Haytni.com-ը գրում է․
Սիրված երգիչ, բազում երգերի հեղինակ, տաղանդավոր անձնավորություն Արամեն այսօր նշում է իր տարեդարձը: 32-ամյա երգչին ճանաչում է ամբողջ հայ հասարակությունը, իսկ երկրպագուների մեծ բանակն էլ միշտ անհամբեր սպասում է նրա նոր կատարումներին ու տեսահոլովակներին և, ինչու չէ, երազում նաև մի օր իր սիրելի երգչին տեսնելու մասին: Սակայն այսօր միայն սիրված երգչի ծննդյան օրը չէ: Երկու տարի առաջ այս օրը Արամեն ինքն իր ծննդյան տոնին նվեր մատուցեց ու բացեց իր անվամբ կարաոկե ակումբը, որը դարձել է շատ երևանցիների սիրելի վայրը: Արամեն պատմել է Haytni.com-ին կարաոկեի ստեղծման, անվան և գործունեության մասին:
-Արամե, ինչպե՞ս առաջացավ կարաոկե բացելու գաղափարը և ինչու՞ այն կոչվեց հենց Ձեր անվամբ:
- Մի շարք երկներում շրջելով՝ մասնավորապես Ռուսաստանում, տարբեր ակումբներ տեսնելով, հասկանալով, որ կարաոկեն չի ասոցացվում միայն միկրոֆոնի մեջ գոռալու հետ, այլև՝ հետաքրքիր ժամանակ անցկացնելու ու հանգիստը վայելելու, մոտս հարց առաջացավ՝ ինչու՞ Հայաստանում էլ այսպիսի ակումբ չբացել, և ինչո՞ւ այն չլինի իմը: Ինչ վերաբերում է ակումբի անվան ընտրությանը՝ անունն ընտրել եմ ինքս, քանի որ այլ անվան դեպքում, այն ոչ մի կապ չէր ունենա իմ հետ և քչերը կիմանային այդ մասին:
-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընկերներն ու հարազատները այդ մտքին:
- Իմ հարազատները, ընտանքի անդամները, մի խոսքով բոլորն էլ կիսեցին իմ միտքը, ընդունեցին այն մեծ ուրախությամբ, վստահեցին ինձ և աջակցեցին ակումբի ստեղծման հետ կապված ցանկացած հարցում:
- Ինչո՞վ է տարբերվում Արամեն կարաոկե ակումբը մյուս ակումբներից:
- Չեմ կարող որևէ տարբերություն դնել «Արամե»-ի և մյուս ակումբների միջև, քանի որ չեմ եղել այլ կարաոկեներում, սակայն կարծում եմ, որ ամեն մի ակումբ ունի իր հետաքրքրությունն ու յուրովի տարբերվում է մյուսներից:
- Ո՞վ է զբաղվել ակումբի դիզայներական աշխատանքներով: - Ակումբի դիզայնով զբաղվել է Տաթևիկ Նիկոլյանը՝ դիզայներ Արամ Նիկոլյանի քույրը: Իսկ ինչ վերաբերում է ստեղծման աշխատանքերին, ապա ես ինքս իմ լուման եմ ունեցել, օգնել վարպետներին կառուցել կարաոկե ակումբը:
- Հայտնի երգչին հաճախակի՞ կարելի է տեսնել ակումբում: -Ցավոք՝ ոչ: Ես ակումբ եմ գալիս միայն ծնունդից ծնունդ, տոնից տոն: Սակայն ազատ ժամանակ ունենալու դեպքում անպայման այցելում եմ, քանի որ սիրում եմ հետևել այստեղ կատարվող իրադարձություններին:
-Արամե, արդյո՞ք արդարացան Ձեր սպասելիքները:
- Ակնկալիքներն ու սպասելիքները ավելացան, դեռ ավելին: Մենք ստացանք հանգիստ, ներդաշնակ և որակյալ հնչողությամբ մի ակումբ, որը դարձավ շատերի սիրված վայրը, իսկ դա ամենասպասված ակնկալիքն է: Ինչ վերաբերվում է բիզնեսին, ապա ակնկալիքները սպասվածից ավելի արդարացան: