Imyerevan.com-ը գրում է․

Անցյալ տարի անհայտ վանդալների զոհը դարձավ Երևանի ամենասիրված արձաններից մեկը՝ նախկին «Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնցիների պարը»: Եվ քանի դեռ հայտնի չէ հնարավոր կլինի՞ այն վերականգնել, թե ոչ, մենք ուսումնասիրում ենք արտասահմանյան վանդալների մեծ փորձը՝ Կոպենհագենից մինչև Սոֆիա:

Դեռևս մ.թ. 455-ին վանդալները, որոնք վաղ միջնադարում գոթերին մոտ արևելագերմանական ցեղախումբ էին, զավթեցին Հռոմն ու կողոպտեցին քաղաքը՝ իրենց հետ տանելով մեծ թվով արվեստի գործեր, թանկարժեք իրեր ու հազարավոր գերիներ՝ փրկագին ստանալու համար: Թեև արվեստի գործերին նրանք առանձնապես վնաս չտվեցին, բայց պիտակավորվեցին որպես անշնորհք ու վայրենի բարբարոսներ, որոնք մշակույթի հանդեպ հարգանք չունեն: Առօրյա գործածության մեջ «վանդալիզմ» տերմինը սկսեց դրվել ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ և 19-րդ դարում արդեն լայն կիրառություն ստացավ՝ նշանակելով արվեստի գործերի, ճարտարապետության, մշակույթի հուշարձանների անիմաստ, բայց միևնույն ժամանակ գիտակցված վնասում, պղծում կամ ոչնչացում: 20-րդ դարում վանդալիզմը շարունակում է ծաղկել և բարգավաճել:

Ջրահարս, Կոպենհագեն (Դանիա)
Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հերոսուհու արձանը, թերևս, վանդալների ամենասիրելի զոհերից է: 1913-ին Կոպենհագենի նավահան-
գստում տեղադրված արձանն այնքան հաճախ էտուժում ավազակների պատճառով, որ իշխանություններն արդեն մի քանի անգամ դիտարկել են արձանը ափից մի քիչ հեռու տանելու հարցը: 1964-ին ջրահարսին «գլխատեցին» մարքսիստական նկարիչները, 1984-ին երկու դեռահաս սղո-
ցեցին ձեռքը (թեև երկու օր հետո վերադարձրեցին): 1990-ին արձանի վզին 18 սմ լայնությամբ կտրվածք հայտնվեց. այս անգամ գլուխն առևան-
գելու փորձը ձախողվել էր՝ ի տարբերություն 1998-ի, երբ այն կրկին գողացվեց ու անհայտ անձանց կողմից վերադարձվեց որոշ ժամանակ անց: 2003-ին արձանը քարե պատվանդանից օդ թռավ պայթյունի արդյունքում, իսկ մեկ տարի անց ջրահարսին փարաջա հագցրեցին՝ ի նշան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դեմ բողոքի: Արձանը բազմիցս ներկել են տարբեր գույներով, հագին կրծկալ նկարել, իսկ 2006-ին մարտի 8-ի կապակցությամբ արձանի ձեռքը սեքս-խաղալիք էին դրել և պատվանդանին գրել «Մարտի 8»:

 

Դավիթ, Ֆլորենցիա (Իտալիա)
1501 թվականին հռչակավոր Միքելանջելո Բուանարոտին քանդակեց հանրահայտ Դավթի արձանը: 5,5 մետր բարձրությամբ քանդակը խորհրդանշում էր Ֆլորենցիայի անկախությունը ու կանգնեցվեց քաղաքի գլխավոր հրապարակում: Այդ ժամանակ Միքելանջելոն 29 տարեկան էր, և այնքան շատ էր նրա հանճարի հանդեպ նախանձը, որ արձանը տեղադրելու առաջին իսկ գիշերը «չուզողները» այն սկսեցին քարկոծել: Դրանից հետո մեկ ամբողջական մարմարի կտորից քանդակված և ավելի քան 6 տոննա քաշով Դավթի կողքին հսկիչներ հայտնվեցին: Այդուհանդերձ, որոշ վնասներ քանդակը կրեց նաև 1527-ին, երբ Ֆլորենցիայի պաշարման ժամանակ քաղաքում կրակոցներ սկսվեցին: Հետո տեղի ունեցավ կայծակահարություն, որից հետո՝ 1873-ին, տեղափոխվեց Գեղարվեստի ակադեմիայի գլխավոր սրահ, որպեսզի պաշտպանվի արևի, քամու և անձրևի ավերիչ ազդեցությունից: Փոխարենը արձանը չկարողացան պաշտպանել վանդալիզմից: 1991-ին իտալացի նկարիչ Պյեռո Կաննատան ոչ սթափ վիճակում մոտեցավ արձանին, հանեց ժակետի մեջ պահած մուրճն ու սկսեց հարվածել: Մինչ հսկիչները կհասցնեին հեռու տանել վանդալին, «Դավիթը» զրկվեց ոտքի միջնամատից, որը կարճ ժամանակ անց վերականգնեցին:

Մտածողը
2011 թվականին Ռոդենի 22 «Մտածողներից» մեկը՝ Բուենոս-Այրեսում քաղաքի գլխավոր հրապարակում տեղադրվածը, անհայտ անձանց կողմից ներկվել էր վարդագույնով, մազերը կանաչ էին դարձել, իսկ ուսին դաջվածք էր հայտնվել:

Բուդդաներ
2001 թվականին Աֆղանստանում իր մասշտաբներով աննախադեպ վանդալիզմի դրսևորում տեղի ունեցավ, երբ գրեթե ոչնչացվեցին Բուդդայի երկու հնագույն արձաններ: Այդ ժամանակ երկրում իշխանության գլխին թալիբներն էին՝ ծայրահեղական իսլամիստական շարժման ներկայացուցիչներ, որոնք իրենց կողմից վերահսկվող տարածքում չուզեցին հանդուրժել կռապաշտությունը: Աֆղանստանի Բամիան կենտրոնական նահանգում այդ երկու արձանները հայտնվել են դեռևս հնդկական Աշոկա արքայի օրոք՝ 3-րդ դարում և գրեթե երկու հազարամյակ նրանց ոչ ոք մատով չէր դիպել: Չնայած միջազգային հանրության դժգոհություններին՝ թալիբական զինված կազմավորումները 2001 թվականի մարտի 2-ին սկսեցին Բուդդայի արձանների ոչնչացումը՝ գնդակահարելով, հրթիռներով, ականներ պայթեցնելով, մինչև որ արձաններից միայն ավերակներ մնացին:

Չնայած դրան, 2003 թվականին Բամիանի հովտի բուդդայական կառույցները, այդ թվում՝ նախկին արձանների որմնախորշերն ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում։ Անգամ նախագծեր էին մշակվում արձանների վերակառուցման համար, բայց մի քանի տարի տևած քննարկումներից հետո այդ մտքից հրաժարվեցին թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական նկատառումներով, քանի որ մարդկանց հետաքրքրում են թեկուզև վնասված, բայց օրիգինալ հուշարձանները, այլ ոչ թե կրկնօրինակները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել