրտում. իրեն ու իր տիկնոջը հաճախ Դոն Կիխոտի հետ են համեմատել: Բայց հողմաղացների դեմ պայքարը` հաջողությամբ կնքվեց: Դպրոցը արդեն բաց է:
Դպրոցի բացմանն ու նախագծի իրագործմանն առաջինը հավատացողներից մեկը Նախագահ Սարգսյանն է: Դպրոցի գաղափարի իրականացումը համընկավ Հայաստանի ռազմավարական նպատակների հետ: Մենք աշխարհին բնական պաշարներով ու ընդերքի հարստությամբ չենք զարմացնելու ու չենք մրցակցելու: Հայաստանը հայերի համար փոքր է: Ռուբեն Վարդանյանն այդ հայերից է: Նախագահ Սարգսյանը գիտի, մեծ ներդրումներով, բայց առանց շահույթի ամեն մեկը գործ չէր ձեռնարկի:
Մինչեւ ուսումնական տարին սկսելը` Ամենայն Հայոց կաթողիկոսը օծում է ու Աստծուն խնդրում` արտասահմանցի ու հայ աշակերտների բռնած գործին հաջողություն: Դպրոցի հաջողությանը ոչ միայն հավատում է, այլ նաեւ սպասում Ռուբեն Վարդանյանի կինը, գործընկերն ու Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի ղեկավարը` Վերոնիկա Զենեբենդը:
Դպրոցի հենց մուտքի մոտ` հաջորդ սերունդներն ու մյուս բոլոր հոգաբարձուները կկարողանան կարդալ առաջին նվիրատուների անունները: Նրանք այսօր արժանացան նաեւ նախագահական պարգեւների: Դպրոցի մասին Նախագահին ու նաեւ Հայաստանում գտնվող Սերբիայի նախագահին պատմում են հենց իրենք աշակերտները: Նրանց մեջ են նաեւ սերբ երեխաներ: Հայկական երազանքը` ունենալ համաշխարհային բոլոր չափանիշներին համապատասխանող դպրոց, արդեն իրականություն է: Նախագահ Սարգսյանը բարձրաձայնում է նաեւ իր ցանկությունը` դպրոցում պետք է սովորեն նաեւ ադրբեջանցի երեխաներ:
Տեսանյութը՝ այստեղ